«Մենք չենք կարող եւ չպետք է Հարավային Կովկասը հանձնենք այլ խաղացողների»՝ ուղերձ ԵՄ-ից
Անցյալ շաբաթ բավական ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաեւ ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, եւ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տարածաշրջանային այց կատարեցին։
Նրանց այցը լիազորված էր Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից եւ նպատակ ուներ վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը: Նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում առաջին անգամ էր տեղի ունենում:
Ավստրիայի, Ռումինիայի եւ Լիտվայի ԱԳ նախարարները տարածաշրջան այցի մեկնարկին համատեղ ասուլիս էին տվել Բուխարեստի օդանավակայանում։ «Հարավային Կովկասի կայունությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը շատ սերտ կապ ունի Եվրամիության կայունության, խաղաղության ու բարեկեցության հետ: Դա շատ պարզ է, այդ տարածաշրջանը մեր մերձավոր հարեւանն է, մենք պետք է ներգրավված լինենք», – ասել էր Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, նշելով, որ ԵՄ-ն պետք է մասնակցի տարածաշրջանում ընթացող պրոցեսներին: «Մենք այնտեղ շահեր ունենք, մենք չենք կարող եւ չպետք է Հարավային Կովկասը հանձնենք այլ խաղացողների»,- հստակ նշել էր Ավստրիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով` անցած տարվա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե որքան անկայուն է իրավիճակը տարածաշրջանում, թե որքան դաժանորեն, որքան արագորեն կարող են բռնկվել սառեցված հակամարտությունները. «Մենք հավատում ենք, որ Եվրամիությունը, համագործակցելով ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ ինստիտուտների հետ, կարող է խաղաղության իր ներդրումն ունենալ տարածաշրջանում, նպաստել փոխվստահության ձեւավորմանը, քաղաքական գործընթացին հասնելու համար կայուն եւ հարատեւ կարգավորման»։ «Ղարաբաղի վերքերը պետք է բուժվեն, այլապես հետագայում մենք կարող ենք բախվել ավելի մեծ խնդիրների»,- ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը:
Կարդացեք նաև
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսն իր հերթին ընդգծել էր, որ տարածաշրջան են մեկնում Եվրամիության ներգրավվածության հստակ ուղերձով, եւ որ այցը կատարվում է ճիշտ ժամանակին։ Նա երկու հանգամանք էր մատնանշել` պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը դեռ լուծված չէ. «Մենք կարող ենք խոսել երկու երկրների առաջնորդների հետ, ճանապարհներ փնտրել լուծում գտնելու համար։ Կարծում եմ` Եվրամիությունն այստեղ դերակատարություն ունի»: Եվրամիության պատվիրակության այցը ճիշտ ժամանակին կատարելու երկրորդ պահը Լիտվայի ԱԳ նախարարը նշել է հայաստանյան ընտրությունների ավարտը. «Հայաստանում հենց նոր ընտրություններ անցկացվեցին, որտեղ ժողովուրդն աջակցեց ժողովրդավարամետ ուժերին, ինչն ավելի է ուժեղացնում Հայաստանը, ու հիմա գերազանց հնարավորություն է Հայաստանի առաջնորդների հետ քննարկումների համար»։ Իսկ Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն ասել էր, որ երկար ձգվող հակամարտությունների կարգավորման գործում Եվրամիության դերակատարությունն աճում է։
Այսպես, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի մանդատով կատարվող տարածաշրջանային այցի՝ երեք մայրաքաղաքներ այցելության մեկնարկին հստակ տրվեցին ուղերձներ: ԵՄ-ն առաջիկայում կճշգրտի իր գործունեությունը մեր տարածաշրջանում եւ այս այցը, ըստ ամենայնի, այդ գործընթացում հարավկովկասյան երկրների իշխանությունների տրամադրությունները ստուգելուն էր ուղղված:
«Չկա խաղաղության պայմանագիր, չկա խաղաղություն Հարավային Կովկասում», Ալիեւի ուղերձը՝ ԵՄ պատվիրակության անդամներին
Բուխարեստի օդանավակայանում կայացած մամուլի համատեղ ասուլիսից հետո ԵՄ երեք արտգործնախարարները եւ նրանց ուղեկցող դիվանագետները Ռումինիայի ռազմաօդային ուժերի կողմից հատկացված օդանավով ուղեւորվեցին Բաքու, որտեղ նրանք հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հետաքրքիր մտքերի փոխանակում տեղի ունեցավ Ավստրիայի, Ռումինիայի ու Լիտվայի արտգործնախարարների հետ։ Մենք խոսեցինք տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասին»,- Թվիթերում գրել էր Ջեյհուն Բայրամովը։
Ղարաբաղյան խնդիրն «արդեն կարգավորված է, եւ այստեղ քննարկելու թեմա չկա», Ռումինիայի, Ավստրիայի եւ Լիտվայի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությանն ընդունելիս նշել էր Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, թե Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո Բաքուն դրական պատասխան է ակնկալում Երեւանից խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում: «Չկա խաղաղության պայմանագիր, չկա խաղաղություն Հարավային Կովկասում», – հավելել էր Իլհամ Ալիեւը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ակտիվությանը մեր տարածաշրջանում, ըստ ամենայնի, ԵՄ-ում գիտակցում են, որ ինչ-որ կերպ պետք է արձագանքել եւ առավել ակտիվ աշխատանք տանել հարավկովկասյան երկրներում: Թուրքիան ու Ադրբեջանն ակնհայտորեն բռնել են՝ Ռուսաստանի հետ իրենց հարցերը լուծելու դիրք եւ կարելի է ասել՝ առայժմ հաջողություններ են գրանցում: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պարբերաբար քննարկում են հետպատերազմյան հարցեր, ավելին՝ Անկարան Բաքվի հետ արդեն իսկ կնքած ռազմաքաղաքական դաշինքի պայմաններում՝ այլ հնարավոր հարցերում Ռուսաստանի համաձայնությունը ստանալու բաց հայտարարություններ է անում: Թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի համար հստակ է, որ հետպատերազմյան շրջանում Թուրքիան ամրապնդվում է Հարավային Կովկասում, արդեն իսկ խոսելով Ադրբեջանում թուրքական բազայի հնարավորության մասին։
Սակայն Անկարան միայն Մոսկվայի հետ չի իր խաղը առաջ մղում: Մենք ականատես դարձանք թուրք-ամերիկյան եւ թուրք-եվրոպական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու Անկարայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի նոր հայտարարությունների։ Օրերս Թուրքիայի նախագահը նշեց, թե իր եւ ԱՄՆ նախագահի վերջերս կայացած հանդիպումից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում։
Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելու մասին նշվել է նաեւ 2021թ. հունիսի 24-ի ԵՄ գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ հռչակագրում։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ԵՄ-ի առաջնորդները «տեխնիկական աշխատանքներ» են սկսել Թուրքիայի հետ Մաքսային միության թարմացման ուղղությամբ, եւ որ Բրյուսելը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակով երկխոսության` միգրացիայի, առողջապահության, կլիմայի, ահաբեկչության դեմ պայքարի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Թուրքիայի կողմից Եվրամիության, ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ մերձեցման այս նոր հայտերը դուր կգա՞ն Մոսկվային, վստահաբար ոչ, բայց թե ինչպես դա կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ցույց կտա ժամանակը:
Ահա, այս պայմաններում կայացավ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների` Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի լիազորած այցը Բաքու, Երեւան եւ Թբիլիսի:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.06.2021