Վահե Մինասյանը Երազ այգու հետ միասին կրկին Պաղպաղակի փառատոն է կազմակերպել, որ կկայանա հուլիսի 6-ին Երազ այգում: «Հենց սկզբից մտածում էի անցկացնել որեւէ տարբերվող, ժամանցային միջոցառում, որը հետաքրքիր կլիներ եւ երեխաների, եւ մեծահասակների համար: Արտասահմանյան միջոցառումներն ուսումնասիրելուց, տարբեր գաղափարներ քննարկելուց հետո որոշվեց, որ ամռանն ամենահաճելի ու ուրախ ժամանցը կարող ենք կապել պաղպաղակի թեմայով, քանի որ պաղպաղակ սիրում են եւ մեծերը, եւ փոքրերը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի համակազմակերպիչը:
Հավելեց, որ միջոցառումը հետաքրքիր եւ լայնամասշտաբ անցկացնելու համար որոշել են ներգրավել պաղպաղակ վաճառող առաջատար բրենդներ, կազմակերպել հետաքրքիր շոու ծրագիր եւ տոն պարգեւել Երազ այգու հաճախորդներին: «Արդեն երեք տարի շարունակ Պաղպաղակի փառատոնն անցկացվում է այնտեղ, քանի որ շատ կարեւոր է, որ երեխաներն այցելեն անվտանգ, մաքուր ու հոգեհարազատ դարձած միջավայր: Իր տեսակով Երազ այգին հանրապետությունում լավագույն տարբերակն է նման միջոցառումների անցկացման համար»,-հավելեց մեր զրուցակիցը: «Պաղպաղակի փառատոն անցկացնելն արդեն իսկ հետաքրքիր է, սակայն միայն պաղպաղակի վաճառքն ու հյուրասիրությունը բավական չէ տոնական օր ունենալու համար: Լինելու է հագեցած շոու ծրագիր, մուլտհերոսներ, երեխաների սիրելի կերպարների մասնակցություն: Իսկ օրն ավելի ժամանցային ու հաճելի կդարձնեն խաղերը, մրցույթները, որի արդյունքում կլինեն հաղթողներ, համապատասխանաբար շահումներ ու նվերներ»,-նշեց Վահե Մինասյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.06.2021