Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակահերոսը՝ որպես իշխանության վերարտադրման խթան

Հունիս 30,2021 14:30

«Թշնամու կերպարը» կերտելու առանձնահատկությունները

2014 թվականի հուլիսի 13-ին եւ 14-ին ռուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին ռուսաստանյան 1-ին ալիքի նորություններում ցուցադրվեց մի ռեպորտաժ, որում մի կին պատմում էր, թե իբր տեսել է՝ ինչպես են Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի հրապարակում ուկրաինացի զինծառայողները խաչում երեք տարեկան երեխայի: Միլիոնավոր ռուսաստանցիներ հավատացին այդ կեղծ լուրին եւ է՛լ ավելի մեծ ատելությամբ լցվեցին ուկրաինացիների հանդեպ: (Իհարկե, զուտ մարդկայնորեն կարելի է զարմանալ, թե ինչպես բարեկամ, սլավոնական, ուղղափառ ժողովուրդները կարողացան այդ աստիճանի թշնամանալ):

Այդ ցինիկ կեղծարարությանը հավատացողների մտքով չանցավ հարցնել.

1/ եթե այդ «դեպքը» տեղի էր ունենում հրապարակում, մի քանի հարյուր մարդու աչքի առաջ, ապա ինչպե՞ս ստացվեց, որ ականատեսը միայն մեկն է,

2/ մի՞թե այդ ականատեսներից ոչ մեկը, թեկուզ նույն այդ կինը չուներ ձեռքին հեռախոս, որ կարողանար գոնե մեկ լուսանկար կամ կարճ տեսագրություն աներ:

Մարդկանց այդ ամենը պետք չէր, քանի որ «թշնամու» կերպարն արդեն իսկ կերտված էր:

Իհարկե, ցանկացած տեղեկատվական պատերազմ ուղեկցվում է հակառակորդի «դեմոնացմամբ»՝ այդպիսով ամրապնդելով սեփական ժողովրդի եւ «համաշխարհային հանրության» աչքերում թշնամու կերպարը: 1853-56 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ (որի արդյունքներով, ի դեպ, ռուսական կողմը Օսմանյան կայսրությանը հանձնեց Կարսը՝ փոխարենը հետ ստանալով թուրքերի կողմից գրավված Սեւաստոպոլը եւ Ղրիմի այլ քաղաքներ) բրիտանացի քարոզիչները լուրեր էին տարածում, իբր ջրում հայտնված վիրավոր թուրք զինվորներին ռուսները գնդակահարում են:

Եթե հիշենք «ժանրի դասականներին», ապա հնարավոր չէ շրջանցել Յոզեֆ Գեբելսին: 1930 թվականին, երբ նացիստները դեռեւս իշխանության մեջ չէին, կոմունիստները սպանեցին նացիստական ակտիվիստ, բանաստեղծ Հորստ Վեսելին, եւ Գեբելսը նրան հռչակեց «նացիոնալ-սոցիալիզմի Քրիստոս»: 1944 թվականին Արեւելյան Պրուսիայի Նեմերսդորֆ քաղաքի մոտ Խորհրդային բանակը գնդակահարեց 11 գերմանացի խաղաղ բնակչի: Դրա վրա հիմնվելով՝ Գեբելսի քարոզչությունը մի ամբողջ էպիկական պատկեր բեմադրեց. իբր 60 գերմանացի կին բռնաբարվեցին, խեղվեցին, իսկ այնուհետեւ սպանվեցին:

Ներքին քաղաքական քարոզչությունը նույնպես ենթարկվում է այս ընդհանուր օրինաչափություններին: Անցած ընտրությունների ժամանակ իշխանության հաղթանակի համար պետք էր հակահերոս, մի թշնամու կերպար, որի վերադարձի վախից մարդիկ դրդվեն իշխանամետ քվեարկության՝ մոռանալով այսօրվա իշխանությունների բերած բոլոր փորձանքները: Հակահերոսի դերը (հավանաբար, չգիտակցելով դա) ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը: Այդ դերի համար ավելի հարմար թեկնածու հնարավոր չէր գտնել՝ նրան վերաբերվող, այսպես ասենք՝ տհաճ արարքների առնվազն կեսն իրական է, ապացուցված: Այսպես, օրինակ, 2003 թվականի ընտրությունների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները, կալանավորումը, դատապարտումը քննվել է ՄԻԵԴ-ում եւ Հայաստանի դեմ մի քանի տասնյակ որոշումներ են կայացվել: Մնացածը չթվարկեմ՝ Քոչարյանի «քաջագործությունների» մասին կարելի է մի քանի հոդված գրել:

Ակնհայտ է, մի խոսքով, որ Ռոբերտ Քոչարյանը «բոբո»-ի իդեալական թեկնածու էր, որն իր հակավարկանիշով «կհամախմբեր» իր անձի եւ գործունեության հանդեպ հակակրանք ունեցողներին: Իհարկե, որոշակի դեր խաղաց նաեւ վերը նկարագրված դեմոնիզացիան, բայց, կարծում եմ, պարզ է, որ երկրորդ նախագահի դեպքում այդ դեմոնիզացիայի համար կային որոշակի փաստացի հիմքեր:

Քաղաքական տեխնոլոգիաների նրբությունները նրանում են, որ եթե կա թշնամու կերպար, բոլոր տեսակի երանգները, այլընտրանքները վերանում են: Այդ պարագայում զուտ քարոզչական առումով գործում էին այն մեխանիզմները, որոնք սովորաբար գործում են պատերազմների պարագայում. կա թշնամի եւ կա մեկը, որը կարող է այդ թշնամու ճանապարհը փակել: Միայն քվեարկողների մոտ 20 տոկոսն է մտածել, որ գոյություն ունեն այլ տարբերակներ: Իսկ թե ինչ են մտածել ընտրողների 50 տոկոսը, որոնք հրաժարվել էին գալ ընտրական տեղամասեր, հայտնի չէ: Բայց ենթադրում եմ, որ նրանցից շատերին նույնպես դուր չի եկել Քոչարյան-Փաշինյան այլընտրանքը:

Խնդիրն այն է, որ այս ամենը ոչ մեկի համար դաս չի լինի: Հաջորդ ընտրությունների ժամանակ նույնպես կգտնվի մի հակահերոս, որից «թշնամու կերպար» կսարքեն, եւ իշխանություններն ու նրանց քծնողները (որոնք երբեմն ծխածածկույթ ստեղծելու համար ներկայանում են որպես «այլ քաղաքական ուժեր») կսկսեն աղաղակել՝ «եկե՜ք, հասե՜ք, ժողովուրդ, նախկինները ձգտում են ռեւանշի»: Այդ «ռեւանշից» դարձյալ ոչ մի բան չի ստացվի, փոխարենը քաղաքական բանավեճը կշրջանցի բոլոր լուրջ թեմաներն ու մարտահրավերները եւ դարձյալ կամփոփվի «ներկաներ-նախկիններ» տաղտկալի դիսկուրսի շուրջ: Արդյունքում կմնա այս ապաշնորհ եւ ձախողակ իշխանությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Դաշտը մաքրեք ղարաբաղյան կլանից և հակահերոս դժվար կգտնվի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930