Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1,5 տարի հետո Ռոբերտ Քոչարյանը նոր արտահերթ ընտրություններ է կանխատեսում

Հունիս 29,2021 22:22

«Ակնհայտ է, որ քվեարկության վրա ազդել է սոցիալական հատկանիշով բեւեռացումը մեր հասարակության մոտ. սա փաստ է, վատ փաստ է, այդպես չպետք է լիներ»,- այսօր կայացած «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`հավելելով, որ «դասակարգային հատկանիշով բեւեռացումը» առաջացել է գործող իշխանության քարոզի արդյունքում, բայց ամեն ինչ պետք է անել այն չեզոքացնելու համար, քանի որ դա վտանգավոր բեւեռացում է: Ռոբերտ Քոչարյանը կրկնեց իր համոզմունքը, որ քվեարկության նման արդյունքը նաեւ «նախկինների» վերադարձի վտանգի «շնորհիվ» էր, քանի որ երեք նախկին նախագահներն իրենց դեմքով ընտրական գործընթացի մեջ էին: Քվեարկության նման արդյունքի երրորդ պատճառը երկրորդ նախագահը համարում է այն, որ 2018-ին Հայաստանում քանդվեց նաեւ «կարծիք ձեւավորողների բնական ինստիտուտը» ու դրա արդյունքն այն է, որ «շատ հայտնի դեմքեր իրենց գյուղերում պարտություն են կրել»:

Այս ընտրություններում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ժողովուրդը տեղեկատվական ուժեղ ճնշման է ենթարկվել, «կարծիք ձեւավորողների բնական ինստիտուտի» բացակայությունն էլ նպաստել է դիմադրողականության անկման: Այս համատեքստում նա պատմեց, որ իր թիմակիցներն իրեն զեկուցել են, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր համոզված են, որ վարչապետին նախկինները պարտադրել են ստորագրել նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունը, որ «մենք պիստալետով դրել ենք…». «Իմ քարոզիչին ասում են`լավ, որ ասում եք Քոչարյանը լավն է, ինչո՞ւ իր պադվալի դռները չի բացում եւ գերիներին բաց չի թողնում: Դուք պատկերացնո՞ւմ եք աստիճանը: Կամ`ասում են, եթե լավն է Քոչարյանը, ինչո՞ւ Զատիկին բոլոր հավկիթներն առավ եւ մենք հավկիթի դեֆիցիտ ունեցանք: Այդպիսի օրինակներ ես կարող եմ բերել շատ եւ բավականաչափ մարդիկ դրան հավատում են: Տեսեք, թե ինչպիսի պրիմիտիվիզացման մակարդակի է հասցվել մեր հասարակությունը, որ հնարավոր է այս կարգի մանիպուլյացիաներով իրենց վրա ազդել: Սա ես համարում եմ տեղեկատվական ահաբեկչություն, ոչ թե իմ նկատմամբ, կամ «Հայաստան» դաշինքի: Սա ահաբեկչություն է սեփական ժողովրդի եւ մարդկային բանականության նկատմամբ եւ հավատալ, որ մենք կարող ենք ունենալ իսկապես պայծառ ապագա այսպիսի իրավիճակում, կասկածելի է: Ապագայում մեր խնդիրներից մեկը պետք է լինի`անել ամեն ինչ այս վիճակից մեր հասարակության մի մասը, թեկուզ փոքր մասը, հանելու համար»:

Խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, «Հայաստան» դաշինքն ունի իշխանության «բեզպրեդելը փակելու համար» լավ հնարավորություն, սա կարեւոր գործիքակազմ է համարում, որին իրենք տեր են լինելու:

Ի՞նչ հարց է լուծվել այս ընտրությունների ընթացքում`իր իսկ հնչեցրած հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ պատերազմում պարտության, հազարավոր զոհերի եւ կորուստների արդյունքում առաջացած ներքաղաքական ճգնաժամը այս ընտրություններով չի կարգավորվել. «Քանի որ նույն թիմը, որը որ պատճառ էր հանդիսացել այս ճգնաժամի, մնացել է նույն տեղում: Ըստ էության, ինչի համար որ կազմակերպվել էին այս ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել: Սա նշանակում է, որ մենք չենք ունենալու պատասխաններ հարցին`ինչո՞ւ ենք պարտվել, ինչո՞ւ ենք հինգ հազար զոհ տվել, պատասխաններ չենք ստանալու, թե ո՞նց ենք կորցրել Շուշին եւ Հադրութը եւ այն կասկածները, որոնք եղել են Ղարաբաղի դիմաց հինգ միլիարդ գումարի մասին, մնալու են»: Այս բոլոր հարցերի պատասխանների չգոյության դեպքում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանում հնարավոր չի լինելու ապրել համերաշխ եւ ներքաղաքական կայունության պայմաններում: Նրա գնահատմամբ, մենք շարունակում ենք մնալ ճգնաժամի մեջ եւ «Հայաստան» դաշինքն այն ուժն է, որը պայքարելու է ճգնաժամը հաղթահարելու համար:

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաեւ իշխանության անելիքներից`ասելով, որ դրա համար կա երկու ճանապարհ: Առաջինը`շարունակել մինչ օրս արածը. «Ռեպրեսիաներ, հետապնդումներ, քայլեր, որոնք առավել հետաքրքիր են Բաքվի եւ Անկարայի համար, Հայաստանի շահերից չբխող քայլեր»: Հաջորդը`դասեր քաղել կատարվածից եւ կտրականապես փոխել քաղաքականությունը. «Այդ հնարավորությունն իրենք ունեին, բայց ակնհայտ է, որ իրենք ընտրել են առաջին ճանապարհը»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, այս իշխանություն իր վարքագծով եւ նույն կադրային բանկով չի կարողանալու լուծել խնդիրները, մանավանդ, չեն էլ հասկացել, որ առկա խնդիրների պատճառը եղել է իրենց աշխատանքի ոճը եւ աշխարհայացքները. «Իրենք չարացած են, շարունակելու են հետապնդումները եւ համոզված եմ, որ դա բերելու է նոր արտահերթ ընտրությունների: Քանի որ այս իշխանությունը խնդիրներ լուծող չէ, այլ խնդիրներ ստեղծող է, իմ կանխատեսումներով, մենք արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտավորապես 1,5 տարի հետո»:

Այս պարագայում «Հայաստան» դաշինքի անելիքները լինելու է`հանգիստ չթողնել այն իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը, հինգ հազար զոհերի, Շուշիի եւ Հադրութի կորստի եւ առաջին հերթին հանգիստ չեն թողնելու, քանի որ իշխանությունը չի ընդունում այդ ամենում իր մեղքը. «Մենք ցույց ենք տալու, թե ո՞վ է մեղավոր եւ ինչպե՞ս է ամեն ինչ կատարվել, այս արհավիրքը ինչպե՞ս է կախվել մեր երկրի գլխին: Սա արհեստածին պատերազմ էր, մենք սա ապացուցելու ենք»:

«Հայաստան» դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն եւ օգտագործելու է օրենքներով սահմանված բոլոր գործիքները, վերականգնելու են հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ`փակելով իշխանության հետ ընդդիմության գործարքների գնալու էջը, ապացուցելու են, որ կոռուպցիայի մասին ամենից շատ խոսող այս իշխանությունն իրականում ամենակոռումպացվածն է, խորհրդարանական աշխատանքը համատեղվելու է փողոցային պայքարի եւ լրատվական դաշտի աշխատանքի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930