Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ ՍԴ-ում հետաքրքիր փաստեր են բացահայտվելու

Հունիս 29,2021 21:33

«Մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված եւ ես հպարտ եմ, որ արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը: Սա մեծ արժեք է եւ բոլորս դա պետք է գնահատենք»,- այսօր կայացած «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`շնորհակալություն հայտնելով եւ մարդկանց, որ իրենց ընտրել են, եւ թիմին, որը անկախ ամեն ինչից նվիրված ու պատասխանատու աշխատել է:

Իր ելույթը Ռոբերտ Քոչարյանը անվանեց զրույց`թիմակիցների հետ: Նա կրկին ասաց, որ ընտրությունների արդյունքները անսպասելի էին, քանի որ իրենց կանխատեսումները մի քիչ այլ են եղել, նաեւ հարցումներն էին այլ պատկեր արտացոլում: Նման անհամապատասխանությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, երկու բացատրություն ունի. կամ մարդիկ թաքցնում են իրենց մտածածը, չեն ասում այդ մասին, ինչը նա վատ է համարում պետության համար եւ դա ցուցիչ է համարում, որ երկրում մթնոլորտն այպիսին է, որ քաղաքացին խուսափում է ազատ կարծիք հայտնելուց. «Մտահոգություններ ունի. աշխատում է բյուջետային համակարգում կամ այլ-այլ վտանգներից ելնելով չի ասում այն, ինչը ինքը մտածում է»:

Կամ` երկրորդ տարբերակը`ընտրությունների ժամանակ, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ աշխատել է ընտրակեղծիքների այնպիսի մեքենա, որը կեղծիքների բավական մեծ ծավալ է ապահովել. «Ես չեմ ուզում մտնել այս հարցի մեջ, բայց մեր գնահատականներով, մոտավորապես 200 հազար ձայները կասկածելի են»: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՍԴ-ի դիմումում բավական հետաքրքիր փաստեր կան, որոնց հետ կապված զարգացումներն արդեն ՍԴ-ում հասկանալի կլինեն:

Այս ընտրությունների յուրահատկությունը Ռոբերտ Քոչարյանը համարում է այն, որ իշխանությունը գնացել է ընտրությունների`չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ եւ գերեվարվածներ, անօթեւան մնացածներ եւ առողջ հասարակությունը չպետք է քվեարկեր այդպիսի իշխանությանը`վերընտրության համար. «Ուղակի տրամաբանական չէ, եթե խոսքը գնում է առողջ հասարակության մասին»:

Հաջորդ յուրահատկությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի այն է, որ քարոզարշավի ժամանակ իշխանական ուժը չէր խոսում ապագայի ծրագրերի եւ ժողովրդավարության մասին. վերջինս, ի դեպ, 2018-ի հեղափոխության հիմնական շարժիչն էր. «Կարգախոսը եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչինչ չկար»:

Մյուս առանձնահատկությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի այն էր, որ իշխող թիմի հավաքները բազմամարդ չէին եւ շատ-շատ հեռու էին 2018-ի իրենց ցույցերի էներգետիկայից. «Մեր, ամենից թույլ`էներգետիկայի առումով, հավաքը ավելի ուժեղ էր, քան իրենց ամենաուժեղ հավաքը»: Ամենակարեւոր տարբերությունն, ըստ երկրորդ նախագահի, այն է, որ 2018-ին մարդիկ քվեարկում էին ապագայի նկատմամբ մեծ հույսով եւ հավատով, որ կլինեն դրական փոփոխություններ, որ վերելք է ապրելու երկիրը, որի շահառուները լինելու են ՀՀ քաղաքացիները: Այս ընտրություններն, ըստ նրա, ճիշտ հակառակ պատկերն էին եւ բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ ունենք դեպրեսիվ հասարակություն, իսկ հույս եւ հավատ ներշնչելու առաքելությունն այս ընտրություններում «Հայաստան» դաշինքն էր իր վրա վերցրել: «Մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչի համար էին իրենք ընտրում այս իշխանությանը: Սա եղել է իռացիոնալ քվեարկություն եւ այս քվեարկությունը կարիք ունի սոցիոլոգների բացատրությանը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը`ենթադրելով`կամ ունենք հասարակություն, որը զրկված է ինքնապաշտպանական բնազդից եւ հայրենասիրությունից, կամ այդ հասարակությունը շարունակում է մնալ խորը մոլորության մեջ`զոհերի, վիրավորների, հողային կորուստների մեջ վարչապետի պաշտոնակատարի անձնական մեղքի մասով: Իր կարծիքով, առավելապես երկրորդ գործոնն է աշխատում:

«Հայաստան» դաշինքի ընտրողները, ըստ Ռոբերտ Քոչարյանի, բացահայտ եւ փաստարկված բացատրում են իրենց ընտրությունը եւ քվեարկել են համոզմունքով, ինչը նշանակում է, որ իրենք ունեն կայուն ընտրազանգված եւ դա իրենց պարտավորեցնում է հստակ վարքագիծ, որ իրավունք չունեն շեղվելու որդեգրած մոտեցումներից եւ չեն կարող դավաճանել այդ մարդկանց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930