Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բարոյական չէ, դագաղը էնդեղ դրած՝ քաղաքական թեմաներով խոսաս, փոխանակ մխիթարես»․ Տեր Ահարոն

Հունիս 29,2021 21:21

«Ես Աստծո դատաստանի եմ սպասում։ Ես հոգեւոր ծառայություն եմ մատուցում եւ ամեն ինչ Աստծո դատաստանին է»,–Aravot.am–ի հետ հեռախոսազրույցում ասաց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Ստելլա Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Ըստ գրառման, հոգեւոր հայրը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներից մեկի վերջին հրաժեշտի ժամանակ դրսեւորել է ոչ պարկեշտ վարքագիծ։ «Խնկամանը թափահարելով՝ առաջին նախադասությունն այս ասաց՝ երեք տարի ծափ տվիք, օրեր առաջ կրկին ընտրեցիք եւ այս է արդյունքը, դուք եք մեղավոր…»,- մասնավորապես գրել է Ստելլա Սարուխանյանը։

Տեր Ահարոնի խոսքով՝ այդ կինը ընդհանրապես կապ չուներ գորիսեցի ընտանիքի հետ։ «Նոր Խարբերդից է, Երեւան է ամուսնացել, հատուկ բերել էին դրա համար, որ նման ինչ–որ բան կազմակերպի։ Անկյունից նկարել է ինձ, եթե նման բան եմ ասել, ինչո՞ւ է մենակ նկար տարածել, թող տեսաձայնագրություն աներ։ Էլի եմ ասում, ես նման արտահայտություն չեմ արել»,-նշում է Տեր Ահարոնը։ Վերջինս հերքեց այն տեղեկությունները, որ իբր իրեն զոհված զինվորի հարազատները հանել են տնից, չեն թույլատրել արարողակարգը ավարտին հասցնի։ «Ես ավարտեցի արարողակարգը, ոչ մեկը ինձ տնից չի հանել»,-նշում է Տեր Ահարոնը։

Անկախ քաղաքական իր հայացքներից Տեր Ահարոնը սգո արարողության ժամանակ անգամ ծանոթների հետ ոչինչ չի խոսել։ «Մարդիկ վշտի մեջ են։ Իրենց երեխուն հոկտեմբերի 27-ից կորցրել են, հույս են ունեցել, որ մի օր կգա ու պարզվում է՝ որդին զոհվել է։ Մտնես իրենց տուն ու խոսես քաղաքականությունի՞ց։ Բարոյական չէ՝ դագաղը էնդեղ դրած, քաղաքական թեմաներով խոսաս, փոխանակ մխիթարես»,–ասում է Տեր Ահարոնը։

Տարածված բոլոր տեղեկությունները Տեր Ահարոնը «ոտից գլուխ կեղծիք» է համարում։

«Եթե մարդ բառը հետադարձ կարդում ես լինում է դրամ։ Եթե մարդը սկսում է դրամով մտածել, դադարում է մարդ լինելուց։ Ես չգիտեմ ինքն այդպես է մտածում թե չէ, Քրիստոսը ասում է մարդկանց՝ իրենց գործերից պիտի ճանաչենք»,–ասում է Տեր Ահարոնը։

Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվի խոսքով, «խավարը չի ուզի լույս լինի» եւ ինքը թեթեւ է տանում, քանի որ նման արտահայտություն երբեք իրեն թույլ չէր տալ ասելու։ Տեր Ահարոնը նաեւ տեղյակ չէ՝ արդյո՞ք բողոքել են Մայր Աթոռ։ «Ամեն ինչ Աստծո դատաստանին, նորից եմ կրկնում»,-եզրափակեց Տեր Ահարոնը։

Ի դեպ, Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հունիսի 8-ին  մասնակցել է «Հայաստան» դաշինքի հավաքին ու ելույթ է ունեցել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Անկախ կողմնորոշումից, քաղաքականության մեջ քիթը խոթած հոգևորականը կարգալույծ պետք է արվի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930