ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ու ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդես եկան համատեղ ասուլիսով: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ԳԱԱ նախագահության անդամները փոխվել են, 7 անդամներ վերընտրվել են՝ հին անդամների հետ միասին: «Պարոն Սաղյանը ներկայացրել է իր ծրագիրը, որը միանգամայն բավարարում է մեր ընդհանուր ժողովի մասնակիցներին, հուսով ենք , որ նա այդ եւ այլ ծրագրերի միջոցով կնպաստի գիտության զարգացմանը Հայաստանում, մանավանդ որ այսօր մեր գիտության առաջ դրված են խնդիրներ՝ կապված տնտեսության զարգացման, պաշտպանության համակարգերի հետ»,-ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Պատասխանելով տարիներ առաջ իր կողմից հնչեցրած այն արտահայտության վերաբերյալ հարցին, որ «ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել», Ռադիկ Մարտիրոսյանը նշեց. «Դուք հիշում եք մի թյուրիմացություն, որը կոնտեքստից կտրված է եղել, խոսքը եղել է հետեւյալի մասին՝ եթե մենք խոսում ենք ռազմաարդյունաբերական համալիրի մասին, դրա համար պիտի ունենանք հզոր ներուժ, որովհետեւ զենք արտադրելը սահմանափակ հնարավորություններով երկրի խնդիր չի կարող լինել»:
«Ինչ վերաբերվում է ռազմարդյունաբերական բլոկին, դա կարեւոր խնդիր է, ՀՀ ԳԱԱ-ն վերջին տարիներին արդյունավետ աշխատում է այս ուղղությամբ, ԳԱԱ բերեք ինստիտուտներ ներգրավված են…Ես գտնում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվացնել ու ամենակարեւորը բովանդակային իմաստով կանոնակարգել»,-ասաց ԳԱԱ նորընտիր նախագահը:
Նրա խոսքով. «Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ռազմարդյունաբերական համալիրի եւ պաշտպանության համակարգի գիտահետազոտական գործունեության համատեքստում ո՞ր ուղղությունն է առաջնահերթ, դրանից հետո պարզել, թե ակադեմիայի համակարգում ինստիտուտներում գործող գիտահետազոտական խմբերի մեջ, որը խումբը կարող է իրատեսական, ռեալ քայլեր անել տվյալ ուղղություններով»:
Կարդացեք նաև
Աշոտ Սաղյանը կարծում է, որ պետք է գնալ ԳԱԱ համակարգի գիտահետազոտական ներուժի օպտիմալացման՝ պաշտպանական համակարգի ընդլայնման համար: ԳԱԱ նորընտիր նախագահը վստահ է, որ ռազմարդյունաբերական բլոկի առումով պետք է պետական մոտեցում ցուցաբերվի, իսկ ակադեմիան ունենա որոշիչ դեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ԵՊՀ կայքից