Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ն առաջարկում է Ռուսաստանի փոխարեն սեղմել Արեւմուտքի ձեռքը

Հունիս 29,2021 19:44

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺԲ խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վահե Գասպարյանը եւ Արա Պապյանը հնարավորինս մանրամասն նկարագրեցին աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որ իրենց համոզմամբ Ռուսաստանի պարտադիր հեռանալուց հետո անխուսափելիորեն ստեղծվելու է Կովկասում:

Ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե բավականին ազդեցիկ նկարագրվեց սպասվող ապագան, սակայն ԱԺԲ-ն ստեղծված իրավիճակից շահած կամ գոնե առանց կորուստների դուրս գալու կոնկրետ ի՞նչ քայլեր ու ծրագիր է առաջարկում, բանախոսները վերահաստատեցին, թե պնդում են, որ կանգնած ենք ամբողջ հետխորհրդային շրջանում դարակազմիկ փոփոխությունների առջեւ:

«Չտեսնել սա կամ ձեւ անել, թե չենք տեսնում, հանցավոր կեցվածք է թե իշխանությունների, թե ժողովրդի այն հատվածի կողմից, որը չի տեսնում, ինքն իրեն համոզել եւ համոզում է, թե երկրում հաստատվում է քաղաքական համերաշխություն, արդեն արտախորհրդարանական ուժերի հետ սկսվում է երկխոսություն: Մենք ասում ենք, որ հարկավոր է ճիշտ դիրքավորմամբ օգուտ քաղել այն փոփոխություններից, որոնք իրենց մեջ պարունակում են շատ լուրջ եւ մեծ հնարավորություններ Հայաստանի համար: Սա նշանակում է, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր խորին համոզմամբ Ռուսաստանը հեռանալու է Կովկասից: Այդ փոփոխությունները բերելու են պուտինյան Ռուսաստանի թուլացման՝ տնտեսապես, քաղաքականապես, գուցե նաեւ տապալման, ինչի հետեւանքով Ռուսաստանը ստիպված է լինելու հեռանալ: Ոչ թե «Սասնա Ծռերի» կամ ԱԺԲ-ի պարտադրանքով կամ խնդրանքով: Ինքը Կովկասից հեռանալու է ստիպված: Փոխարենը Ռուսաստանը ցանկանում է իր հեռանալուց առաջ Կովկասը հանձնել թուրք-ադրբեջանական իր եղբայրների դաշինքին:

Եվ եթե չենք ուզում հայտնվել թուրքական տիրապետության տակ, պիտի ճիշտ դիրքավորվելով անենք այնպես, որ Հայաստանը օբյեկտից վերածվի սուբյեկտի, դառնա ինքնիշխան ժողովրդավարական պետություն, անցումային փուլի կետերը կատարելուց հետո գաղութային կամ կիսագաղութային քրեաօլիգարխիկ համակարգից անցում կատարի դեպի ազգային-ժողովրդավարական երկիր, ճիշտ արտաքին քաղաքականության շնորհիվ՝ հռչակելով առաջին հանրապետության իրավահաջորդությունը, սեղմի արեւմուտքի կողմից մեզ մեկնած ձեռքը, ունենա իրական դաշնակիցներ, Ամերիկայի գլխավոր ոչ ՆԱՏՕ-ի անդամ կարգավիճակ ստանալուց հետո ստանա իրական անվտանգային երաշխիքներ, այլ ոչ թե օդում գրված: Սրանք են այն բաները, որ մենք բազմիցս ասել ենք եւ շարունակում ենք պնդել: Անշուշտ, եթե մենք հայտնվեինք խորհրդարանում, մեզ ավելի հեշտ կլիներ երկիրն այդ ուղղությամբ տանել: Բայց հենց այդ պատճառով եղավ քաղաքական պատվեր, որ ԱԺԲ-ն չպիտի հայտնվի խորհրդարանում: Մենք նման տեղեկություններ ունենք»,-ասացին նրանք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930