«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը շարունակելու է ազգային-ազատագրական պայքարը, որ մենք կոչել ենք «քաղաքական Սարդարապատ»,-լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին քաղաքական ուժի բանախոսները:
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը կուսակցության անունից ասաց. «Ես հիմա կցանկանայի դիմել մեր ժողովրդին: Բայց չեմ դիմում այն մարդկանց, ովքեր գիտակցաբար են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ նույնիսկ պատրաստ են լվանալ նրա ոտքերը եւ խմել ջուրը: Սա իմ բառերը չեն, ես ցիտում եմ այդ մարդկանց: Ես չեմ դիմում այն մարդկանց, ովքեր գիտակցաբար են քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ կարծելով, որ նա Հայաստանի միակ տղամարդն է: Ցավոք, այդպիսի մարդիկ եւս կան: Ես չեմ դիմում այն մարդկանց, ովքեր գիտակցաբար են քվեարկել Արթուր Վանեցյանի եւ Սերժ Սարգսյանի օգտին՝ կարծելով, որ նրանք միակ պատիվ ունեցող մարդիկ են այս երկրում: Ցավոք սրտի, նման մարդիկ կան:
Ես դիմում եմ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» գաղափարները կիսող, մեզ ձայն տված առնվազն 20 հազար մարդկանց: Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանին միայն այն պատճառով, որ չեն ցանկացել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր քվեարկել են Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, որովհետեւ այնքա՜ն հիասթափված են եղել Նիկոլ Փաշինյանից: Եվ վերջապես ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը՝ պարզապես, չցանկանալով ընտրել ոչ նախկիններին, ոչ ներկաներին եւ ցավոք սրտի, չտեսնելով այլընտրանքը:
Հարգելի հայրենակիցներ: Եկել է ժամը վճռական պայքարի, ավարտին հասցնելու «քաղաքական Սարդարապատը»: Մոտակա ամիսները փոթորկալից են լինելու՝ շատ փոթորկալից, վճռորոշ են լինելու, դարակազմիկ են լինելու թե Ռուսաստանի, թե հետխորհրդային ամբողջ տարածքի համար: Դրա մասին են վկայում Ռուսաստանում տեղի ունեցող լրջագույն իրադարձությունները, COVID-ի հզոր ալիքը, գնաճը, պետդումայի՝ սպասվող փոթորկալից ընտրությունները: Դրա մասին են վկայում Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները նույն Ռուսաստանի հանդեպ, Էրդողանի կողմից Թաթարստանի ղեկավարի ընդունումը անկախ երկրի ղեկավարին հարիր պրոտոկոլային ձեւաչափով, Յակուտիայի ղեկավարի ընդունումը Թուրքիայի դեսպանի կողմից: Կարծես, Էրդողանը սկսել է կատարել իր խոստումը՝ Ռուսաստանը պայթեցնել ներսից, բազմաթիվ անվտանգային գոտիներ ստեղծելու Թուրքիայի մղումները Ռուսաստանի շուրջ: Բավական է նշել Աֆղանստանում թեժացած վիճակը, թալիբների հակահարձակումը ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, Ղրիմի շուրջ այսօր տեղի ունեցող զարգացումները, Բելառուսի հանդեպ խստագույն սանկցիաները, որոնք տապալման նախաշեմին են կանգնեցրել Լուկաշենկոյի ռեժիմը:
Կարդացեք նաև
Մենք պիտի հասկանանք, որ մտնում ենք մի շրջան եւ կատարվելու են դարակազմիկ, վճռական եւ որոշիչ իրադարձություններ, ինչի արդյունքում ամբողջ հետխորհրդային տարածքը կանգնելու է ապագաղութացման հնարավորության եւ փաստի առջեւ: Եվ այստեղ է, որ մեր ակտիվ քայլերից, նախաձեռնողական քաղաքականությունից, Երեւանի հրապարակներից է կախված լինելու Հայաստանի, որպես ինքնիշխան սուբյեկտի, Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ հանդիսացող ինքնիշխան ժողովրդավարական պետության ապագան: Այստեղ է, որ մենք մեր քայլերով պետք է վերջնականապես մերժենք այս Երրորդ Հանրապետություն կոչվածը, այստեղ է, որ մենք պիտի մեր պարտքը կատարենք հազարավոր զոհված տղաների արյունը իմաստավորելու առումով եւ այստեղ է, որ մենք պիտի մեր պարտքը կատարենք գալիք սերունդներին նորմալ, բարեկեցիկ, ինքնիշխան պետություն փոխանցելու առումով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ