«Պրոֆեսոր Չարչյանը երկուշաբթի օրը, այսինքն՝ երեկ վիրահատական միջամտության է ենթարկվել բժշկական կենտրոնում, վիրահատվել է՝ սրտի ստենդների ուսումնասիրման նպատակով: Մինչեւ անեսթեզիայի միջոցով է դա արվել: Եվ այս ամենը՝ առողջական վիճակի զարգացումները կարելի է ասել, հաջորդել են հունիսի 23-ի կալանավորման որոշմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Նա ասաց, որ հույս ունի՝ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները սահմանները չեն անցնի. «Ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը իրավապահ մարմնի: Պրոֆեսոր Չարչյանի գործում արդեն այն աստիճան խնդիրներ են առկա, որ քրեական հետապնդումն այդ գործում անխուսափելիորեն դադարեցվելու է»:
Վարդեւանյանն ասաց, որ այս դեպքում ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, մինչդեռ դա կարող էր անել, օրինակ, օպերատիվ հետախուզական ծառայություն իրականացնող քննիչը. «Պրոֆեսոր Չարչյանի քրեական գործը հարուցվել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա: Մի հատ էլ դրան ավելացում՝ օգտագործել են անանուն աղբյուր՝ Բաղրամյան 26-ում հրապարակված, որը հետագայում պարզվեց արդեն՝ մոնտաժված ձայնագրություն է: Դա «Անկախ դիտորդը» չի ուղարկել»:
Կարդացեք նաև
Արամ Վարդեւանյանն ասաց, որ դատախազությունն այդ խնդիրը նկատել է, փորձել է Fip.am-ի հրապարակմանը հղում անել, բայց նրանք էլ ձայնագրությունը վերցրել են նույն Բաղրամյան 26-ի անանուն աղբյուրից:
Նշենք, որ ՀՔԾ-ն պարզաբանումներ էր ներկայացրել փաստաբանների այս դիտարկումների վերաբերյալ:
Երբ լրագրողները փոխանցեցին Դանիել Իոաննիսյանի պնդումը, որ իրենց հաղորդման հիման վրա են գործ հարուցել՝ Վարդեւանյանն արձագանքեց. «Հղում եք տալիս մի անձի, որը որեւէ իրավական տարրական գիտելիք չունի, չի պատկերացնում՝ ինչ բան է քրգործ հարուցելու առիթը ու հիմքը, կյանքում երեւի չի տեսել քրեական գործ հարուցելու որոշումը, գոնե Էրիկ Ալեքսանյանը հրապարակել էր որոշումը, կարող էր ուսումնասիրել, նոր գար հարցազրույց տար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ