«Իմ տպավորությունն այն էր, որ դատախազը միգուցե պատրաստ չէր նման հարցի քննարկմանը, որովհետեւ դիրքորոշումը առավել քան հախուռն էր»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը մի հանգամանք է, որը խոչընդոտում է դատական նիստերին: Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ եւ հետագայում հնարավոր ձեռք բերվելիք պատգամավորի կարգավիճակի հետ: Սակայն մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը գտնում էր, որ նշած կարգավորումը վերաբերում է քրգործ հարուցելուն, իսկ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական գործը վաղուց է հարուցվել:
Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց. «Պատգամավորը անձեռնմխելի է ու պատգամավորի կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առհասարակ: Քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը եւս բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ»: Նա հղում արեց Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածին:
Կարդացեք նաև
Մեղադրող կողմը դատական պրակտիկայից օրինակ էր բերել՝ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործը, երբ քրեական գործի քննությունը շարունակվեց առանց պատգամավորական անձեռնմխելիությանը անդրադառնալու, քանի որ մինչեւ մանդատ ստանալն էր հարուցվել գործը: Վարդեւանյանը պատասխանեց, որ պետք է դեռ մանրամասներ պարզվի՝ Բաբայանի գործի քննության ժամանակ նո՞ւյն իրավիճակն է եղել, թե՞ ոչ, ու արդյոք դատարանին հասու դարձե՞լ է Բաբայանի պատգամավորական կարգավիճակը, թե՞ ոչ: Դատավորների ակտերը անկախ են, եթե դա լիներ Վճռաբեկ դատարանի նախադեպային ակտ, դա այլ հարց կլիներ:
«Այս պահի դրությամբ ՀՀ երկրորդ նախագահը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավորի թեկնածու: Մանդատը վերցնելու հետ կապված հարցը պահեք, հուլիսի վերջին կանդրադառնանք»,- ասաց Վարդեւանյանը:
Հարցին ենթադրենք, դատարանը գործի քննությունը կասեցնում է անձեռնմխելիության հիմքով, նորընտիր ԱԺ-ն հետո կարո՞ղ է զրկել Քոչարյանին անձեռնմխելիությունից եւ գործը նորից շարունակել՝ Վարդեւանյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ խոսքը չի գնում քրեական հետապնդում հարուցելու մասին: Սահմանադիրը նախատեսել է բացառապես նոր քրեական հետապնդում հարուցելու համար թույլտվություն ստանալը:Քրեական հետապնդումը շարունակելու թույլտվություն սահմանադիրը չի նախատեսել»: Վարդեւանյանն ասաց, որ այս դեպքերում քրեական հետապնդումը կասեցվում է մինչեւ անձեռնմխելիության ժամկետի ավարտը, այնուհետեւ անհապաղ վերսկսվում է: Այսինքն, քանի դեռ Քոչարյաննն ու Արմեն Գեւորգյանը պատգամավորներ կլինեն, քրգործը 5 տարով կկասեցվի: Թե որքանով է դա արդարադատությանը համահունչ՝ Վարդեւանյանը պատասխանեց. «Համահունչ է, պրակտիկայում եղել է նման բան: Եթե համահունչ չլիներ, քրեական օրենսդրական կարգավորում չէր լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ