«Վտանգ չեք տեսնո՞ւմ, որ սա կբերի նրան, որ մարդիկ չեն ուզի Արցախում գույք ձեռք բերել ու առհասարակ ներդրում անել։ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներն էլ չեն ցանկանա բնակարան գնել»,-Արցախի ԱԺ նիստում այսօր ԱՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին հարցրեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ արտահերթ նիստում Հայկ Խանումյանը զեկուցում է օրենսդրական փաթեթ, որով սահմանվում են ռազմական դրության ժամանակ պետության կողմից քաղաքացիներին պատկանող գույքի տնօրինման դեպքերը, ինչպես նաեւ՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրության ռեժիմի սահմանափակումները խախտելու դեպքերի համար։ Քաղաքացիներին պատկանող եւ չբնակեցված գույքը տեղահանված ընտանիքների կարիքների համար օգտագործելու առնչությամբ պատգամավորները մտահոգություն էին հայտնել։
Կարդացեք նաև
Հայկ Խանումյանը շեշտեց՝ սա ժամանակավոր գործողություն է եւ վերաբերում է ռազմական դրությանը․ «Այդ նույն տրամաբանությամբ, տիկին Հակոբյան, կարող ենք ասել, թե ինչու են մարդիկ տրանսպորտային միջոց առնում, որովհետեւ այն ամեն պահի կարող է զորակոչի ենթակա լինել։ Ամեն ինչ էլ կարելի է այդ տրամաբանության մեջ դնել։ Գույքը վերցնելու մասին չէ խոսքը, այլ դրա օգտագործումը ժամանակավորապես սահմանափակելու»։
Այնուհետեւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն իր հերթին մատնանշեց․ «Այս քննարկումներում միտում կար տպավորություն ստեղծելու, որ իշխանությունն այս նախագծով նպատակ ունի տեղահանված բնակիչներին բնակարանով ապահովելու, իսկ ընդդիմությունն ինչ-ինչ հարցերում փորձում է ընդդիմանալ։ Այդպես չէ։ Օրինագիծը լիարժեք չէ։ Ընդդիմության հորդորն այն է, որ ավելի առողջ օրինագիծ ունենանք։ Որքան էլ գաղափարը հասկանալի է, օրինագիծն, այնուամենայնիվ, վտանգներ է պարունակում։ Այս տեսքով օրինագիծը սահմանափակում է սեփականության իրավունքի ամբողջական իրացումը։ Տեղահանված բնակչության սեփականության իրավունքն արդեն իսկ ոտնահարված է, բայց հարցի լուծումը բնակչության մյուս հատվածի սեփականության իրավունքի սահմանափակման հետ կապելը լավագույն տարբերակը չէ։ Այս տեսակետի հետ համաձայն են նաեւ «Արդարություն» եւ «ՀՅԴ» խմբակցությունները, եւ մենք կառավարությանն առաջարկում ենք հետ վերցնել նախագիծը եւ լրամշակել։ Մենք չենք կարող այս տեսքով կողմ քվեարկել»։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքեց․ «Սեփականության իրավունքից եք խոսում։ Հայրենիքի 75%-ն Ադրբեջանը զավթել է։ Դե եկեք պաշտպանենք այդ սեփականության իրավունքը․․․Մարսից չենք իջել։ 25 000 տեղահանվածի հարց է եւ մի քանի տասնյակ մարդու (նկատի ունի այն քաղաքացիներին, որոնք համաձայն չեն իրենց կողմից այս պահին չօգտագործվող տները տեղահանվածներին տրամադրել․-խմբ․)։ Մի քանի տասնյակ մարդ ու 25 000: Հեսա քվեարկությամբ կտեսնեմ՝ մի քանի տասնյակի իրավունքնե՞րն ենք պաշտպանում, թե 25 000-ի»։
Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․ «Պարոն Թովմասյան, պետք չի խեղաթյուրել, էլի, մի քանի տասնյակի մասին չի խոսքը»։
Արթուր Թովմասյանը բարկացավ, որ պատգամավորն ընդհատեց իր ելույթը ու հորդորեց մտքերի փոխանակության հնարավորությանը սպասել։ Գեղամ Ստեփանյանը, սակայն, ուզում էր բացատրել, որ ինքը դա նկատի չուներ։
«Լսի, գոնե տարիքս հարգի, երիտասարդ։ ԱԺ նախագահին կարող եք չհարգել․․․ես իրավունք ունեմ կարծիք ասելու, այն է՝ մի քանի տասնյակ եւ 25 000։ Մենք այս օրենքը դեռ մի քանի ամիս առաջ պետք է ընդունեինք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ