Աշնանը եւ ձմռանը պանրի դեֆիցիտ կլինի: Այս մասին ահազանգում է Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Նրա խոսքով, պահեստավորվող պանրի ծավալները նվազել են, բայց ոչ այն պատճառով որ պահանջարկն է մեծ. խնդիրն, ըստ միության նախագահի, պայմանավորված է կաթի ծավալների նվազմամբ:
«Կաթ չկա, քանի որ տարին չորային էր, խոտի պակաս կար»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Արմեն Գիգոյանը:
Պանիրը լայն սպառման ապրանք է եւ միության նախագահը գտնում է, որ պետք է խնդրի մասին կառավարությունն էլ անհանգստանա: Այս պահին դեֆիցիտի չափը, նախորդ տարվա համեմատությամբ 10 տոկոս է, բայց չի բացառվում՝ ավելի մեծ լինի:
Արմեն Գիգոյանը հին ու նոր չի անում, ասում է՝ այս խնդիրը բոլոր իշխանությունների օրոք էլ ունեցել ենք: Հիմնական պատճառը, նրա կարծիքով, պարենային անվտանգության հետ կապված փաստաթղթի բացակայությունն է. «Հայաստանում ազգային անվտանգության դոկտրինայի շրջանակներում մենք չունենք հստակ, ճիշտ ձեւակերպված, ճիշտ աշխատանք տարված փաստաթուղթ: Որքան կարեւոր է բանակը, տնտեսության զարգացման ռազմավարությունը, այնքան էլ կարեւոր է պարենային անվտանգության փաստաթուղթը: Առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման, պլանավորման, արտադրման հետ կապված ոչինչ չունենք: Խնդիրները հենց այդտեղից էլ գալիս են: Հատկապես՝ Հայաստանը, որը ե՛ւ պատերազմող երկիր է ե՛ւ հեշտությամբ կարող է շրջափակման մեջ ընկնել, լոգիստիկ խնդիրներով խիստ խոցելի է եւ այլն»:
Կարդացեք նաև
Միության նախագահը գտնում է՝ անասնապահության ոլորտում ի՛նչ ծրագրեր էլ անեն, ի՛նչ գումարներ էլ ծախսեն, միեւնույն է, արդյունավետ չի լինելու, քանի դեռ անասնապահն ու ֆերմերն իրարից չեն տարբերվում. «Առաջին հերթին մեզ պետք է ֆերմերի կարգավիճակ: Դա կլինի պլատֆորմը եւ դրա հիման վրա կարելի է կաթի արտադրման ռազմավարությունը կառուցել, որպեսզի խոտի չոր սեզոնից կախվածություն չունենանք: Զարգացած երկրներում, որտեղ ժամանակակից ֆերմերային տնտեսություններ են, վաղուց եղանակից կախված չէ կաթնատվությունը: Կան անասնապահության տեխնոլոգիաներ, որոնք անասունների կերակրման գործընթացը համակարգային են դարձնում, եւ եղանակից եկող խնդիրները նվազագույնի են հասցված: Ինչը թույլ է տալիս բարձ կաթնատվություն ունենալ եւ այդպիսով բավարարել նաեւ տվյալ երկրի պարենային անվտանգության խնդիրները»:
Արմեն Գիգոյանի խոսքով, եթե ունենանք կարգավիճակ ունեցող ֆերմեր, կլինեն նաեւ չափորոշիչներ՝ կաթի վերամշակումից սկսած:
Ըստ նրա, հիմնական խնդիրը կառավարման տեխնոլոգիաների բացակայությունն է, իսկ եղած տեխնոլոգիաներն էլ չեն համապատասխանում օրվա պահանջներին:
Արմեն Գիգոյանի տվյալներով, մեկ անձը Հայաստանում տարեկան միջինում 6-8 կիլոգրամ պանիր է սպառում: Նրա խոսքով, կան երկրներ, որտեղ 60 կիլոգրամ են սպառում:
Արմեն Գիգոյանի խոսքով, պետք է նաեւ աշխատանքներ տանել, որպեսզի կաթի փոշու ներկրման ծավալներն աստիճանաբար նվազեն, որպեսզի պարենային անվտանգության առումով ավելի ապահով լինենք, հիմա մեծ ծավալներով ներկվում է, քանի որ կա դրա կարիքը եւ տեղական արտադրանքը չի կարող բավարարել այդ կարիքը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ