Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքը ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում: Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, «Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման բողոքարկմանը, ասաց, որ ՍԴ-ում շատ հետաքրքիր հիմքեր են ներկայացնելու:
Դիտարկմանը, որ իշխանականներն ասում են՝ միայն խոսում եք դուք, ո՞ւր են փաստերը, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են Վարդեւանյանը արձագանքեց. «Եթե իրենք ի զորու չեն ընկալել դրանց փաստ լինելը, դա իմ մեղավորությունը բնավ չէ: ԿԸՀ նիստի ընթացքում ես արդեն ներկայացրեցի 3-4 խոշոր խնդիրների վերաբերյալ փաստեր»:
Հարցին՝ դրանք կարո՞ղ էին ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ Վարդեւանյանը պատասխանեց. «Ակնհայտորեն, որովհետեւ խնդիրը կազմակերպված նման գործողությունների մասին է: Դուք նորմա՞լ եք համարում, որ ընտրություններին մասնակցող անձանց 10%-ի մոտ անձնագիր չի աշխատում, ու այդ 10%-ը՝ 100 հազարից ավել ձայները պատկերացնո՞ւմ եք ինչ աստիճան էական ու վճռորոշ են այս ընտրությունների տեսանկյունից: 100 հազարից ավելի անձանց անձնագիր ուղղակի հենց այնպես չի աշխատում: Կարող եմ ասել մեկ այլ հանգամանք՝ բոլորս էլ գիտենք, չէ՞, որ ընտրական ցուցակները այսպես կոչված ուռճացված են»: Ըստ նրա, եթե հիմա ընտրացուցակները ստուգեն, 6 ամիս անընդմեջ բացակայողներ կգտնեն ընտրողների ռեգիստրում:
Վարդեւանյանը նաեւ ասաց, որ արդեն իսկ գտել են դեպքեր, երբ ընտրական ցուցակում ստորագրել են «իքս» ծավալի մարդ, բայց ԿԸՀ ներկայացված արձանագրության մեջ այդ «իքսին» գումարվել է 50-100 ձայն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ