Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմաճակատ չմեկնել չէին կարող». գիտակցելով ամբողջ պատասխանատվությունն ու ռիսկերը ապագա բժիշկները մեկնեցին առաջնագիծ

Հունիս 29,2021 17:17

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին տեղեկանալով սեպտեմբերի 27-ի առավոտյան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արմենակ Տոռոզյանը համակուրսեցու՝ Աշոտ Ղազարյանի հետ, վճռում է պատերազմի առաջին իսկ օրը մեկնել առաջնագիծ: «Որոշեցինք մեկնել որպես զինվոր, հետո ճանապարհվելիս սոցցանցում հայտարարություն տեսանք, որ Արցախում անհրաժեշտ են բուժաշխատողներ, և մտածեցինք, որ այդ ոլորտում ավելի շատ կարող ենք օգտակար լինել: Նշված հեռախոսահամարով զանգահարեցինք, ասացին՝ որքան հնարավոր է՝ շուտ գնացեք Ստեփանակերրտի հոսպիտալ:

Անմիջապես նախ դիմեցինք Գորիսի հավաքակայան, ապա նաև զինկոմիսարիատ, բայց մեզ օգնել չկարողացան: Ժամանակը սուղ էր, երկար սպասել չէինք կարող, կանգնեցրինք Գորիսով անցնող շտապօգնության մի մեքենա, նստեցինք և գնացինք Արցախ: Շտապօգնության այդ մեքենան ինչ-որ ավտոշարասյուն էր ուղեկցում: Արդեն սեպտեմբերի 28-ն էր, գնացինք Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, մեզ որպես բուժակ, վերցրեցին»,-նշում է ապագա բժիշկը:

Արմենակ Տոռոզյանը պատմում է, որ առաջին ժամերին վիրավորների դեռ չէին տեղափոխում, ինչն իրենց ուրախացրել է, մտածել են, որ հավանաբար, ռազմական գործողությունները վերջացել են: Բայց հանկարծ սկսել են մեծ քանակի ավտոմեքենաներով վիրավորների տեղափոխել հոսպիտալ: Ապագա բժիշկը խոստովանում է, որ ռազմաճակատ չմեկնել չէին կարող. գիտակցելով ամբողջ պատասխանատվությունն ու ռիսկերը, գնացել են մահվանն ընդառաջ: «Առաջին օրերին՝ սեպտեմբերի 28, 29-ին, բժշկական գործ գրեթե չէինք կատարում, մեքենաներից վիրավորներին էինք իջեցնում, տեղափոխում հոսպիտալի ընդունարան, անհրաժեշտության դեպքում՝ ընդունարանից հիվանդասենյակներ: Այնուհետև մեզ տեղափոխեցին Մատաղիս, որ օգնենք առաջնագծից դուրս բերել վիրավոր զինծառայողներին: Այդ ժամանակ ծանր վնասվածք ստացած վիրավորներին ցավազրկում էինք, փորձում էինք դադարեցնել արյունահոսությունը, ըստ անհրաժեշտության, անշարժացնում վիրավորին:

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին Մատաղիսում ենք եղել: Ժամկետային ծառայությունն անցկացրել եմ Մատաղիսում: 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիս գնալիս Մարտակերտի հոսպիտալով անցանք անհրաժեշտ պարագաներ վերցնելու համար: Այնտեղ մեզ հարցրին՝ որտեղ եմ ծառայել, ասացի՝ Մատաղիսում, հոսպիտալի պետն ուրախացավ, որ նաև տեղանքին եմ ծանոթ, հեշտ կլինի»,-ասում է Արմենակ Տոռոզյանը: Երկու ընկեր պատերազմում են եղել մինչև նոյեմբերի 10-ը: «Շատ է պատահել, որ ընկել ենք թշնամու հրետակոծությունների տակ: Նոյեմբերի 3-ին մեզ ուղարկել էին Մարտունու շրջանի Գիշի գյուղ: Ես ու Աշոտը շտապօգնության երկու մեքենայով գնացինք, հասանք, ռմբակոծությունը սկսվեց:

Շտապօգնության մեքենայում վիրավորներին տեղավորելուց հետո Աշոտը դուրս եկավ, շարժվեցին, ինքը որ շարժվեց, էլ վիրավորներ չկային: Մարտունու հոսպիտալը տեղափոխել էին քաղաքի դպրոց, որի շրջակայքն արկակոծում էր թշնամին: Ինձ բուժսարքավորումներ տրամադրեցին: Ճանապարհին Աշոտի մասին էի մտածում, որ հանկարծ չընկնեն հրետակոծության տակ, հետևից ես դուրս եկա, կրկին միևնույն մտավախությամբ: Ստեփանակերտի ճանապարհին խփեցին մեր մեքենայի ուղղությամբ, ուժգին ալիքից, քիչ էր մնում՝ կողաշրջվեր մեքենան: Վարորդի կողքի դուռը բացվել էր, վարորդը գրեթե ընկնում էր մեքենայից: Շտապօգնության ավտոմեքենայի անվադողերը վնասվել էին: Ամենատպավորիչը, թերևս, դա էր»,-հիշում է Արմենակ Տոռոզյանը:

Նա ընդգծում է, որ պատերազմից հետո ամրապնդվել է բժիշկ դառնալու իր որոշումը: «Մի անգամ Կարմիր շուկա էինք գնացել, որ վիրավորների տեղափոխենք, գյուղի դպրոցում էլ կային վիրավորներ, այնտեղից էլ պետք է վերցնեինք վիրավորների, ընկերոջս հանդիպեցի, որը ձեռքից վիրավորվել էր Վարանդայում, և գտնվում էր այնտեղ»,-պատմում է ապագա բժիշկը:

Արմենակ Տոռոզյանը ծնունդով Գորիսից է, սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, որոշել է ընտրել վնասվածքաբանի նեղ մասնագիտացումը: Ռազմաճակատը նրա համար փորձառություն էր, թե ինչպես պետք է էքստրեմալ պայմաններում բժիշկն իրեն դրսևորի:

«Ուզում եմ, որ երբեք պատերազմ չլինի, խաղաղություն լինի, որևէ մեկը չտեսնի այն, ինչ տեսանք մենք»,-եզրափակում է ապագա բժիշկը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930