Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրառելով հայերենում վաղուց եղած բառերը՝ նպաստում ենք հայոց լեզվի հարատևությանը. Լեզվի կոմիտեի հորդորակը

Հունիս 29,2021 16:29

Հորդորակ
հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
(22-րդ թողարկում)

Կյանքում տեղի ունեցող ամեն մի փոփոխություն, նորույթ իր անդրադարձն է ունենում լեզվում։ Այդպես ծնվում են բառերը, որոնք համալրում են լեզվի բառային կազմը։ Նորաստեղծ բառերին շունչ տալու համար անհրաժեշտ է դրանք գործածել, շրջանառել։

Բանավոր ու գրավոր խոսքում (հատկապես մասնագիտական) շարունակ կիրառելով հայերենում վաղուց եղած բառերն ու եզրույթները՝ մենք նպաստում ենք հայոց լեզվի հարատևությանը։

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։

• աուդիենցիա – 1. լսում, ունկնդրում, ստուգալսում, 2. փխբ․ ընդունելություն

• ապատիա – անտարբերություն

• գեներացիա – արտադրում, վերարտադրում

• դեօկուպացիա – ապազավթում

• դիկտատոր – բռնակալ, բռնապետ

• դիսկրիպտիվ – նկարագրական

• դիստիլյացիա – թորում, զտում

• դիսփլեյ – ցուցադրիչ

• էքսհումացիա – արտաշիրիմում

• էքստրավերտ – շփվող, հաղորդասեր, մարդամոտ

• թրեյնինգ – 1․ ուսուցում, վարժեցում, 2․ վարժանք, դասընթաց

• ինդուստրիա – արդյունաբերություն

• իներտ – 1․ անտարբեր, 2․անշարժ, 3․ չեզոք

• լոկալիզացիա – տեղայնացում

• կոլաբորացիա – համագործակցություն, գործակցություն, աշխատակցություն

• կոնսպիրատիվ – գաղտնի

• մենտոր – դաստիարակ, ուսուցիչ, խորհրդատու, հովանավոր

• նոմինալ – անվանական

• պերսպեկտիվ(ա) – հեռանկար

• պլանետարիում – աստղացուցարան

• պրոտեժե – հովանավորյալ

• պրոտեկցիա – հովանավորություն, պաշտպանություն

• սելեկտիվ – ընտրովի, ընտրանքային, ընտրողական

• սուբորդինացիա – ենթակայություն, ստորադասություն, ստորակարգություն

• ստագնացիա – լճացում

• ստաժ(յ)որ – փորձնակ

• սքոլըրշիփ – կրթաթոշակ

• վակցինացիա – պատվաստում

• վերիֆիկացիա – 1. ստուգում, 2․ հաստատում, վավերացում

• տաբու – 1․ արգելք, արգելանք, 2․արգելադրում, 3․ արգելաբառ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930