Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի պատգամավորական մանդատը խոչընդոտում է դատերին. նրանք արդեն անձեռնմխելի են ու պետք է անձեռնմխելիությունից նախ զրկել

Հունիս 29,2021 16:14

Այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը արձանագրել է հանգամանք, որը խոչընդոտում է սույն գործի քննությանը. «Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի կարգավիճակին: Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ եւ հետագայում հնարավոր ձեռք բերվելիք պատգամավորի կարգավիճակի հետ: Դատարանը տվել է 2 շաբաթ ժամանակ, որպեսզի ստույգ տեղեկություն ստանա Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի կարգավիճակի հետ կապված: Առ այսօր դատարանը այդպիսի տեղեկություններ չունի»:

Մեղադրող դատախազների համար անհասկանալի էր, թե ի՞նչ կարգավորումներից է ելնում դատարանը, որ եկել է եզրակացության թե քրեական հետապնդման անձեռնմխելիություն ունեն նրանք՝ ելնելով կարգավիճակից. «Ինչո՞ւ է դատարանը այդ հետեւության եկել, որ այս փուլում ամբաստանյալների կարգավիճակը խոչընդոտում է դատաքննությանը»,- հարցրեց Գեւորգ Բաղդասարյանը:

Դատավորն էլ պատասխանեց, որ ամբաստանյալների պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո պետք է միջոցներ ձեռնարկվեն անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ, սակայն մինչեւ ստույգ տեղեկություններ ստանալը վերջիններիս կարգավիճակի մասին, դատարանը չի կարող անդրադառնալ այդ հարցին:

Պաշտպան Արամ Վարդեւանյանը հղում արեց ԿԸՀ որոշմանը, ըստ որի, հունիսի 27-ին ընտրությունների արդյունքները վերջնական ամփոփվել են. «Այն կայացել է եւ ԿԸՀ-ի կողմից ընդունվել է համապատասխան որոշում, այդ թվում մանդատների բաշխման կարգի վերաբերյալ: Այնպես որ, դատարանը առավել քան պատշաճ ձեւով տեղեկացված է, որ «Հայաստան» դաշինքը, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, ունեցել է պատգամավորի թեկնածու թիվ 1 համարը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին, այնուհետեւ թիվ 5 համարը զբաղեցնող Արմեն Գեւորգյանին: Ըստ ԿԸՀ-ի, «Հայաստան» դաշինքին տրամադրվում է 28 մանդատ»: Վարդեւանյանն ասաց, որ դաշինքի ընտրացուցակը հրապարակված է ԿԸՀ կայքում, եթե դատարանին անհրաժեշտ է, կարող են տրամադրել ու կտեսնեն Քոչարյանի ու Գեւորգյանի կարգավիճակը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական գործը վաղուց է հարուցվել. «Մենք այս պահին անձեռնմխելիությունից զրկելու հարց չենք քննարկում»: Ըստ նրա, դատավորի նշած կարգավորումը վերաբերում է քրգործ հարուցելուն:

Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը տրամադրի ամբաստանյալների կարգավիճակի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:

Ընդմիջումից հետո դատարանին հանձնվեց ԿԸՀ որոշումը, որը կայացվել է հունիսի 27-ին: Որոշմանը ծանոթանալուց հետո դատավորը հարցրեց. «Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու կամ չբերելու հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք, որովհետեւ կարող է նաեւ հրաժարվեն մանդատներից»: Վարդեւանյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը կտրվի հուլիսի 27-ին, երբ ԱԺ նիստ կգումարվի;

Մեղադրող դատախազների համար պարզ չէր առհասարակ, թե ինչ էր քննարկում դատարանը: Գեւորգ Բաղդասարյանն ասաց. «Պարզ չի մեզ, թե փաստաթղթերը փաստաբանից ինչի համար ստացաք, պարզ չի, թե դրանք ինչի համար են, որովհետեւ Սահմանադրությունը քրգործ հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունն ու դրա հաղթահարումը: Եթե պարզ չի, մենք չգիտենք՝ այս ի՞նչ գործընթաց է, որ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնենք»:

Նա ասաց, որ պատգամավորության թեկնածուներն էլ ունեն կարգավիճակ, բայց այդ ընթացքում իրենք նիստեր են արել, հիմա անհասկանալի է, թե ինչ են ուզում «հաղթահարել»:

Դատավորը պատասխանեց, որ եթե կա քրեական հետապնդում, կարող է նաեւ պատիժը ազատազրկումը լինել, այդ ժամանակ ի՞նչ են անելու, պետք է մտնեն խորհրդարան, որ կարողանան ազատազրկե՞լ, հիմա անձի անձեռնմխելիությունը պետք է հաղթահարեն:

Ըստ Բաղդասարյանի, դատարանը քրեական հետապնդում իրականացնող չէ: Նա, որպես փաստարկ, հիշեցրեց դատական պրակտիկան՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ էլ քրգործ կար հարուցված, որը շարունակվեց ու նրա պատգամավորական կարգավիճակը չխոչընդոտեց, ընդ որում, եղավ մեղադրական դատավճիռ:

Դատական նիստը հետաձգվեց շուրջ 1 ամսով, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 3-ին, ժամը 13-ին: Այդ ժամանակ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի կարգավիճակն արդեն հստակեցված կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930