Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ կուսակցություն. «Ստեղծել լրիվ կրեմլահպատակ խորհրդարան, որտեղ ներկայացված են թե մուրճը, թե մանգաղը, թե աստղը»

Հունիս 29,2021 16:01

Այսօր լրատվամիջոցների հետ «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի եւ Վահե Գասպարյանի հանդիպման ժամանակ հրապարակվեց հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին կուսակցության ընդունած հայտարարության տեքստը:

Այնուհետեւ Վահե Գասպարյանը ասաց. «Մենք բազմիցս ասել ու հիմա վերահաստատում ենք, որ կիսագաղութային վիճակում գտնվող այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ընտրություններ որպես այդպիսին, այն էլ՝ ազատ եւ թափանցիկ, չեն լինում: Լինում է քվեարկություն, որը չի արտացոլում հայ ժողովրդի ազատ կամքը, իղձերը եւ սպասելիքները:

Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 30 տարվա, այսպես կոչված, Երրորդ Հանրապետության համակարգի կողմից ստեղծվող եւ կյանքի փորձությամբ անցած, լավ մշակված մեթոդներին տիրապետող այս ընտրական համակարգը արեց իր սեւ գործը:

ԱԺԲ-ն վստահ է, որ հայ ժողովրդին կանգնեցնելով նոր արհավիրքի սպառնալիքի՝ ցեղասպանության եւ պատերազմի կրկնության, հերթական անգամ թուրքական յաթաղանի եւ ռուսական սապոգի, նախկինների եւ ներկաների, սեւերի եւ սպիտակների երկընտրանքի առջեւ՝ նպատակ է հետապնդվել հայ ժողովրդին զրկել իրական ընտրություն կատարելու հնարավորությունից եւ այդ վախերի հիման վրա ստիպել կատարել չարյաց փոքրագույնի ընտրություն: Սա է, այսպես կոչված, ընտրությունների տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է կոնկրետ խախտումներին եւ չարաշահումներին, կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել 2,5 միլիոն ընտրող այն պարագայում, երբ հազիվ թե այդքան մարդ այսօր ֆիզիկապես գտնվի ՀՀ-ում: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ օգտագործվել է թե ադմինիստրատիվ ռեսուրսը, թե բանակի ռեսուրսը, թե տարբեր չարաշահումներ, ինչպիսիք են, օրինակ, ընտրակաշառքները եւ այլն՝ ցանկալի արդյունք ստանալու համար»,- ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

Բանախոսը թվարկեց նաեւ բազմաթիվ այլ տեխնոլոգիաներ, որ գործադրվել են, իրենց համոզմամբ, այդ ցանկալի արդյունքը ստանալու համար, սկսած ձայների հաշվարկի ընթացքում միաժամանակ զանգվածային հոսանքազրկումներից, կոնկրետ համարի քվեաթերթիկների անհայտացումներից, մինչեւ տեղամասային հանձնաժողովների վերջնական զեկույցներում կոնկրետ ԱԺԲ-ին վերաբերող թվերի անհամապատասխանությունը ԿԸՀ նշած թվերին, այսինքն, զրոյացումը:

Բանախոսը հայտարարեց, որ այդ փաստերով իրենք դիմել են գլխավոր դատախազություն: «Սրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս, որ ազատ ընտրություն չի եղել, եղել է ընդամենը քվեարկություն, այն էլ ժողովրդին պարտադրված՝ վախերի եւ սպառնալիքների ներքո»,-ասաց Վահե Գասպարյանը:

ԱԺԲ-ն մնում է իր այն համոզմանը, թե Կրեմլի պարտադրանքով է կատարվել արտահերթ ընտրություն օպերացիան, որը նպատակ ուներ կասեցնել ազգային զարթոնքը, որն սկսվում էր մարտի 16-ի հանրահավաքից հետո իրենց ջանքերի շնորհիվ, վերարտադրել այս համակարգը, այս իշխանություններին եւ ստեղծել լրիվ կրեմլահպատակ խորհրդարան, որտեղ ներկայացված են թե մուրճը, թե մանգաղը, թե աստղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930