Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չլինի՝ մեկ ամիս անց գան բանակցելու, ստորագրելու, ու ասեն՝ ստացել ենք բնակչության այսքան տոկոսը, իրավունք ունենք. այդ լեգիտիմությունը որևէ մեկը չի ստացել». Գոռ Հակոբյան

Հունիս 29,2021 15:40

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ կա ձևավորված իշխանության կենտրոն, բայց այն ծրագրերը, գաղափարները, որոնք պիտի իրականացվեն նրանց կողմից, կարիք ունեն հավելյալ լեգիտիմության»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում վստահեցրեց «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ ժողովուրդն այն ակնկալիքը, որ ուներ ընտրություններից, չի ստացել. «Ճիշտ է՝ ընտրություն տեղի է ունեցել, կարծես թե ձևավորվել են հաղթողներ, բայց տպավորությունն այնպիսին է, որ մարդիկ չուզելով են ընտրության գնացել, իսկ եթե ընտրել են Ռոբերտ Քոչարյանին կամ Նիկոլ Փաշինյանին, ապա ընտրել են՝ մեկը մյուսին հակադրելով. իրական ընտրություն չի եղել ծրագրերի շուրջ»:

Այս առնչությամբ ասաց. «Կարծես նախագահական ընտրություններ լիներ, երկու անձի միջև ընտրություն է կատարել ժողովուրդը: Ավելի ուժերի ընտրություն է եղել, թե ով է ավելի ուժեղ: Եվ դա որոշ իմաստով կանխատեսվում էր: Հետպատերազմական իրավիճակում քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումներից համարյա ամենավատ լուծումը խորհրդարանական ընտրությունները կարող էին լինել, բայց, դե լուծում էր»:

Ըստ Գոռ Հակոբյանի՝ ընտրական գործընթացները ցույց տվեցին, որ ամենակարևոր հարցի վերաբերյալ մեծ հաշվով չկարողացանք հանրային քննարկում ձևավորել և որոշակի կոնսենսուսի գալ. մասնավորապես արցախյան հարցում, բանակի խնդիրների հետ կապված, անվտանգության հարցում:

Դիմելով խորհրդարան անցած ուժերին՝ Գոռ Հակոբյանն ասաց. «Որևէ մեկը, որը նույնիսկ ընտրություններին հավաքել է մեծամասնություն, թող չկարծի, որ ստացել է լեգիտիմություն ծրագրերի և արժեքների իմաստով: Մարդիկ ձայները ստացել են ժողովրդի կողմից, բայց այնպես չէ, որ այդ քվեով լեգիտիմություն են ստացել իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Ոչ թե ձայն է եղել ծրագրերի համար, այլ կոնկրետ անձին տրված ձայն: Կարևոր է այս երանգը հասկանալ, որ այնպես չլինի՝ մեկ ամիս անց հարցեր գան քննարկելու, ստորագրելու, կամ բանակցելու, մեկ էլ օրակարգում բարձրացվի մի հարց, որ ստացել ենք բնակչության այսքան տոկոսը, և մենք իրավունք ունենք սա անելու: Այս լեգիտիմությունը որևէ մեկը չի ստացել ու էական չէ՝ ինչքան ձայն են ստացել: Ոչ մեկ չի ասել, թե ինչ է անելու Արցախի, անվտանգության հարցում: Լեգիտիմություն ծրագրերի, գաղափարների համար ոչ մեկ չի ստացել»:

Գոռ Հակոբյանի համոզմամբ՝ քաղաքական դաշտում բոլոր խնդիրները բխում են 2015-ին փոփոխված Սահմանադրությունից: Հիշեցմանը՝ հետընտրական բախումներ էին կանխատեսում, սակայն հիմա տարօրինակ լռություն է, Գոռ Հակոբյանն ասաց՝ սա այն պատճառով է, որ մարդիկ ոչ թե ընտրել են Քոչարյանին կամ Փաշինյանին, այլ ընտրել են մեկը մյուսին դեմ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ Նիկոլ Փաշինյան-Տարոն Մարգարյան հարցուպատասխանը խորհրդարանում, Գոռ Հակոբյանը պատասխանեց. «Եթե նայեք՝ ընտրությունների ժամանակ իրենք ինչպես են իրար հետ հարաբերվել, ԱԺ-ում էլ նույն կերպ է լինելու, որը ոչ մի լավ տեղ չի տանելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930