«Ես հարգում եմ իմ անցած ճանապարհը ԲՀԿ-ում, շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ ինձ քաղաքական ասպարեզ բերեց և հնարավորություն տվեց, որ կայանամ որպես քաղաքական գործիչ: Բայց, այո, խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք հստակ աշխատել են իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ, նրանք ամենակեղտոտ ստերով կեղծ նյութեր էին գրում ֆեյսբուքում և պարոն Ծառուկյանի մոտ այն ներկայացնում էին որպես հասարակության կարծիք Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի մասին»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից իր դուրս գալու պատճառներին:
Խոսելով արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության եւ անհրաժեշտ շեմը չհաղթահարելու մասին էլ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կանխատեսելի՞ էր, որ ԲՀԿ-ն չէր անցնելու խորհրդարան. որ հինգ տոկոսի շեմը չի անցնի, ես դա չէի կանխատեսում: Ես գիտեի, որ իրենք հավաքելու են նվազագույն տոկոսներ, իմ կանխատեսումը 6,5-7 տոկոս էր: Երբ պարոն Ծառուկյանը սոցիոլոգիական հարցումներ էր պատվիրում, ես գիտեմ, թե երիտասարդներից ովքե՞ր էին սոցհարցումներ անում ու պարոն Ծառուկյանին ներկայացնում այնպես, թե 26- 27 տոկոս: Ես գիտեմ, որ մարդիկ ցուցակում իրենց տեղը ամրագրելուց հետո, առաջին տասնյակում պատգամավորության թեկնածուներ, գնում էին մարզերում հանդիպումների եւ տեղում տեսնում էին խնդիրները եւ երբ ասում էի`գնացեք, պարոն Ծառուկյանին ասեք, ասում էին`մեզ պե՞տք է, միեւնույն է, մենք առաջին հնգյակում ենք, տասնյակում ենք, միեւնույն է`մենք անցած ենք: Գագիկ Ծառուկյանին մատուցել են կոմֆորտ սուտ և նրանցից մեկն ինձ անընդհատ ասում էր`մի ասա ճշմարտությունը, ասա այն, ինչ ուզում է լսել: Իմ շատ հարգելի պարոն Ծառուկյան, հիշո՞ւմ եք, մեր վերջին խոսակցության ժամանակ էլ ես ասացի` ես ձեզ չեմ ստելու, ես ասելու եմ ճշմարտությունը: Ցավոք, ձեր կողքին եղած մարդիկ գերադասեցին շաքարակալած սուտը, ԲՀԿ-ն մնաց անպաշտպան`մերկ իրականության հետ: Մեկն ասել է`15 հազար ձայն կբերեմ, մեկը`8 հազար, արդյունքում նրանք ամենաքիչ ձայներն են բերել: Բայց երբ քաղաքական թիմը, Գագիկ Ծառուկյանը իմանային խնդիրները, թույլ կողմերը`կաշխատեին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ