«Հասկանալի է, որ պատերազմի հետեւանքները վերացնելու համար գնում ենք նման գործողությունների, բայց իմ կարծիքով՝ օրենքը կիսատ-պռատ է։ Ունքը սարքելու տեղը հնարավոր է՝ աչքն էլ հանենք»,-Արցախի ԱԺ արտահերթ նիստում այսօր ԱՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ արտահերթ նիստում Հայկ Խանումյանը զեկուցում է օրենսդրական փաթեթ, որով սահմանվում են ռազմական դրության ժամանակ պետության կողմից քաղաքացիներին պատկանող գույքի տնօրինման դեպքերը, ինչպես նաեւ՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրության ռեժիմի սահմանափակումները խախտելու դեպքերի համար։ «Եթե գյուղից մարդը թողել-գնացել է այլ երկիր ապրելու, ունի թողած սեփականություն, որը կիսախարխուլ վիճակում է, այս օրենքով այդ սեփականությունը վերցնում ենք, այսինքն՝ պետությունը ծախս է անում, նորոգում։ Հետո պետությունը պետք է սեփականատիրոջը վարձահատույց լինի»,-շարունակեց Կարեն Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշ սեփականատերերի տները գուցե այդպես կդարձվեն անտուն մնացած քաղաքացիների համար կացարաններ։
Հայկ Խանումյանը պատասխանեց, որ գյուղերում նման գործընթաց կա դեռեւս նոյեմբերից, երբ գյուղերը ներկայացրել են ազատ բնակֆոնդի ցուցակ․ «Մարդիկ ապրում են այնքան, որ տան համար ենթադրվելիք վարձի գումարը լրանա նորոգման գումարի մեջ։ Դա օպերատիվ լուծում է եղել։ Հարյուրավոր գյուղական տներ այսօր բնակեցված են։ Դրա շնորհիվ դպրոցներից մի քանիսի աշակերտների թիվն ավելացել է։ Իսկ օրենքը սրա իրավական հիմքն է ապահովում։ Գյուղի եւ քաղաքի միջեւ այս առումով տարբերություն չկա»։
Կարեն Հովհաննիսյանը շեշտեց՝ չի ուզում տպավորություն ստեղծել, թե դեմ է տեղահանված ընտանիքների խնդրի լուծմանը, բայց այս օրենսդրական փաթեթը հարվածում է սահմանադրության հիմքերին, սեփականության իրավունքին․ «Եկեք ավելի լուրջ մոտենանք, խորքային լրամշակենք»։
Կարդացեք նաև
Խանումյանը պատասխանեց՝ քննարկումները խրախուսվում են․ «Սակայն հանդիպում ենք դեպքերի, երբ գյուղում անձի տունը դատարկ է, ժառանգները բոլորը ՌԴ-ում են, եւ մինչեւ փաստաթղթավորման հարցերը պարզելը գյուղապետն այն վերցրել է, նորոգել տվել ու ընտանիք է պահում։ Գյուղապետին պետք է չէ՞ ինչ-որ իրավական նորմերով պաշտպանենք»։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նկատեց՝ 20 000 -ից ավելի տեղահանված քաղաքացիների կացարանով ապահովելու խնդիր ունեն․ «Ի՞նչ անենք։ Այս օրենքն անձին չի զրկում սեփականության իրավունքից։ Բռնի տեղահանվածներին ապահովելուց հետո գույքը վերադարձվելու է սեփականատիրոջը։ Հավատացնում եմ, որ գյուղական համայնքներից բողոքներ չկան այս օրենքնի վերաբերյալ։ Քաղաքային համայնքներից են բողոքում մի քանի տասնյակ քաղաքացիներ, բայց նրանց կողքին քսան հազարից ավելի բռնի տեղահանվածներ ունենք։ Ի՞նչ անենք, ո՞նց անենք»։
Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց՝ չի ուզում զգացմունքային ելույթներ ունենալ, բայց եթե կառավարությունը պետք է ըստ ճաշակի փոփոխություններ անի, սխալները հնարավոր են․ «Ամբողջը պետք է կարգավորվի օրենքով, ոչ թե կառավարությունը պահի տակ կամ մի ամսում նման բան անի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ