Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք». Սամադ Սեիդովը` Նաիրա Զոհրաբյանին

Հունիս 29,2021 14:47

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զարմացած է, որ հարգարժան բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման փաստով ընդամենը յոթ պատգամավոր է երաշխավորություն ստորագրել, այն պարագայում, երբ շատ դեպքերում նույնիսկ մարդասպանի դեպքում կալանքը չի ընտրվում խափանման միջոց: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ անհատական երաշխավորություններն ուղարկված են պատկան մարմիններին: Նա հույս ունի, որ առաջիկա դատական նիստում դրանք հաշվի կառնվեն:

Բանախոսը հիշեցնում է, որ երբ գործող իշխանությունը սկսեց արդարադատության համակարգի բարեփոխումները, դրանցում հիմնական ուղերձն այն էր, որ կալանքը պետք է լինի ծայրագույն միջոց: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ հայտնի ձայնագրության մեջ մարդկանց վրա բռնանալու, ազատ կամարտահայտությունը ճնշելու ոչ մի դրվագի չի հանդիպել, բայց չի էլ ասում, թե ենթադրյալ հանցագործությունը պետք է կոծկվի, խոսքը վերաբերվում է ընդամենը խափանման միջոցին:

Խոսելով Բաքվում գտնվող հայ ռազմագերիների հարցի մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գերիների ծնողներին ասել է, որ իրենից կախված ամեն ինչ անելու է, որ հնարավոր լինի նրանց որդիների վերադարձը: Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ ԵԽԽՎ-ում ռեֆորմիստների եւ ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո, մոտ 40 րոպեանոց առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, նա հերքելով եւ մերժելով իր բերած բոլոր փաստարկները՝ կրկնել է իր երկրի քաղաքական ղեկավարության հայտնի կարծրատիպային պատասխանը, թե ռազմագերիներ չունեն, իրենց մոտ ահաբեկիչներ են:

Սեիդովը նաեւ հայտարարել է, որ իր երկրին փոխանցված Ակնայի ականապատման քարտեզների 50 տոկոսը ֆեյք են: Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, ադրբեջանցի պատվիրակը շատ կեղտոտ նախապայման է դրել՝ ասելով, որ կարող է Հայաստանի իշխանություններին փոխանցել, որ իրենք պատրաստ են քննարկել ռազմագերիների վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: «Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը`պնդելով, որ հայկական կողմը զենքերը չպետք է վայր դնի եւ շարունակի Ադրբեջանի վրա ճնշման այլ միջոցներ կիրառել: Նրա պնդմամբ, Ադրբեջանի վրա կոնկրետ սանկցիաներ պետք է կիրառվեն, քանի որ բանաձեւերի եւ հայտարարությունների վրա այդ երկրում «թքած ունեն»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում առաջարկել էր կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի եւ կլանի եվրոպական եւ բրիտանական հաշիվների վրա, ադրբեջանական պատվիրակությանը որոշակի ժամանակով զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, եվրոպական կառույցներին հորդորել էր օգտագործել պատժամիջոցներ կիրառելու իրենց իրավունքը, ինչպես դա անում էին Ալեքսեյ Նավալնիի դեպքում:

Պատգամավորն ասաց, որ ԵԽԽՎ-ում իշխանական պատգամավորները ևս փորձում են աշխատել`իրենց հնարավորությունների սահմաններում, այլ հարց է դրա արդյունավետությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930