Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարգացող տնտեսությունները կվերադառնան տնտեսական աճի 4,2 տոկոս ցուցանիշին. ՎԶԵԲ-ի կանխատեսումները

Հունիս 29,2021 14:20

Ըստ ՎԶԵԲ-ի նոր կանխատեսումների, այս տարի վերականգնումը տեմպեր է հավաքում, իսկ 2022 թվականին դրան կհաջորդի 3,9 տոկոս աճը

•ՎԶԵԲ-ը 2021 թվականի համար կանխատեսում է ավելի բարձր տնտեսական աճ՝ 4,2 տոկոս (3,6 տոկոսի փոխարեն)

• Արդյունաբերական արտադրությունը և մանրածախ առևտուրը հիմնականում վերականգնվել են Covid-19-ի հետ կապված սահմանափակումների թուլացումից հետո

•Խթանման փաթեթները բարձրացրել են պետական պարտքը միջին հաշվով ՀՆԱ-ի 11 տոկոսային կետով

Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում զարգացող տնտեսությունների վերականգնումն արագանում է Covid-19 համաճարակից հետո, 2021թ.-ին 4.2 տոկոս աճ է ակնկալվում, ասված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերջին զեկույցում, որը լույս է տեսել այսօր:

Սա վերանայված կանխատեսում է 2021թ.-ի համար՝ 2020 թ.-ի հոկտեմբերով թվագրված իր նախորդ զեկույցում Բանկը կանխատեսել էր 3.6 տոկոս աճ: 2022թ.-ին ՎԶԵԲ-ը ակնկալում է հետագա կայուն ընդլայնում` 3.9 տոկոս աճով: Արտադրության անկումը 2020-ին նույնպես ավելի չափավոր էր, քան կանխատեսվում էր նախկինում (2,3 տոկոս՝ 3,9 տոկոսի փոխարեն), արտահանման և ֆինանսական ուժեղ աջակցության շնորհիվ, անցյալ տարվա վերջին ընդհանուր տնտեսական միջավայրի բարելավումից հետո:

ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկն ասել է. «Չնայած վերանայված կանխատեսումները լավատեսության հիմքեր են տալիս, դեռ հսկայական անորոշություն կա Covid Delta տարբերակի հետ կապված, որը հատկապես մեծ ռիսկեր է պարունակում այն երկրների համար, որոնք պատվաստումների առումով ավելի քիչ առաջընթաց են գրանցել և խիստ կախվածություն ունեն միջազգային զբոսաշրջությունից: 2020թ.-ի պատկերը բազմազան է: Մինչ Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրները լավ արդյունքներ ցույց տվեցին եվրոպական շատ առաջատար տնտեսությունների համեմատ՝ ապրանքների արտահանման կայուն վերականգնման շնորհիվ, զբոսաշրջությունից մեծապես կախված տնտեսությունները ծանր հարված ստացան: Իսկ այն երկրներում, որոնք տառապում էին տնտեսական դժվար պայմաններից նախքան համաճարակը, Covid-19-ը միայն էլ ավելի բարդացրեց առկա խնդիրները»:

Պատվաստումների ծրագրերի տարածման տեմպերը և առողջապահական վիճակի բարելավումը թույլ տվեցին աստիճանաբար հանել սոցիալական հեռավորության պահանջը և այլ սահմանափակումները: Արդյունքում, տնտեսական աշխուժությունը վերսկսել է. արդյունաբերական արտադրությունը և մանրածախ առևտուրը հիմնականում վերականգնվել են, և այն երկրներում, որտեղ Բանկը ներդրումներ է կատարում, մարդկանց միջին շարժունակությունը հիմնականում վերադարձել է նախահամաճարակային մակարդակին:

Հումքային ապրանքների ավելի բարձր գները խթանել են արտահանողների եկամուտները, մշակող արտադրության արտահանումների պահանջարկը մեծ է: Մշակվող արտադրության արտահանողները շահում են ծառայություններից դեպի արտադրություն ժամանակավոր շեղումից:

Այնուամենայնիվ, միջազգային զբոսաշրջության հեռանկարը մնում է խիստ անորոշ, դեռևս համատարած՝ ճանապարհորդության սահմանափակումների պատճառով, և զբոսաշրջությունից կախված տնտեսությունները շարունակում են ծանր տուժել: Միևնույն ժամանակ, ՎԶԵԲ-ի գործունեության երկրների մեծ մասում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը մնում է նախաճգնաժամային մակարդակից շատ ավելի ցածր:

Հումքային ապրանքների ավելի բարձր գները, մշակող արտադրության ապրանքների պահանջարկի աճը, արտարժույթի արժեզրկումը և առևտուր իրականացնող գործընկեր երկրներում մեծացող գնաճի հետևանքով բարձրացրել է նաև ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում գնաճը (միջինում 0,8 տոկոսային կետով ՝ համեմատած նախահամաճարակային իր մակարդակի հետ), չնայած շատ երկրներում աշխատաշուկաների անկմանը:

Թերթերի վերնագրերում նշվող թվերը չեն արտացոլում մարդկանց վրա Covid-19-ի ազդեցության զգալի տարբերությունները՝ հատկապես տուժում են երիտասարդներն ու կրթության և եկամուտների ցածր մակարդակ ունեցողները:

Ավելին, հարկաբյուջետային խոցելիություններն աճել են, քանի որ խոշոր խթանող փաթեթները բարձրացրել են ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում պետական պարտքը միջինում ՀՆԱ-ի 11 տոկոսային կետով: Շատ երկրներում պետական պարտքն այժմ գտնվում է այն մակարդակներում, որոնք վերջին անգամ գրանցվել էին վաղ 1990-ականների անցումային ռեցեսիայի ընթացքում, և դրանք կարող են էլ ավելի աճել: Չնայած սնանկությունների թիվը մինչ այժմ հնարավոր է եղել զսպել քաղաքական լայնածավալ օժանդակության շնորհիվ, խոցելիությունը կարող է աճել, երբ դադարեցվեն կառավարության կողմից աջակցության միջոցառումները:

Պրոֆեսոր Յավորչիկը հավելել է. «Մեր գործունեության երկրները անցած տարվա ընթացքում առաջընթաց են գրանցել թվային անջրպետը հաղթահարելու գործում, չնայած դեռ ավելի հավանական է, որ առցանց գնումներ կկատարեն ավելի հարուստ տնային տնտեսությունները, ավելի կրթված անձինք և քաղաքային բնակավայրերում բնակվողները: Ավելի աղքատ երկրներում այս օրինաչափությունն ավելի ցայտուն է»:

Չնայած փոխառությունների միջին արժեքը մնում է ցածր, իսկ տոկոսագումարների վճարումները կայուն են, որոշ երկրներում տոկոսավճարների կտրուկ աճ է նկատվել:

Կանխատեսումները խիստ կախված են Covid-19 վարակի տարածման ուղուց, կառավարությունների քաղաքականությանն առնչվող ենթադրություններից և շարունակական տնտեսական վնասը սահմանափակելունն ուղղված քաղաքականությունների արդյունավետությունից: Վերականգնման հիմքում ընկած՝ յուրաքանչյուր երկրին բնորոշ քաղաքական նախաձեռնությունները ամփոփված են ՎԶԵԲ-ի «Կորոնավիրուսային համավարակի արձագանքման միջոցառումները 2021թ.-ին. Ավելի որակյալ վերականգնում» :

Տարածաշրջանային պատկերը

Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում արդյունաբերական և մշակող արտադրության արտահանումը վերականգնվել է, վերականգնվում են նաև ծառայությունները: Ենթադրվում է, որ 2021 թ. –ին արտադրանքը կաճի 4.8% -ով, իսկ 2022 թ.-ին՝ 4.6% -ով, արտացոլելով տնային տնտեսությունների կողմից զգալի սպառումը և ներդրումները և աջակցությունը ԵՄ վերականգնման ֆոնդերի կողմից:

Ակնկալվում է, որ Եվրամիության հարավարևելյան մասում ՀՆԱ-ն 2021թ.-ին կաճի 5,2 տոկոսով, իսկ 2022 թ.-ին՝ 5 տոկոսով, քանի որ ֆինանսական աջակցությունը և առաջիկա տարիներին ԵՄ վերականգնման համար խոշոր ֆինանսավորման հեռանկարը ամրապնդում են ներդրողների և սպառողների վստահությունը: Այնուամենայնիվ, զբոսաշրջության վերաբերյալ շարունակական անորոշությունը բացասաբար է ազդում հեռանկարների վրա:

Կանխատեսվում է, որ Արևմտյան Բալկաններում 2021 թ.-ին արտադրանքի ցուցանիշը կաճի 5,1 տոկոսով`արտացոլելով այս տարվա՝ առ այսօր գրանցված ուժեղ արդյունքները և կայուն ֆինանսական խթանումը: Այնուամենայնիվ, ճանապարհորդության սահմանափակումների շուրջ շարունակական անորոշությունը ազդում է զբոսաշրջությունից կախված երկրների հեռանկարների վրա: Ակնկալվում է, որ 2022թ.-ին աճն ավելի չափավոր կլինի՝ 3,8 տոկոս:

Ակնկալվում է, որ Ռուսաստանում արտադրանքը կաճի 3,3 տոկոսով 2021 թվականին և 3 տոկոսով 2022 թվականին, քանի որ գործունեության սահմանափակումների մեղմացումը նպաստում է ներքին պահանջարկի վերականգնմանը: Ակնկալվում է նաև, որ հումքային ապրանքների գների բարձրացմամբ պայմանավորված աճը մասամբ կփոխհատուցվի ավելի չեզոք հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքական դիրքորոշմամբ:

Արևելյան Եվրոպայում և Կովկասում սպասվում է տնտեսական աճ՝ 2021թ.-ին 2,8 տոկոսով, իսկ 2022թ.-ին՝ 3 տոկոսով, քանի որ հանվում են արգելափակումները, և արտահանման պահանջարկը շարունակում է մեծ լինել: Հումքային ապրանքների ավելի բարձր գները նպաստում են արտահանողների շրջանում վերականգնմանը:

Կենտրոնական Ասիայի համար կանխատեսումները նույնպես վերանայվել են՝ դեպի ավելի բարձր ցուցանիշներ, չնայած վերականգնումը հեռու է միատարր լինելուց: Ենթադրվում է, որ 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում ցուցանիշները կաճեն 4,5 տոկոսով՝ արտացոլելով հումքային ապրանքների ավելի բարձր գները, որոնք օգուտ են բերում արտահանողներին, ինչպես նաև դրամական փոխանցումների վերականգնումը:

Ակնկալվում է, որ Թուրքիայի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով 2021 թ.-ին և 4 տոկոսով 2022 թ.-ին՝ արտահանումներով պայմանավորված, մինչդեռ ներքին պահանջարկը շարունակում է մնալ կաշկանդված՝ զսպման շարունակական միջոցառումների և տնային տնտեսությունների ավելի թույլ ֆինանսական դիրքերով պայմանավորված:

Ակնկալվում է, որ Միջերկրական ծովի հարավային և արևելյան հատվածներում 2021 թ.-ին արտադրանքը կաճի 3,5 տոկոսով, չնայած վերականգնման արագությունը տատանվում է երկրից երկիր՝ արտացոլելով զբոսաշրջության դանդաղ վերականգնումը, աճող հարկաբյուջետային ճնշումները և քաղաքական անորոշությունը: Ակնկալվում է, որ 2022 թվականին տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս, ինչին կօժանդակեն կառուցվածքային բարեփոխումները և օտարերկրյա ներդրումների և առևտրի հոսքերի վերականգնումը:

Աքսել ՌԵՅՍԵՐԵՐ

ՎԶԵԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930