Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետության 75%-ը չկա, տասնյակ 1000-ավորներն անտուն են, արդեն իսկ ձախողված ենք․ նրանց խնդիրը պետք է լուծենք»․ Հայկ Խանումյան

Հունիս 29,2021 13:42

«Պարոն Խանումյան, շատ հետաքրքիր է՝ դուք եւ կառավարության անդամներն այս օրինագիծը ներկայացնելու ժամանակ ծանո՞թ էիք համաշխարհային հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլու «Ինչպես են ձախողում պետությունները» գրքի հետ եւ բովանդակությանը»,-Արցախի ԱԺ արտահերթ նիստում այսօր ԱՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին հարցրեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է օրենսդրական փաթեթ, որով սահմանվում են ռազմական դրության ժամանակ պետության կողմից քաղաքացիներին պատկանող գույքի տնօրինման դեպքերը, ինչպես նաեւ՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրության ռեժիմի սահմանափակումները խախտելու դեպքերի համար։

Հայկ Խանումյանն արձագանքեց․ «Այո, ես այդ գրքին շատ լավ ծանոթ եմ։ Եթե սեփականության իրավունքի բացարձակության մասին ենք ուզում դատողություն անել, ապա ինձ համար էլ այդ իրավունքը կարեւորագույն իրավունքներից է, բայց այն սահմանափակվող իրավունք է։ Մեր սահմանադրության մեջ այն հոդվածների շարքում է դա, որոնք ենթակա են սահմանափակման որոշակի իրադրության պայմաններում, այդ թվում՝ միջազգային պարտավորությունների շրջանակում։ Որեւէ մեկը չի զրկվում գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա տեղի է ունենում ի շահ հանրության։ Լավ օրից չի, որ այդ իրավունքը սահմանափակվում է։ Այս իրավունքի սահմանափակմամբ նպատակ ունենք ունենալ ավելի դրական արդյունք այն մարդկանց համար, որոնք մինչեւ այսօր, օրինակ` կացարան չունեն, թեեւ օրենքն ավելի լայն գույքային հարաբերություններին եւս վերաբերում է։ Միայն անշարժ գույքին չի վերաբերում»։

Դավիթ Իշխանյան

Դավիթ Իշխանյանը կասկած հայտնեց՝ այս օրենսդրական փաթեթը շենացնելո՞ւ նպատակ ունի, թե ձախողման է հանգեցնելու։ Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Պետությունն արդեն իսկ ձախողել է։ Եթե պետության 75%-ը չկա, տասնյակ հազարավոր անտուն մարդիկ կան, արդեն իսկ ձախողված ենք։ Մենք այդ մարդկանց խնդիրները պետք է լուծենք։ Վերջնական ձախողում կլինի այն դեպքում, երբ այս մարդկանց կորցնենք հավերժ»։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ իր հերթին ասաց․ «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավելի դաժան որոշում ունեինք։ Ովքեր վեց ամիս չեն բնակվել Արցախում, նրանց բնակարանները վերցվել են։ Բազմաթիվ նման դեպքեր կան։ Իմ ցանկությունն է եղել, որ որքան հնարավոր է՝ օրենքը մեղմացվի, որպեսզի խնդիր լուծենք։ Ժամերով կարելի է խոսել, որ այս օրենքի ընդունումը ճիշտ է կամ սխալ։ Լավ կյանքից չի, որ այս փաթեթը մտել է խորհրդարան արտահերթ ռեժիմով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930