Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհանգստանում էի` բա որ չսիրե՞ն ներկայացումը, բայց ֆուրոր եղավ». Նարինե Գրիգորյան

Հունիս 29,2021 13:25

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը «Փամփլիկը» ներկայացմամբ մասնակցել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական հեղինակավոր փառատոնին: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ Հայաստանի թատերական գործիչների միությանը հարցադրում էր եղել, թե ինչ ներկայացում կարելի է հրավիրել 15-րդ միջազգային Չեխովյան փառատոնին, միությունն էլ որոշում էր կայացրել «Փամփլիկն» ուղարկել փառատոնին:

Արման Նավասարդյան

«Հունիսի 24-ին մեկնել ենք, 26, 27-ին խաղացել ենք Մոպասանի «Փամփլիկը»` Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ: Կազմը մեծ էր, ներկայացումը` ծավալուն: Առաջին օրը հյուրընկալել ենք նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանին, մի շարք անվանի հայազգի գործիչների, ինչպես նաեւ ռուս գործընկերների, մեծաթիվ հանդիսատեսի եւ ազգությամբ ռուս արվեստի գործիչների»,-ասաց Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, հունիսի 27-ին իրենց վերջին ներկայացումն անակնկալ ավարտ է ունեցել. «Ներկայացումից հետո փառատոնի գլխավոր տնօրեն Վալերի Շադրինը մեզ հավաքեց բեմում, ասաց` դուք այնքան տաղանդավոր եք, այնքան լավն եք, որ չենք ուզում ձեզանից բաժանվել, ձեր ներկայությունը քիչ վայելել: Կա մի նոր փառատոն` Վլադիվոստոկի խաղաղօվկիանոսյան միջազգային առաջին փառատոնը, որի հեղինակը Եվգենի Միրոնովն է, ձեզ հրավիրում ենք այդ փառատոնը զարդարելու: Իմիջիայլոց, այդ փառատոնին ներկա կլինի նաեւ Ջեյմս Տիերեն` Չարլի Չապլինի թոռը, կլինի նաեւ մի ճապոնական հայտնի թատրոն»:

Արման Նավասարդյանը հպարտությամբ շեշտեց, որ իրենց մասին շատ դրական կարծիքներ են հնչել. «Հպարտության շատ պահեր ենք ունեցել, մի բան, որ վերջին շրջանում պակասում էր մեզանում: Մենք բարձր ենք պահել մեր երկրի անունն ու պատիվը»:

Սոնա Մելոյան

Թատերագետ Սոնա Մելոյանը, որը Համազգայինի հետ մասնակցել է Չեխովյան փառատոնին, ասաց, որ շնորհակալություն է հայտնում Համազգային թատրոնին այն պահերի համար, որ ապրել են. «Առաջին ներկայացումից հետո երրորդ անգամ բեմ հրավիրեցին դերասաններին, բրավոն էլ կարծես երբեք չէր ավարտվելու, բոլոր նրանք, ովքեր Երեւանից էինք եկել, կանգնած լաց էին լինում, որովհետեւ այս 8 ամսվա ընկճվածությունից հետո այդ հաղթանակի զգացողությունը, որ ունեցանք, այնքան մեծ բան էր»:

Նարինե Գրիգորյան

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասում է, որ նոր է հասկանում, թե ինչ է տեղի ունեցել` տարիներ առաջ իբրեւ երիտասարդ ռեժիսոր մասնակցել է Չեխովյան փառատոնի ամառային դասընթացներին, եւ այս տարի հանկարծ գլխավոր ծրագրում է, ու իր թատրոնն էլ ուղղակի փայլում է. «Ես էլ էի անհանգստանում, բա որ հանկարծ չսիրեն ներկայացումը, բայց իսկապես ֆուրոր եղավ»:

Շնորհակալություն հայտնելով բոլորին` Նարինե Գրիգորյանը հավելեց. «Միշտ թվում է, թե հորիզոնը ահա փակվում է, էլ ի՞նչ կարող է լինել: Ու մեկ էլ հանկարծ ավելի մեծ հորիզոն ես տեսնում: Երեկ արդեն թատրոնին Մոսկվայից նամակ է ուղարկել հանդիսատեսը, ասում են` գալու ենք Երեւան եւ շատ ուզում ենք գալ ձեր թատրոն»: Ու որպեսզի «դրսից» եկած հանդիսատեսի համար լեզվական խնդիր չառաջանա, թատրոնում մտածում են, որոշ ներկայացումների համար ենթագրեր օգտագործել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930