Այսօր վաղ առավոտից բողոքի ցույց է Շիրակի մարզի Բենիամին համայնքի «Կարկաչան» ռեստորանի մոտ։ Մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները փակել են Երևան֊Գյումրի մայրուղու Ազատան֊Բենիամին հատվածը` պահանջելով իրենց ապահովել ոռոգման ջրով։ Բանն այն է, որ գյուղացիները հայտնվել են սննկացման եզրին, Կառնուտի ջրամբարի ջուրն է պրծել, այլևս չեն կարողանում ոռոգել կարտոֆիլի ցանքատարածությունները։
Ցույցին մասնակցող Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Էս խեղճ ժողովուրդը դեռ երկու ամիս առաջ ասում էր` ջուր բերեք, լցրեք Կառնուտի ջրամբար, խոստացան ու չարեցին։ Հիմա էլ կրախի առաջ են կանգնել։ Մեռանք ասելով`Արփի լճում լիքը ջուր է, այդ լճից բերեք, լցրեք Կառնուտի ջրամբար, թող էլի գիշերները չքնեն, ջրեն։ Սաղ գիշեր մարդիկ դաշտերում են, երկու օրից մի գրամ ջուր չի լինի Կառնուտի ջրամբարում։
Անցած տարի 17 միլիոն խորանարդ ջուր էին լցրել Կառնուտի ջրամբարում, այս տարի 9 միլիոն խորանարդ, այսինքն` ուղիղ կեսը։
Կարդացեք նաև
Հացը կորցրեցինք, հիմա էլ կարտոֆիլի ոռոգման սեզոնն է, կարտոֆիլն ենք կորցնում», ֊ասաց Ազատանի համայնքապետը։
Նա ասաց, որ դեռ ապրիլ ամսին ամեն շաբաթ այս խնդրով դիմել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին։
Նրանք մտածել են քաղաքական այլ հայացքներ ունեցող համայնքապետը հարցը քաղաքականացնում է։
«Թող հիմա էլ այդպես մտածեն, գյուղացին խայտառակ վիճակում է հայտնվել, էլ պետք չեն այդ ցանքատարածությունները, էլ իմաստ չկա, չեն ուզում, 2֊3 օրից Կառնուտի ջրամբարում էլ ջուր ընդհանրապես չի լինի՞,֊ասաց Վարդան Իկիլիկյանը։
Այս պահին ցուցարարներին հետ հանդիպման է գնացել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ