Արցախի հանրապետության ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ ՀՀ նախագահի կողմից այն լիազորված է ներկայացնելու ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նա նշեց, որ հիմնական փոփոխությունները հետեւյալն են․
-ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական-իրավաբանական անձանց գույքի օգտագործում՝ բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի։ Արցախի հանրապետությանը պատկանող գույքի պակասը գնահատվում է՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակության այլ հանգամանքներ։
-Գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՀ նախագահի լիազորած մարմիններն ու պաշտոնյաները գույքի սեփականատիրոջն առաջարկում են կառավարության կողմից վճարի դիմաց տրամադրել այն օգտագործման համար։ Գույքի վերադարձման անհնարինության դեպքում տրվում է փոխհատուցում։
-Գույքը լուսանկարվում եւ տեսանկարահանվում է։
Կարդացեք նաև
-Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում այն կարող է վերցվել հարկադիր կարգով՝ լիազորված մարմնի պատճառաբանված որոշման հիման վրա։
-Ռազմական դրության ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
-Ռազմական դրության ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությունը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 6 տարի ժամկետով։
-Ռազմական դրության ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, ինչը էական վնաս է հասցրել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին, կամ պետության, հասարակության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 2 հազարապատիկից մինչեւ 300 հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց՝ թեեւ փաթեթը մանրամասն քննարկվել է, բայց լավ կլիներ, որպեսզի արտախորհրդարանական ուժերն էլ կարծիք հայտնեին, կամ հանրային լսումներ կազմակերպվեին․ «Թեեւ ինձ ասացին, որ հարցումների արդյունքում բնակչության 90%-ը կողմ է այս նախագծին։ Որքանով է թիվը հավաստի, չեմ կարող ասել։ Դուք ինձանից լավ գիտեք, թե սոցիոլոգիական հարցումների պատվերն ում կողմից է լինում։ Սա արդարության տեսանկյունից եմ ասում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ