Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հորդորը չեք լսել». ընդդիմադիր հայացքներ ունեցողներին պարտադրում են աշխատանքից ազատվե՞լ. «Հրապարակ»

Հունիս 29,2021 10:39

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որը պետական ապարատի ոչ ՔՊ-ական պաշտոնյաներից ամենաքաղաքականացվածն ու ամենանիկոլականը դուրս եկավ, որոշել է քաղաքական դրդապատճառներով կադրային ջարդ իրականացնել Պետեկամուտների կոմիտեում։ Մեզ ասացին, որ ընտրություններից հետո Էդվարդ Հովհաննիսյանը հավաքել է իր աշխատակիցներին եւ հիշեցրել, որ ինքը դեռ ընտրություններից առաջ հորդորել էր քաղաքական լոյալություն պահպանել։ «Բայց դուք իմ հորդորը չեք լսել, ուստի խորհուրդ կտամ՝ նրանք, ովքեր չեզոք չեն եղել, դիմում գրեն-ազատվեն աշխատանքից»․ այսպես փոխանցեցին մեզ ՊԵԿ նախագահի բառերն իր աշխատակիցների հետ հանդիպումից։

Իսկ ՊԵԿ-ում բավականին շատ են ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցները, որոնք զզվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության անլուրջ ու պետականաքանդ գործունեությունից եւ չեն էլ թաքցնում իրենց վերաբերմունքն այդ հարցում։ Բայց զարմանալին այստեղ այն է, որ քաղաքական չեզոքությունից է խոսում մի մարդ՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որն ինքն է բացահայտ խախտում քաղաքական լոյալությունը՝ մասնակցելով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած միտինգներին, հրապարակավ հայտնում, որ իր ձայնը ՔՊ-ին էր տալու, զբաղվում ՔՊ-ի օգտին քարոզչությամբ, եւ այսպես շարունակ։ Նրա համար, փաստորեն, քաղաքական չեզոքությունն ընդդիմադիր հայացքներ ունենալն է, իշխանական լինելը կամ համակարգի ծառա լինելը չեզոքության խախտում չէ։

Մեր տեղեկություններով՝ թիրախավորված են մի խումբ աշխատակիցներ, որոնց մի մասին ասվել է՝ դիմում գրել-հեռանալ, մյուսներին առաջիկայում են ասելու։ Նրանք են ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի բաժնի պետ Բաբկեն Կարախանյանը։ Նրա անունը, ըստ որոշ տեղեկությունների, իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է անձամբ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել՝ որպես ազատման ենթակա պաշտոնյա։

Իր վերադասի՝ ՊԵԿ մաքսայինի գծով փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի կողմից նույն պահանջը ներկայացվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայությունում բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանին, որի մասին ասում են, որ ծառայության լավագույն աշխատակիցներից է, բայց քանի որ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի փեսան է, հետեւաբար ասել են՝ դիմում գրի-գնա։ Գիզիրյանը, հիշեցնենք, ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի պատասխանատուն էր։

Այլ անուններ եւս կան թիրախում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930