Զրուցեցինք Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանի հետ.
– Պարոն Մնացականյան, որպես ավագանու անդամ կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Հայկ Մարությանը, լինելով ՔՊ անդամ, թիմին չի աջակցել խորհրդարանական ընտրություններում: Եթե այո, ապա ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են խմբակցության կողմից:
– Այո, համամիտ եմ, եւ ոչ միայն համամիտ եմ, այլ վստահ եմ, որ չի աջակցել ու ընտրություններից առաջ էլ գիտեի, որ չի աջակցելու: Արայիկ Հարությունյանի կարծիքը կիսում եմ միանշանակ եւ կիսողները ավագանիում շատ-շատ են: Քայլեր ձեռնարկելու մասով այս պահին թույլ տվեք մեկնաբանություն չանեմ:
– Խմբակցության կողմից Հարությունյանի հայտարարությունն ինչպե՞ս է ընկալվել. կարծում եք պետք է որեւէ քա՞յլ ձեռնարկվի Մարությանի պաշտոնավարման դեմ:
Կարդացեք նաև
– Որպես էդպիսին կոնկրետ բան չկա, բայց ինձ թվում է՝ հնարավոր է, ինքս անձամբ կողմնակից եմ, որ նման պրոցես սկսվի: Չեմ ուզում թերագնահատել մինչ այս Մարությանի կատարած աշխատանքը, ամեն դեպքում աշխատանք կատարվել է եւ դա չի կարող չգնահատվել, բայց կա հարցի այլ կողմ. եթե դու թիմի անդամ ես, այդ թիմի շնորհիվ դառնում ես քաղաքապետ, աշխատում ես, ինչ-որ մի ճակատագրական փուլում (որովհետեւ մենք ընտրությունները գնահատում էինք որպես պետականության հարց) չեզոքություն պահպանելը իմ կարծիքով անթույլատրելի է: Ես առնվազն չեզոքություն եմ ասում, մյուս մասով չեմ ուզում մեղադրանքներ հնչեցնել: Դա իմ համար անընդունելի է, եթե նույնիսկ նրա տեղը լիներ հարազատ եղբայրս: Նկատի ունեմ՝ ինչքան էլ որ գնահատելի է նրա աշխատանքը, բայց երբ որ ամենածանր պահին չի կանգնում այն թիմի մեջքին, որն իրեն բերել է, դա անընդունելի է իմ համար ու ինձ թվում է շատ-շատերի համար:
– Պարոն Մնացականյան, ի վերջո ի՞նչ պետք է աներ քաղաքապետը, որ չի արել: Ի՞նչ կարող էր անել:
– Քարոզարշավին մասնակցեր կամ հանրային խոսքով աջակցեր քաղաքական թիմին: Պարտադիր չէ բակերում մեզ հետ ման գար, մեկն ասեր «ապագա կա», ինքն էլ գոռար՝ «կա ապագա»: Բայց կարող էր հանրային աջակցություն ցուցաբերել:
Հիշեցնենք, քաղաքապետին անվստահությունը նրա լիազորությունների դադարեցման հիմքերից մեկն է: Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ «համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը»:
Ընդ որում համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերին, իսկ սա նշանակում է, որ հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականին:
Մամուլում վերջին շրջանում տեղեկություններ կային, որ Երեւանի ավագանին ցրելու մեկ այլ տարբերակ եւս քննարկվում է. խոսքը նույն Տեղական ինքնակառավարման մասին օրենքով նախատեսված հետեւյալ դեպքի մասին է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր»:
Ըստ նույն հրապարակումների՝ Կառավարությունը նախատեսում է Երեւանին շատ մոտ 1-2 համայնք միացնել մայրաքաղաքին: Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես որեւէ հաստատում չեն ստացել:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Աշոտ Մնացականյանի ֆեյսբուքյան էջից