Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ տարի է գործելու «նախկինների» հնարքը

Հունիս 29,2021 10:00

Հայաստանի տարբեր մարզերում եւ բնակավայրերում խնդիրներ են առաջացել ոռոգման եւ խմելու ջրի հետ կապված: Այնպես չի, որ խնդիրը նոր է. որքան հիշում եմ, ամռանը ջրամատակարարման խափանումներ եղել են՝ անկախ ռեժիմների եւ իշխանությունների բնույթից: Դա չի նշանակում, որ եթե այսօր բույսերը եւ մարդիկ տառապում են ջրի բացակայությունից, ապա դրա մասին պետք չի գրել ու խոսել, պետք չի պահանջել, որ խնդիրը կարգավորեն ներկա պետական մարմիները, իսկ ջրից զրկվածներն իրավունք չունեն իրենց պահանջներն առաջ քաշելու:

Բայց, քանի որ այսօրվա իշխանությունների տեսանկյունից՝ չկա որեւէ թերություն կամ արատ, որի  համար նրանք կարող են մեղավոր լինել, եւ եթե կա որեւէ բացասական երեւույթ, ապա դրա պատասխանատուն նախկիններն են, ջրի դեպքում  էլ է գործում իրենց ավանդական «ատմազկան»:

Վարկածները երկուսն են. 1/ ջրերը անջատել է տվել Քոչարյանը, 2/ բա որ Ջրօգտագործման  ընկերությունները առաջ թալանում էին…

Առաջին վարկածը չքննարկենք՝ դրա սպառողները Փաշինյանի ընտրազանգվածի տիպիկ ներկայացուցիչներն են: Երկրորդ քարոզչական հնարքը հիմնված է մշտական «բա որ»-ի վրա: Բնակչության մեծ  մասին դա համոզիչ է թվում:

Բայց ես ունեմ դրան շատ պարզ պատասխաններ: Եթե դուք իշխանություն եք, դուք  չպիտի սահմանափակվեք ընդհանրական անհասցե մեղադրանքներով, այլ մանրամասն ցույց տաք, թե որտեղ եւ ինչ չարաշահում է եղել՝ դա է խնդիրը շտկելու միակ ճանապարհը: Եվ հետո՝ դուք ժամանակ ունեիք այդ թերությունը շտկելու համար, եւ քանի որ երեք տարի դա չեք արել, ուրեմն պատասխանատվությունը ձերն է, ոչ թե նախկիններինը:

Եվ ամենակարեւոր հարցը. քանի՞ տարի է հնարավոր սեփական անճարակությունը արդարացնել «նախկիններով»՝ 5, 10, 20 տարի: Այդ վերջին հարցի պատասխանն ակնհայտ է՝ այնքան ժամանակ, որքան դա «ուտվում» է քաղաքացիների մեծամասնության կողմից: Առայժմ այդ հնարքն աշխատում է, եւ վերջին ընտրությունները դրա ապացույցն են:

Ջրի հարցը գուցե ամենակարեւոր խնդիրը չէ՝ պարզապես ես դա բերել եմ որպես օրինակ, որպես իշխանության քարոզչության հարացույց (մոդել): Որ ոլորտին էլ ձեռք տաս, միանգամից  «բուսնում է» նախկինների ստվերը, որը շատ արագ ծածկում է ներկաների բոլոր արատներն ու ձախողումները: Պատերազմում կրած ամոթալի պարտությունից սկսած եւ հայտնի բժշկի կալանավորմամբ վերջացրած՝ գործում է այս ամենազոր միջոցը՝ «բա որ էն վախտ այսպես էր, դա լա՞վ էր»: Հարցը, բնականաբար, հռետորական է. իհարկե վատ էր, բայց ով ասաց, որ հիմա էլ պետք է վատ լինի:

…Հերթական շփումս քաղաքացու հետ: «Բա ե՞րբ է մեր երկիրը դզվելու»: «Ի՞նչ իմանամ»: «Ուղղակի մեղք է մեր ժողովուրդը, միշտ խաբվում է»: «Է՜, թող չխաբվի»: «Չի ստացվում՝ համոզողներն օձի լեզու ունեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Հուսադրող հանգամանքներից է այն, որ նախկինի հանդեպ կարոտախտով տառապողները չնչին փոքրամասնություն են կազմում(տես ընտրությունների արդյունքները):

  2. Ռուբեն says:

    Նախկինները և նորերը նույն որակի իշխանություններ են, պարզապես իշխանություն-ընդդիմություն ժամանակային դերերն են փոխվել: Նրանք միմյանց դեմ պայքարի իմիտացիա են ստեղծում, որպեսզի իրենց երկրպագուների ծափահարությունները կորզեն, բայց իրականում ոչ մեկը մյուսին չի ուզում արագ հաղթել: Այդ էին վկայում նախկինների ձգձգվող դատավարությունները, առաջիկայում էլ նախկիններ-նորեր իմիտացիոն պայքարի թատրոնը կշարունակեն խորհրդարանում (կարելի է նախապես պատկերացնել նրանց բանավեճերի որակը): Եվ ամենակարևորը՝ միմյանց հաղթելու պրոցեսը կձգձգեն: Եթե նրանցից մեկը արագ հաղթի մյուսին, ապա հաղթողը հասարակությունից պատվեր կստանա հաջորդը հաղթել արտաքին թշնամուն, ազատագրել Արցախը: Իսկ այդ դժվարին գործին պատրաստ չեն ոչ նորերը, ոչ էլ նախկինները: Նրանց ավելի հեշտ է միմյանց վրա ցեխ շպրտելով մնան արյունաքամ լինող մեր երկրի գլխավոր հերոսները: Իսկ մեր գերիներին ազատելը, Սև լճի տարածքից թշնամուն դուրս շպրտելը, մեր բանակն արագ վերազինելը նրանցից ոչ մեկի առաջիկա պլանների մեջ առաջնահերթ տեղ չի զբաղեցնում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930