Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Այս ընտրությունները կարեւոր էին այն առումով, որ բոլորս վերհիշեցինք վարպետ Մուկուչյանի՝ թվերը նկարելու արվեստը»

Հունիս 28,2021 23:13

Հայաստանի քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչները շարունակում են քննարկել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նշանակությունը:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ասում է. «Այս ընտրությունները կարեւոր էին այն առումով, որ բոլորս պետք է ճանաչենք մեր հասարակությունը եւ բոլորս պետք է վերհիշենք վարպետ Մուկուչյանի՝ թվերը նկարելու արվեստը: Դժվար է այսօր գտնել մեկին, որը կհավատա, թե իշխանական թեւը հավաքել է նկարած 53,92 տոկոսը: Սա, անշուշտ, լեգիտիմության նմանակում է: Մենք ունեցել ենք ժողովրդավարության նմանակում, իրավական պետության այս կամ այն ինստիտուցիոնալ կառույցների նմանակում: Բայց լեգիտիմության նմանակում ուղղակի չենք ունեցել:

Կարծում եմ՝ ողջունելի է մի բան, որ ընտրողների ցուցակի կեսը գնացել է ընտրատեղամաս, ինչը շատ կարեւոր է: Ափսոս, որ մյուս կեսը չի գնացել: Եվ ես համոզված եմ՝ այն թիվը, որ հնչեցվում է, դրա բավականին մեծ զանգվածն է ընտրել իր սրտի վարչապետին: Դա մոտավորապես 400-420 հազար է: Մնացածը վարչական ռեսուրսն է, բանակը, քրեակատարողականը: Դա բավականին հեշտ է հաշվել: Ի դեպ, պետական գաղտնիք չէ, ինչպիսին գերիների գաղտնի պահվող թիվն է: Շատերն ասում են, որ Հայաստանում կա շուրջ 250 հազար աղանդավոր: Ես կարծում եմ՝ նրանք ընտրել են իրենց կամոք եւ նրանց ձայները ինչ-որ առումով օրինական են: Դրա մասին թող մտածեն գիտության, կրթության, սոցիումի, ընդհանրապես հասարակագիտության, հասարակության համար պատասխանատուները, եկեղեցին: Այստեղ չէ, որ կա կեղծիք: Կեղծիքի տեղը քիչ առաջ ասացի՝ բանակը, վարչական ռեսուրսը, որը ոչ թե երբեւէ չի օգտագործվել, այլ երբեւէ այսպիսի գռեհիկ ձեւով չի գործածվել, ցուցադրաբար նման բան տեղի չի ունեցել:

Մենք այսօր հստակ գիտենք. ուզում է՝ պարտադրանքով, ուզում է՝ իր կամքով, Հայաստանում գոյություն ունեն բավականին մեծ թվով հասարակական խավեր, որոնք ունեն թուրք-ադրբեջանական քաղաքական կողմնորոշում: Ես չեմ խոսում էթնիկական ծագումի մասին: Վարպետ Մուկուչյանին էլ եմ թողնում եմ մի կողմ: Նրա նկարածը նրա խղճի վրա է: Եվ պատահական չէ, որ նա այդքան պահանջված եւ սիրված է բոլոր իշխանությունների համար:

Բայց այն խավին, այն անձանց, որոնք չեն գնացել այս արտահերթ ընտրություններին, կոչ եմ անում, որպեսզի գնան մյուս արտահերթ ընտրություններին: Այո, ապագա կա, մենք ունենք ապագա՝ անցնելու արտահերթերով: Արտահերթ ընտրությունների շարքը մենք դեռ չենք ավարտել, քանի որ այս մեկը չի լուծել կարեւորագույն պետական խնդիրները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930