Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման բան չի կարող լինել, դրանք հեքիաթներ են». ԲՀԿ-ականները հերքում են ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելը

Հունիս 28,2021 23:03

«Նման բան չի կարող լինել, ես համոզված եմ, որ դրանք հեքիաթներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Վարդան Վարդանյանը`անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններին: Վարդան Վարդանյանի համոզվածությունը գալիս է նրանից, որ նման բան (նկատի ունի ընտրակաշառքը-Ն. Գ.) չի եղել ընդհանրապես:

Հիշեցնենք, սակայն,  մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, Արարատի մարզի Ազատաշեն համայնքի ղեկավար Սարգիս Ս.-ն, 2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ձայներ ապահովելու համար ընտրակաշառք բաժանելու նպատակով, նույն մարզի Հայանիստ համայնքի բնակիչ Գեորգի Մ.-ին  տվել է 300.000 դրամ գումար: Ընտրությունների արդյունքներով պարզելով, որ չեն ապահովվել ակնկալվող ձայների քանակը, Գեորգի Մ-ից հունիսի 23-ին հետ է ստացել նշված գումարը: Գործի առիթով նյութեր են նախապատրաստվում:

ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մելքումյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ընտրակաշառքի մասին խոսակցությունները «անհեթեթություններ» է համարում. «Տեսեք ո՞ր թվերից են խոսում նման բաների մասին: Ի՞նչ է արդյունքում դուրս եկել. ոչ մի բան»:

Հիշեցնենք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվել էր: Նա մեղադրվում էր 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ: Ծառուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Գործը, սակայն, փակված չէ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս, խորհրդարանում հայտարարել էր, որ «հասկանալի պատճառներով» այն երկար է քննվելու:

Կոնկրետ նշված գործից Միքայել Մելքումյանը տեղյակ չէ, մանրամասներ չգիտե. «Իրավական գործընթաց կա, թող իրավաբանները զբաղվեն: Հատուկ մեկնաբանելու բան էլ չկա, բայց ԲՀԿ-ի մասով բացառվում է ընտրակաշառքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930