Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջնջխված վերջույթի, օձի խայթոցի, կայծակի հարվածի եւ անհետաձգելի մի շարք դեպքերի շտապ բուժօգնությունը Հ. Մանգոյանի «Նախահիվանդանոցային բուժօգնությունը» գրքում

Հունիս 28,2021 19:55

Նախահիվանդանոցային բուժօգնությունը մեր երկրում զարգացնելու նպատակով, որի անհրաժեշտությունը նկատվեց, հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո, Հարություն Մանգոյանի հեղինակությամբ լույս է տեսել «Նախահիվանդանոցային բուժօգնություն» մենագրությունը: Այսօր «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանում այդ գրքի շնորհանդեսն էր: Գիրքը նախատեսված է բոլորի համար, բայց բժիշկ Մանգոյանը, որը նաեւ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրենն է, ասում է՝ բոլոր ջանքերը ներդրվել են, որպեսզի այն լինի շտապօգնության բժշկի գործընկերը, որն իր հետ կվերցնի հերթապահության:

Հեղինակի խոսքով, հեղինակավոր աշխատություններում կա ամեն ինչ՝ գրականության ծավալուն վերլուծություն, տարբերակիչ ախտորոշման սպառիչ մոտեցումներ, բուժումներ եւ այլն, բացի ամենակարեւորից՝ գործնական բժշկին հուզող առօրյա աշխատանքային հարցերի պատասխաններից՝ ի՞նչ է պետք առաջնահերթ ձեռնարկել դեպքի վայր ժամանելիս, ի՞նչ անել մարդու վիճակի մասին տեղեկատվությունը թերի լինելու պայմաններում, ինչպե՞ս վարվել, երբ ոչ մի ախտորոշում չի համապատասխանում տվյալ իրավիճակին, ե՞րբ առաջարկել հոսպիտալացում, եւ երբ կարելի է չշտապել, ե՞րբ տարհանել եւ այլն։ Առաջին անգամ հայերեն ներկայացված են շուրջ 50 անհետաձգելի վիճակների գործելակարգերը:

Յուրաքանչյուր դեպքի համար բժիշկը մանրամասն նկարագրում է՝ նախահիվանդանոցային փուլում ինչպիսի շտապ օգնություն պետք է ցուցաբերել: Գրքում շտապ բուժօգնության տեսական եւ գործնական հիմնահարցերը լուսաբանվում են ապացուցողական բժշկության հիման վրա։ Ի դեպ, առաջին անգամ ներկայացվում են շտապ օգնության օդային տարհանման ցուցումները եւ տեխնիկան, ինչպես նաեւ՝ իրավաբանական եւ էթիկական հարցերը:

Օրինակ՝ այրվածքների դեպքում տուժածին պետք է հեռացնել այրվող կամ ծխով լցված տարածքից, պետք է հանգցնել կամ վրայից հեռացնել այրվող հագուստը, զարդեղենը, գիտակցությունը գնահատելու համար՝ ձայն տալ, զգուշորեն թափահարել ուսերից: Արգելվում է փորձել թեքել գլուխը կամ նստեցնել տուժածին: Ինչպես նաեւ վարակը կանխարգելելու նպատակով այրված մակերեսը ծածկել մաքուր, ոչ կպչուն վիրակապով եւ այլն: Նկարագրված են նաեւ մասնագիտական ցուցումներ՝ ինչպես գնահատել այրվածքի ծանրությունը, որքան պետք է լինի թթվածնի մատակարարումը, ինչպիսի ցավազրկում կատարել եւ այլն:

Ջնջխված վերջույթների դեպքում, որոնց պատճառ կարող են դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարները, բարձրությունից ընկնելը, բութ գործիքները, բարձր էներգիայով հրազենային վիրավորումները, ականապայթյունները, գրքում խորհուրդ է տրվում այն վիրակապի տեսակները, որոնցով կարելի է վերահսկել արտաքին ծանր արյունահոսությունը: Նկարագրվում է՝ ինչպես զննել ամբողջ մարմինը, կառավարել շնչուղիների անցանելիությունը, մարմնի ջերմաստիճանը, սրտի ռիթմերը:

Գրքից տեղեկանում ենք, որ թունավոր օձի խայթոցի դեպքում էլ արգելված է թույնի արտածծումը, վերքի շրջանում կտրվածքներ կատարելը, վերքի մշակումը կամ լվացումը, վերքի այրումը, ալկոհոլի ընդունումը, ճնշող վիրակապը:  Ըստ հեղինակի, օձի խայթոցից մոտ 10 րոպե հետո առաջանում է ճառագայթող բնույթի ուժեղ ցավ, խայթած մասն այտուցվում է, որը կարող է տարածվել. Առավել վտանգավոր են պարանոցի եւ գլխի շրջանի խայթոցները, քանի որ այտուցի հետեւանքով կարող են առաջանալ շնչուղիների անցանելիության խանգարում: Խայթոցից մարդու մոտ առաջանում է տագնապ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում եւ այլն: Նման դեպքում տուժածին պետք է պառկեցնել գլխատակը 300 աստիճան բարձր դիրքում, խայթած վերջույթն անշարժացնել ֆիզիոլոգիական դիրքում՝ սրտի մակարդակի վրա: Ցուցումներից է նաեւ հեռացնել բոլոր սեղմող, ճնշող հագուստները, կապերը, մատանիները եւ այլն, փորձել հնարավորինս ճշտել օձի տեսակը:

Կայծակի հարվածի դեպքում նույնպես մանրամասն ցուցումներ կան: Հեղինակը թվարկում է նաեւ կայծակահարմանն առնչվող մոլորություններն ու առասպելները: Ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը, երբ ասում են՝ կայծակից մահվան հիմնական պատճառն այրվածքներն են, տուժածի մարմինը հարվածից հետո լինում է էլեկտրականացված, վտանգավոր է միայն ամպրոպի օջախում լինելը, փակ տարածությունում լինելը 100 տոկոս պաշտպանություն է ապահովում կայծակի հարվածից, մեքենայում գտնվելն ապահով է՝ պայմանավորված ռետինե անվադողերի առկայությամբ, մետաղյա զարդերը կարող են մեծացնել կայծակահարման վտանգը եւ այլն:

Ըստ Հարություն Մանգոյանի, նախահիվանդանոցային բուժօգնության պարագայում միաձուլվում են բժշկական գրեթե բոլոր մասնագիտությունների գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի ժամանակի ու ռեսուրսների պակասուրդի պայմաններում փրկվի մարդու կյանքը եւ պահպանվի առողջությունը:

Հարություն Մանգոյանը նաեւ ԵՊԲՀ հետբուհական եւ շարունակական  կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչն է, առողջապահության նախարարության ուղեցույցների եւ գործելակարգերի հանձնաժողովի նախագահը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930