2020թ․-ի պատերազմի հերոսներից Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին՝ Մանիկ Աճեմյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր հրավիրել էր հարցաքննության, որի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում տիկին Աճեմյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Նահապետյանը տեղեկացրեց․ «Տիկին Աճեմյանն «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» աշխատակից է, եւ այդ հանգամանքով պայմանավորված՝ իրեն կանչել են ՀՔԾ։ Հայտնի է, որ «Հայաստան» դաշինքի թեկնածուներից պարոն Չարչյանի առնչությամբ քրեական գործ կա՝ վերջինիցս ծառայողական կախվածության մեջ գտնվող անձանց նկատմամբ այդ հանգամանքով պայմանավորված ընտրություններին մասնակցելուն հարկադրելու առնչությամբ։ Այս գործի շրջանակում տիկին Աճեմյանը վկայի կարգավիճակում հրավիրվել էր ՀՔԾ։ Նա չի ներկայացել, գնացել եմ ես եւ տեղեկացրել այն հարգելի պատճառների մասին, որոնցով պայմանավորված՝ տիկին Աճեմյանը չէր կարող ներկայանալ այսօրվա հարցաքննությանը»։
Հավելենք, որ հարցաքննության վերաբերյալ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, գրել էր․ «Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես, որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ եւ մյուսների դուռը՝ նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո’չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ