44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած զինվորների հարազատներն այսօր հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս հանդիպումից հետո Եղիշե Զաքունցը, որի քրոջ որդին է անհայտ կորած, լրագրողներին որոշ մանրամասներ պատմեց հանդիպումից։ Նա ասաց, որ պաշտոնական տվյալներով 261 անհայտ կորած կա, մասունքներ կան, որոնք դեռ չեն նույնականացվել, կան մասունքներ, որոնցից ԴՆԹ-ն անջատվել է, բայց նույնականացում չկա․ «Աշխատանքներ կան, որ պետք է կատարվեն, բայց մեր կարծիքով՝ դրանք շատ դանդաղ են կատարվում։ Մեր երեխան 9-րդ ամիսն է՝ անհայտ կորած է, եւ կարող եմ ասել, որ անհայտ կորածների, գերեվարվածների հետ կապված ոչ մի ճշտումներ, հստակ տեղեկություններ չկան։ Մենք առաջարկեցինք, որպեսզի ստեղծվի հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն երեք ծնող, երեք ներկայացուցիչ կառավարությունից, եւ որպես միջին անձ Բորիս Ավագյանը։ Պարոն վարչապետը հրաժարվեց միջին մարդ ունենալ եւ համաձայնվեց, որ լինեն երեք ծնող, երեքն անձ էլ կառավարությունից։ Անիմաստ է, ես չեմ գտնում, որ մի հանձնաժողով, որն անարդյունավետ է լինելու, արժե ստեղծել, որովհետեւ եթե կառավարությունը ինչ-որ բան կարող էր անել, մինչեւ հիմա պետք է արած լիներ, եւ եթե մեր ներգրավումն այնտեղ պետք է օգուտ չտա, չեմ կարծում, որ արդյունավետ է»։
Պարոն Զաքունցն ասաց, որ իրենք Փաշինյանին ասել են, թե այդ կազմով հանձնաժողովի մասին կմտածեն, քանի որ մյուս ծնողների կարծիքն էլ պետք է իմանան եւ հաշվի առնեն։
Նրա խոսքով՝ կան ծնողներ, որոնք կասկածներ ունեն, որ իրենց զավակները գերեվարված են․ «Կան փաստեր, բայց չեն ապացուցվում։ Ծնողների մեծ մասն, իհարկե, մտածում է, որ երեխաները գերավարված են։ Կան նաեւ հետախուզության թվերը, որը մեզ հույս է տալիս, որ երեխաները գերեվարված են»։
Եղիշե Զաքունցի կարծիքով՝ անհայտ կորածներին հայտնաբերելու, գերեվարվածներին վերադարձնելու պետական ջանքերը բավարար չեն, նույնիսկ՝ սխալ են, եւ կառավարությունը պետք է վերանայի իր աշխատանքը, շտկումներ կատարի․ «Եթե արդյունք չկա իրենց աշխատանքից, ուրեմն սխալ են անում մի բան։ Այնքան բան ենք լսել, թե ինչպես են գերեվարվածների հետ վարվում։ Ցավալի է, մենք պետք է բոլորի միասնական ներուժը ներդնենք խնդրի լուծմանը եւ կապ չունի՝ կառավարակա՞ն անձ է, թե՞ ոչ կառավարական»։
Կարդացեք նաև
Բորիս Ավագյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն երեք ծնողներ են խնդրել ներգրավվել այդ, այսպես կոչված համընդհանուր հանձնաժողովում․ «Հանձնաժողովում պետք է լինեինք ես, ԱԱԾ, ՊՆ եւ կառավարության ներկայացուցիչները։ Փաշինյանն իմ մասին ասել է՝ բացառվում է, եւ նրանք ինձնով դեռ պետք է զբաղվեն։ Դրա համար ցանկացած գործողություն իմ անձի նկատմամբ սպասում եմ, չեմ բացառում գործողությունների որեւէ տարբերակ եւ հետեւանքներ։ Բայց ցավալին այն է, որ ռացիոնալ զրույց չի ստացվել այդ հանդիպմանը։ Ծնողները դուրս են եկել դժգոհ, հրաժարվել են այս պահին հանձնաժողով ստեղծել առանց իմ ներկայության։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը չի ուզում համագործակցել, այդ դեպքում ես կարող եմ ծնողներին միայն հուշել, որ նրանք սպասեն նոր ԱԺ-ի կազմավորմանը, դիմեն եւ ստեղծեն պատգամավորական հանձնաժողով՝ ներառելով ծնողներին։ Եթե կառավարությունը չի ուզում համագործակցել այս ծնողների հետ, որոնց խնդիրն ութ ամիս է՝ չի լուծվում, այդ դեպքում պետք է գտնեն այլ քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են նրանց աջակցել։ Ցավալի է, որ դա գործադիր մարմինները չեն լինի, բայց ցանկացած դեպքում այդ հանձնաժողովը պետք է, որովհետեւ յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պետք է անհատական մոտեցում»։
Թե ինչ պետք է անի այդ հանձնաժողովը, Բորիս Ավագյանը պատմեց՝ գործողությունների մեծ ցանկ կա․ «Օրինակ՝ կան ԴՆԹ նմուշներ, որոնք համընկել են, սակայն ծնողները համարում են, որ իրենցը չէ։ Ես ասում եմ, որ դա պետք է օտարերկրյա մարմնին ուղարկել եւ այնտեղ ստանալ կրկնակի փորձաքննության պատասխան։ Ես ունեմ ծանոթ քաղաքացիներ, որոնց ԴՆԹ-ն համընկել է, ուղարկել են ՌԴ, այնտեղ չի համընկել։ Հանձնաժողովը պետք է ամեն մեկի դեպքով ստեղծի մի առանձին անձնական գործի նման փաթեթ, որպեսզի զբաղվի եւ պարզի, թե որտեղ կարող են լինել կամ չլինի։ Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ այս գործողությունները պետք էր անել ի սկզբանե։ Ես գտնում եմ, որ հիմա էլ դրա անհրաժեշտությունը կա»։
Հիշեցնենք, այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ անհայտ կորած զինվորների հարազատները բողոքի ցույց էին անում եւ պահանջում հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ