ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում անցկացնում է «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:
Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի շնորհալի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, որին հաջորդել է համերգ՝ երաժիշտ-կատարողների, պարային ու երաժշտական համույթների, անհատ-կատարողների մասնակցությամբ:
ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սերոբ Անտինյանը նշել է, որ մշակութային կրթությունը նախարարության գերակայություններից է, և «Մենք ենք, մեր մարզը» ծրագիրն իրականացվում է հենց այդ համատեքստում: Ծրագիրը կոչված է մանուկների և պատանիների շրջանում տաղանդների բացահայտմանը, մարզերում երեխաներին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն:
«Այս փուլում ծրագրում ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները՝ 40 մասնակից: Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն ունեն բացահայտելու իրենց ստեղծագործական շնորհն ու հնարավորությունները: Ծրագիրը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սերոբ Անտինյանը և հավելել, որ ծրագիրը շարունակական է, որի շրջանակում կներգրավվեն նաև ՀՀ մյուս մարզերի ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները:
Կարդացեք նաև
Նշենք, որ ծրագրի շրջանակում մարզաբնակ երեխաների համար կազմակերպվել են այցելություններ Երևանի մշակութային օջախներ. երեխաները կայցելեն Երևան քաղաքի պատմության թանգարան, կշրջեն Երևանում՝ «Երևան սիթի տուր» զբոսաշրջային ավտոբուսով:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ