Լրահոս
Օրվա լրահոսը

«Իզմիրլյան»-ը չի պարալիզացվել, մի ասեք նման բաներ»․ բժիշկները կրկին հավաք են անում

Հունիս 28,2021 18:01

«Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Չարչյանին սատարող բժիշկներն այսօր կրկին սպիտակ խալաթներով հավաք իրականացրին, այս անգամ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դիմաց ու պահանջեցին նրան կալանքից ազատ արձակել։

«Մենք չունենք քաղաքական գնահատական, չենք փորձելու քրեաիրավական հարթության վրա քննարկումներ անել։ Էլի խնդրել ենք, որ շատ չհավաքվեն մեր գործընկերները։ Այստեղ եկած բոլոր բժիշկները պատերազմի մասնակիցներից են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոս, վնասվածքաբան Սուրեն Սահակյանը։ Նա պատմեց․ «Ես էլ պարոն Չարչյանի հետ նույնպես խրամատում էի։ Հետո, երբ բժիշկների կարիք եղավ, աշխատեցինք։ Մեր բոլոր գործընկերները զգացել են պատերազմի խելագարությունը։ Մեզ օգնեցին մեր ուսանողները։ Պարոն Չարչյանին ազատությունից զրկելը նոր խելագարում առաջացրեց մեր մոտ։ Սկսեցի հիշել, թե քանի մարտական ընկերներիս եմ ծածկել սպիտակ սավանով, քանի ոտք եմ կտրել։ Հիմա խնդրում ենք՝ հնարավորություն տվեք մեր հիշողությունները հեռու տանելու եւ աշխատելու»։

Սուրեն Սահակյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի կալանավորված լինելու հանգամանքն ազդում է բժիշկների աշխատանքի որակի վրա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, թե «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» աշխատանքը կաթվածահար է։ Սուրեն Սահակյանը պատասխանեց․ «Բժիշկներից մեկն այսօր վեց վիրահատություն է կատարել, մյուսը՝ երկու։ Չի կարող լինել նման բան։ Մեզ որեւէ մեկը չի կարող խանգարել զբաղվել սուրբ գործով։ Խնդիրը սիրտն ու հոգին է։ Թույլ տվեք մեզ սրտով եւ հոգով բուժել։ Թող չասեն, թե մեր աշխատանքը պարալիզացված է, մի ասեք նման բաներ։ Մեր երկրին սերն է պետք վերադարձնել։ «Իզմիրլյան»-ը չի պարալիզացվել, աշխատում է ողջ կարողությամբ։ Արմեն Չարչյանի կաբինետի առաջ հերթեր են»։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930