Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր վարքագիծը կախված չի որեւէ այլ ուժի անել-չանելուց». «Պատիվ ունեմ» դաշինքը մենակ է դիմելու ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու

Հունիս 28,2021 17:47

«Պատիվ ունեմ» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր համարելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ ընտրություններին մասնակցող այլ ուժեր միացե՞լ են դիմումին, թե՞ դուք մենակ եք դիմելու՝ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պատասխանեց, որ առհասարակ քաղաքական ուժերը ընտրախախտումների հավաքագրման, իրավական տեխնիկայի մասով առանձին գործընթացով են աշխատում ու ՍԴ էլ առանձին են դիմում, բայց հետագայում ՍԴ-ն կքննի այդ գործը միացված, թե առանձին՝ զուտ տեխնիկայի հարց է:

Թե ինչ կարգի խախտումների հիմքով են դիմումը պատրաստել՝ Սոս Հակոբյանը մանրամասներ հայտնեց. «Դրանք հիմնականում այն խախտումներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք՝ սկսած վարչական ռեսուրսի չարաշահումից, երբ վարչապետի պաշտոնակատարը ընտրությունների փուլում շարունակեց իրականացնել կառավարության ղեկավարին վերապահված լիազորությունները, շարունակելով ունենալ այդ լիազորությունները: Նա հանդես էր գալիս բռնության կոչերով, ատելության խոսքով, մինչեւ ուղղակի հենց ուղերձը ամբողջ պետական ու համայնքային ապարատին՝ ըստ էության, իրականացնել բյուրոկրատական չարաշահումներ թե՛ հանրահավաքներին մարդ բերելու տեսանկյունից, թե մարդկանց ուղղորդելու եւ թե՛ ընտրությունների հավասար եւ արդար ընթացքը խաթարելու առումով, թե՛ ահաբեկման, վախի մթնոլորտ սերմանելով: Դուք ականատես եք եղել նաեւ, որ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ հստակ ու հետեւողականորեն սկսվեց քրեական հետապնդման փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում: Բազմաթիվ անձինք ձերբակալվեցին կամ ուղղակի ընտրությունների օրը մեկուսացվեցին, որոնց մի մասով արդեն դատարանները կայացրել են որոշում՝ ճանաչելով ազատությունը սահմանափակելը ոչ իրավաչափ, մյուս մասով ընթանում է դատական պաշտպանությունը փաստաբանների կողմից»:

Հարցին՝ դուք այդ խախտումների մասին արդեն բարձրաձայնել եք, ԿԸՀ-ն աչք է փակել ու դա չի համարել ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցած խախտումներ, հիմա ի՞նչ ակնկալիք ունեք ՍԴ-ից՝ Սոս Հակոբյանը պատասխանեց. «ԿԸՀ-ն վարչական մարմին է, ՍԴ-ն դատական ատյան է եւ, բնական է` պահանջները եւ սպասելիքները շատ ավելի բարձր եւ խիստ են դատական բարձր ատյանների նկատմամբ: Կարծում ենք, դատաքննության ընթացքում ՍԴ-ն իրապես իրավական պետության ողնաշարը ուղիղ կպահի եւ հանդես կգա որպես սահմանադրականության պաշտպան»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ամեն դեպքում դուք ակնկալում եք, որ ընտրություններին մասնակցած մյուս ուժերը նույնպես իրենց հավաքագրած խախտումները կմիացնեն ձեր դիմումին ու ավելի ուժեղ փաստարկներով կմտնեք դատարա՞ն, թե՞ ըստ էության, ձեզ համար մեկ է, ունեք բավարար տվյալներ՝ Սոս Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, լավ է, որ ցանկացած ընդդիմադիր ուժ, որոնք արձանագրել են խախտումներ, դրանք ներկայացնեն ներկա պահին արդեն ՍԴ, քանի որ վարչական մասը սպառվել է: Բայց «Պատիվ ունեմ» դաշինքը, անկախ ամեն ինչից ու բոլորից իրականացնում է իր առանձին գործընթացը թե՛ ընտրախախտումները ֆիքսելուց սկսած, մինչեւ արդյունքների բողոքարկելը: Մեր վարքագիծը կախված չի որեւէ այլ ուժի անել-չանելուց, մենք ունենք ինքնուրույնություն»:

Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասում է, որ երբ հայտարարում են, որ մանդատները վերցնում են, ուրեմն ընդունում են ընտրությունների արդյունքները, այդպես հայտարարել է, օրինակ, «Հայաստան» դաշինքը, համաձայն չե՞ք Մարուքյանի հետ՝ Սոս Հակոբյանը պատասխանեց. «Մենք չենք հայտարարել մանդատները վերցնելու մասին, մենք ուղղակի արձանագրել ենք, որ մանդատները չվերցնելու իրավական հետեւանք գոյություն չունի: Կա իրավական վեճ, բայց հստակություն, որ մանդատները չվերցնելը որեւէ ճգնաժամի կարող է հանգեցնել` չկա: Այս պարագայում եթե ՍԴ-ի որոշման արդյունքում փոփոխություն չլինի, կարծում ենք, ավելի արդյունավետ կլինի գործունեությունը շարունակել մանդատները վերցնելով: Բայց այդպիսի որոշում կարող է կայացվել միայն իրավական պրոցեսները սառելուց հետո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930