Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը. օրինափաթեթը կներկայացվի Արցախի ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը

Հունիս 28,2021 17:51

Հունիսի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:

Նախագծերը ներկայացրեց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե Արցախի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ նաև հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը և նպատակը (եթե դրանք գաղտնի չեն), գույքի օգտագործման դիմաց վճարելու և գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու) Արցախի Հանրապետության պարտականությունը, ինչպես նաև նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու ու ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվություն է սահմանվում՝ ազատազրկման ու տուգանքի տեսքով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորները հարցադրումներ են ուղղել հեղինակին, մտահոգություններ հնչեցրել ու հանդես եկել առաջարկներով: Քվեարկության արդյունքում խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինափաթեթը կներկայացվի ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930