«Այն, ինչ տեսնում ենք Բաքվի դատարանում, դա դատավարություն չէ, այլ իմիտացիա»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հայ ռազմագերիների վերադարձը՝ նրանց մեղադրանք առաջադրելուց հետո. ի՞նչ հնարավորություններ կան» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ընթացող հայ ռազմագերիների դատավարությանը:
Նա նշեց՝ Ադրբեջանը չի ապահովում այն նվազագույն իրավունքները, որոնցից կարող են օգտվել դատավարության մասնակիցները:
Նա նաև նշեց՝ երբեք չենք իմանա՝ արդյոք նրանք օգտվե՞լ են հակընդդեմ հարցման իրավունքից, որը չափազանց կարևոր է ու շարունակեց. «Մենք նույնիսկ չգիտենք՝ ովքեր են վկաները, կա մեղադրանքից պաշտպանվելու մոտ վեց իրավունք, որոնք հիմնարար են, որոնցից յուրաքանչյուրի խախտում դատավարությունը դարձնում է անիրավաչափ: Ադրբեջանը չի կարողանալու ոչ իր հասարակությանը, ոչ էլ միջազգային հանրությանն ապացուցել, որ այս իրավունքը տրամադրվել է: Հենց տրամադրի՝ գործը փլվելու է»:
Ըստ Արա Ղազարյանի՝ Ադրբեջանը կանգնած է երկընտրանքի առաջ՝ մի կողմից հասկանում է, որ այս իրավունքները պիտի ապահովի, բայց մյուս կողմից էլ գիտակցում է՝ հենց այս իրավունքն ապահովեց, ամբողջ միջազգային հանրությունն ու ՀՀ բնակչությունը հասկանալու են, որ դրանք կեղծ մեղադրանքներ են: Ադրբեջանը պիտի շարունակի դատավարությունը մինչև վերջ տանել, քանի որ ինչքան ձգձգի, այնքան իրավիճակը նրա դեմ է աշխատելու»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այդ դատավարությունը վիճարկելու հնարավորություն կա՞, Արա Ղազարյանը պատասխանեց. «Նման դատավարությունները երբեք չեն կարող լեգիտիմացվել: Աշխատում եմ Կարեն Ղազարյանի գործի վրա: Տեսնում եմ՝ Ադրբեջանն ինչ լուրջ խնդիրների առաջ է կանգնած Մարդու իրավունքների եվրոպական դատարանին համոզելու համար, որ այդ դատավարությունն արդար է: Նախևառաջ, այդ դատավարություններին չեն մասնակցում նրանց հարազատները, դա արդեն բավարար է, որպեսզի ուղղակիորեն ասել, որ խախտվել է հրապարակային դատավարության իրավունքը»:
Արա Ղազարյանը հայտնեց՝ ՄԻԵԴ-ն ասել է` թեև Ադրբեջանը չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ, բայց պարտավոր է համագործակցել քրեական գործի շրջանակներում: Ադրբեջանը պարտավոր էր ապահովել կապի միջոցներ, որ մեղադրյալները շփվեն իրենց հարազատների հետ: Սարիբեկյանի գործով դա չի արվել, և դա խախտում է: Պարզ է, որ այս դեպքում ևս դատարանը չի շեղվելու իր նախադեպային որոշումից»:
Հարցին կա՞ հնարավորություն, որ հայ ռազմագերիների դատավարությունն իրականացնի անկախ փաստաբանական խումբ, Արա Ղազարյանը պատասխանեց. «Տեսականորեն նման հնարավորություն կա, եթե Ադրբեջանի օրենքներով դա չի արգելվում: Բայց պատկերացրեք՝ Ադրբեջանը սարքել է 14 կամ 4 կեղծ գործ, որպեսզի կեղծիքը ջրի երես դուրս չգա, բոլոր մեղադրյալներին պահում,է բացարձակապես իզոլացված վիճակում, որ չշփվեն իրենց հարազատների հետ, էլ չեմ ասում, որ կարող է պատմեն, որ իրենց նկատմամբ ճնշումներ ու բռնություններ են եղել: Այնպես որ, կարող է իմիտացիա տեսնենք, բայց ոչ գործուն մասնակցություն օտարերկրյա փաստաբանների կողմից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ