Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խնդիր ենք դրել եւ այն կլուծենք մասնավորապես Ռուսաստանի շնորհիվ»․ Լեւոն Տեր-Պետրոսյան․ 1996թ․

Հունիս 28,2021 17:03
Levon Ter-Petrosyan

1996թ․ փակ հանդիպման ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հատված․

«Մենք պարտավոր ենք մարտունակ վիճակում պահել մեր բանակը, առավել եւս՝ հզորացնել եւ ամրապնդել այն։ Մենք սկզբից պայմանավորվեցինք մեր գաղտնապահության շուրջ։ Ես պետք է հայտարարեմ հետեւյալը։

Այսօր մեր բանակը կազմակերպված եւ մարտունակ է ավելի քան երբեւէ։ Ես նկատի ունեմ եւ Ղարաբաղի բանակը, եւ Հայաստանի բանակը։ Մենք երբեւէ չենք ունեցել ոչ նման թվակազմ, ոչ նման զինվածություն, ոչ նման կարգապահություն։

Եվս մեկ փաստ։ Մեր ամենածանր պատերազմը ես համարում եմ 1993-ի դեկտեմբերից մինչեւ 1994թ․-ի մայիսը, որն առաջին պատերազմն էր բանակների միջեւ։ Երկու բանակ չորս ամիս շարունակ կանգնած էին դեմ դիմաց, փոփոխական հաջողություններով չորս ամիս շարունակ վարեցին պատերազմ։ Դա ամենամեծ քննությունն էր մեր բանակի։ Նույնիսկ ավելի մեծ հաջողություն ես կհամարեի դա, քան ադրբեջանցիների խուճապի ժամանակ շրջանների գրավումը մեկը մյուսի հետեւից։

Գիտեք, այստեղ Ղարաբաղի բանակն ապացուցեց, որ բանակ է, որովհետեւ դիմագրավում էր կազմակերպված բանակին, որը թվով մի քանի անգամ գերազանցում էր իրեն։ Եվ, ըստ երեւույթին, շատերդ չգիտեք, որ մեզ գերագույն ճիգերով հաջողվեց դա պահպանել, մասնավորապես՝ զինամթերքով ապահովելու տեսակետից։ Ադրբեջանական հրանոթների տասը արկին մերոնք պատասխանում էին մեկով։ Դրանով էլ բացատրվում էր մեր տված շատ զոհերը։ Մեր կրակի խտությունը փոքր էր լինում։ Եվ այդ չորս ամսվա ընթացքում, ըստ էության, մենք չունեինք պաշարներ։ Ինչ որ ստանում էինք, անմիջապես հասցնում էինք ճակատ։

Այսօր մենք կարող ենք նման ինտենսիվությամբ պատերազմ վարել՝ նույն ինտենսիվությամբ, իսկ այդ չորս ամսվա պատերազմը շատ ինտենսիվ էր, ավելին, քան Աֆղանստանում։ Այսօր կարող ենք այդ ինտենսիվությամբ պատերազմ վարել 6 ամիս՝ չստանալով անգամ մեկ փամփուշտ։ Ահա այդպիսի զինամթերքի պաշար կա կուտակված։ Բայց սա քիչ է։ Մենք խնդիր ենք դրել ունենալ ստրատեգիական ռեզերվ՝ առնվազն երեք տարվա նման ինտենսիվության պատերազմի պաշար, եւ այս խնդիրը մենք կլուծենք, կլուծենք մեր բարեկամների շնորհիվ, մասնավորապես՝ Ռուսաստանի շնորհիվ»։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930