Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրդեհների թիվն ավելի քան 43%-ով ավելացել է. ԱԻՆ փրկարար ծառայությունն ամփոփել է ընթացիկ ամսվա աշխատանքները

Հունիս 28,2021 17:39
mes

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 28-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության գործունեության ամենամսյա արդյունքների ամփոփումը:

Մինչ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցը՝ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկայացրել է 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցված հաջողությունները: Նա տեղեկացրել է, որ հանրապետության տարածքում ուսումնասիրվել են 101 ապաստարաններ, ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը` Երևանում: Վերականգնվել են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև գործող ներքին հեռախոսակապի ու թվային ռադիոկապի օպտիկամանրաթելային կապուղիները, որոնք վնասվել էին Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում:

Հունիսի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45 784 զանգ. զեկուցել է կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 384 ահազանգ, որից 376-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1491 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 1013-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 707), իսկ 367-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 308):

Հրդեհների ցուցանիշի աճի հետ կապված Ա. Փիլոյանը հանձնարարել է խոտածածկ տարածքներում, անհրաժեշտության դեպքում, իրականացնել հսկվող այրումներ՝ հետագա մեծ հրդեհներից խուսափելու համար: «Այն վայրերում, որտեղ հրդեհը կարող է վնասել բնակչությանը, շինությունները կամ արտադրական ձեռնարկությունները, մենք ինքներս պետք է ցուցաբերենք որոշակի նախաձեռնություն»,- նշել է Ա. Փիլոյանը: Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել լողասեզոնի ընթացքում Սևանում հերթապահության իրականացմանը:

Հունիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Տավուշի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների օպտիմալացման վերաբերյալ հարցեր:

Նիստի ավարտին Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է Երևան քաղաքի փրկարարական վարչությանն այս տարի մայրաքաղաքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհների դեմ պայքարի և պատվաստումների գործում ակտիվ մասնակցության համար:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել