Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցում երբեմնի երիտասարդական այգին (առավել հայտնի է «Կոմսոմոլի այգի» անվամբ) վերածել են «Դոմուս»-ի պահեստի։
Կանաչ գոտին ոչնչացնելով՝ գյումրեցիների բառերով ասած «անֆասոն, անճոռնի» կառույց հիմնելը մեծ աղմուկ է բարձրացրել այս քաղաքում։
Որպես հովանավոր՝ շոշափվում է Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած անձանցից մեկի անունը, գյումրեցիներից շատերն էլ զայրացած ու վիրավորված են նման վերաբերմունքից, իրենց կարծիքը բացարձակապես հաշվի չեն առել, նույնիսկ հանրային լսում չեն անցկացրել։
Կարդացեք նաև
Նրանք պնդում են, որ ամեն ինչ անելու են պահեստը կանաչ գոտուց հեռացնելու համար: Այդ տարածքում է գտնվում տնտեսագիտական համալսարանը, ուսումնարաններ, դպրոցներ, այնտեղ ուսանողական՝ երիտասարդական միջավայր ստեղծելու փոխարեն նորօրյա իշխանությունները շարունակում են հների գործելաոճը։
Գյումրեցիների կողմից ստեղծված ֆեյսբուքյան տարբեր խմբերում թեժ քննարկումներ են այս թեմայով։ Քննարկողները պահանջում են անհապաղ ապամոնտաժել պահեստը ու քրգործ հարուցել նրանց նկատմամբ, ովքեր կանաչ գոտու գործառնական նշանակություն են փոխել՝ հանրային շահը ստորադասելով բիզնեսմենի անձնական շահին։
Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանն արձագանքել է մեր հրապարակմանը։
Նրա հանձնարարականով Aravot.am-ի՝ «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում, հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերնագրով հրապարակումն այսօր ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու պահանջով։
Այս մասին մեզ տեղեկացրեց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բարեւ Ձեզ: Որպես Գյումրի քաղաքի բնակիչ ԴԵՄ եմ նմանատիպ կառույցին: ԲԱն չունեմ ասելու թող կառուցեն բայց քաղաքից դուրս: Մեր քաղաքը առանց այն էլ փոքր է եւ նմանատիպ ոչ Ճարտարապետական արժեք չունեցող կառույցները արագ փչացնում են քաղաքի կոլորիտը: Առաջարկում եմ կառուցապատողին տեղափոխել Թբիլիսյան խճուղու վերջնամաս, այնտեղ ավելի լայն եւ ավելի հարմարավետ տարածք կա, որը կառուցապատողը կարող է օգտագործել ավելի նպատակահարմար: