Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհայտ կորած զինվորների հարազատները բողոքի ցույց են անում․ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Հունիս 28,2021 13:44

44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում, նրանք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից պահանջում են հանդիպել իրենց հետ։

Եղիշե Զաքունց

«Հարցեր ունենք, ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը, ե՞րբ է պատրաստվում բերել մեր երեխաներին, ի՞նչ ճանապարհներով, ե՞րբ սպասենք մեր երեխաներին»,-ասաց ցույցի մասնակից Եղիշե Զաքունցը։ Նրա քրոջ որդին հոկտեմբերի 12-ից անհայտ կորել է, որեւէ տեղեկություն նրա մասին չունեն։

«Ութ ամսից ավելի է՝ մեր երեխաներն անհայտ կորած են, մենք նրանց մասին ոչինչ չգիտենք, չգիտենք՝ քանիսն են անհայտ կորած, քանիսը՝ գերեվարված, ծնողները հուսահատ են։ Մեզ հարկավոր են հստակ քայլեր՝ ամեն օրը շատ կարեւոր է, պատկերացնում ենք՝ նրանց այնտեղ գտնվելու ամեն օրը ինչպիսին է, ինչպես են նրանց հետ վարվում»,-ասաց պարոն Զաքունցը։

«Տեսանյութեր կան, որտեղ մարմինները երեւում են, ուզում ենք հստակ իմանալ՝ ո՞ւր են տարել մարմինները, իմանանք՝ ադրբեջանական կողմի հետ բանակցելո՞ւ են, հասկանանք՝ ի՞նչ են արել մարմինները, կարողանանք ստանալ երեխաների մարմիները, հասկանանք՝ ովքեր են հավանական ողջերը»,-ասաց Եղիշե Զաքունցը։

Կառավարության շենքի մոտ ցույցի են եկել Շիրակից, Արցախից, Տավուշից, Երեւանից, ասում են՝ այլեւս հնարավոր չէ սպասել, նրանք խնդրին շուտափույթ լուծում են պահանջում։

Անհայտ կորածների հարազատներն ութ ամիս է ցույցեր են անում՝ է՛լ ՌԴ դեսպանատան մոտ, է՛լ Կարմիր Խաչի գրասենյակի մոտ, ոչ մի արդյունքի չեն հասնում։

Անհայտ կորած Նորայր Հայրապետյանը արցախցի է, նրա մայրն էլ այսօր կառավարության շենքի մոտ է, պատմեց, որ որդին հրետանու պետ էր․ «Հրաման էին կատարում, երբ ադրբեջանցները ոչնչացրել են ամբողջ վաշտը, ինքը մնացել էր մենակ։ Հոկտեմբերի 12-ից կապի է դուրս եկել, երկու օր ողջ է եղել։ Մենք համարում ենք, որ գերեվարվել է։ Ամիս 12-ից հետո երկու օր կապի է դուրս եկել ու դրանից հետո տեղեկություն չունենք»։ Մայրն ասում է՝ Արցախում բոլոր հնարավոր պետական գերատեսչություններին դիմել է, բայց ապարդյուն։

«Տեսանյութ ունենք, նմանեցնում ենք, մեր երեխան է։ Իսկ մեզ ասում են՝ կեղծ տեսանյութ է։ Կեղծ տեսանյութ լինո՞ւմ է»,-ասաց Նորայր Հայրապետյանի մայրը։

Էդիկ Արեւշատյանը եւ Եղիշե Զաքունցը

Էդիկ Արեւշատյանն էլ փնտրում է եղբոր որդուն, վստահ է՝ գերեվարված է․ «Ադրբեջանից հոկտեմբերի 17-ին նամակ ենք ստանում, որ մեր երեխան գերեվարված է ու գտնվում է հիվանդանոցում, մեզ Կարմիր Խաչն ու կառավարությունն ասում են՝ դա ապացույց չէ։

Անհայտ կորածների հարազատներն երեք օր առաջ են դիմել Կարմի Խաչի գրասենյակ, սակայն այստեղ էլ հուսադրող բան չեն ասել․ «Ասում են՝ մենք ոչ մի լծակ չունենք»։

Այս մարդիկ դիմել են ԱԱԾ, քննչական կոմիտե, ՄԻՊ, ՊՆ, ասում են՝ հիմա միակ ատյանը, որից կարող են հարցերի պատասխաններ ստանալ եւ պահանջ ներկայացնել, կառավարությունն է, չեն հեռանալու կառավարության շենքի մոտից՝ մինչեւ նրանց չընդունեն, չեն բացառում, որ նստացույցի էլ կդիմեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930