Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմերի համար գրված մեղեդիներից շատերը երաժշտական գլուխգործոցներ են. «Սիմֆոնիկ Հայֆիլմը» ֆիլմերի մեղեդիները հանրայնացնելու խնդիր է լուծում. Հարություն Արզումանյան

Հունիս 28,2021 12:34

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես եկավ «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրով։ Հնչեցին «Գիքորը» (Տիգրան Մանսուրյան), «Նվագախմբի տղաները» (Գևորգ Արմենյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Հին օրերի երգը» (Տիգրան Մանսուրյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Խնձորի այգին» (Ջիվան Տեր-Թադևոսյան), «Թթենի» (Արմեն Բոյամյան), «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Առաջին սիրո երգը» (Առնո Բաբաջանյան), «Ինչու է աղմկում գետը» (Արտեմի Այվազյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան), «Հուսո աստղ» (Էդգար Հովհաննիսյան), «Խոշոր շահում» (Յուրի Հարությունյան), «Մեր մանկության տանգոն» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Մենավոր ընկուզենի» (Մարտին Վարդազարյան) և այլ կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։ Երաժշտությունն ուղեկցվում էր կինոնկարներից հատվածների ցուցադրմամբ և լուսային շոուով։


Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Վերջինս նշեց, որ «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագիրն ավելի ցայտուն է դարձնում ֆիլմերի համար գրված մեղեդիները, որոնցից շատերը, ըստ դիրիժորի, երաժշտական գլուխգործոցներ են։ «Ֆիլմը դիտելիս, իհարկե, տպավորվում է երաժշտությունը, սակայն այդքան ուշադրություն չեն դարձնում պարտիտուրներին։ Նույն «Տղամարդիկ» ֆիլմը բոլորս այդքան սիրում ենք, սակայն հիմնականում կենտրոնացած ենք Քասախի կիրճի մոտ պարի կադրերի վրա։ Իսկ ֆիլմում հնչող գեղեցիկ երաժշտությունն այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ։ Այս ծրագրում հնչող մեղեդիները մեկը մյուսից գեղեցիկ են։ Հումորային կոլորիտ ունի «Թթենի» ֆիլմի երաժշտությունը, շատ թախծոտ է «Խոշոր շահում»-ի մեղեդին»,- նշեց մաեստրո Արզումանյանը՝ ավելացնելով, որ այս համերգային ծրագիրը ֆիլմերի մեղեդիները հանրայնացնելու խնդիր է նաև լուծում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 30-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը (հայաստանյան պրեմիերա) և հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։ Նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջուն Սան Պարկը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930