Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ այդ ամենը ներեցին Փաշինյանին, որ հանկարծ հները հետ չգան»

Հունիս 28,2021 13:30

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ասելիքի առանցքում ներքին համերաշխության հաստատումն էր։ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը պարբերաբար շեշտում էր՝ որեւէ ուժ չպետք է դառնա մեծամասնություն, նախկիններն ու ներկաները չպետք է հաղթեն, այլապես շարունակելու են միմյանց ոչնչացնել, այլապես ժողովուրդը կարտագաղթի: «Առավոտը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ։

– Պարոն Գորգիսյան, ինչպես հայտնի է, խորհրդարանում կլինեն միայն նախկիններն ու ներկաները։ Ձեր վերլուծությամբ՝ ինչո՞ւ հանրությունն ընտրությունների արդյունքում նախապատվություն չտվեց ձեր՝ համերաշխության եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորման օրակարգին։

– Հանրությունը բավականին դրական էր գնահատում համերաշխության մեր օրակարգը, եւ քարոզարշավի ընթացքում մենք դա փաստել ենք։ Սակայն վերջին օրը, երբ «Գելափ»-ի հարցումները փաստացի կեղծվեցին, որ Քոչարյանը հաղթում է, եւ այդ հուժկու հանրահավաքն արեցին, տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք ամիսներ առաջ։ Այդ ժամանակ Էդմոն Մարուքյանն էլ ելույթում ասել էր՝ նախկին ուժեր, Փաշինյանին թույլ մի տվեք վերարտադրվել, քաշվեք մի կողմ ու տեսեք, թե մենք ինչպես ենք նրան հաղթում։ Մեզ չլսեցին։ Եղավ այն, ինչ եղավ։ Մարդիկ վախենալով, որ հեսա հետ է գալիս……Մենք ընտրություններից հետո էլ ենք վերլուծություն արել։ Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ մարզերում քաղաքացիները մտել են մեր գրասենյակներ, ասել՝ «կներեք, մենք ձեզ էինք ուզում ընտրել, բայց որ տեսանք Քոչարյանը կարող է հետ գալ, գնացինք Նիկոլին ընտրեցինք, որ հանկարծ հները հետ չգան»։ Եվ այստեղ այդ հները մտածելու շատ բան ունեն, թե որքան վատն են եղել, ինչեր են արել, որ մարդիկ իրենցից այնքան էին վախենում, որ պատրաստ էին ներել Նիկոլին, որ պատրաստ էին ներել կովիդի, պատերազմի զոհերը, տարածքների կորուստը, պետական ինստիտուտների քանդումը, կրթական համակարգի ապականումը։ Մարդիկ այդ ամենը ներեցին Փաշինյանին, որ հանկարծ հները հետ չգան։ Այստեղ մտածելու բան կան։ Գուցե իրոք դուրս գային քաղաքական դաշտից եւ ասպարեզը թողեին նոր ուժերին, եւ մենք կարողանայինք նորմալ հաղթել Փաշինյանին։ Չեղավ դա։

– Ինչո՞ւ այդպես չեղավ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նրանք մտան քաղաքական պայքարի մեջ։ Մի՞թե չէին գիտակցում վերարտադրման հնարավորությունը։

– Կարծում եմ՝ գերագնահատեցին իրենց։ Փաստորեն, երկրում տեղի չունեցավ իշխանափոխություն, այլ տեղի ունեցավ ընդդիմության փոփոխություն։ Նախկինները դարձան ընդդիմություն, եւ սա Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ երբ Փաշինյանին ասեն, որ կրթական բարեփոխումները տապալել է, կհնչի պատասխան՝ բա դուք երեսուն տարի կրթության փողերը կերաք, բանակի փողերը կերաք… սա լինելու է բանավեճ ոչ մի բանի մասին։ Սա Նիկոլ Փաշինյանի «կոմֆորտի զոնան» է լինելու։ Սրանից ավելի լավ վիճակում նա չէր կարող լինել։

– Դուք գրել էինք, որ խորհրդարան անցած նախկին ուժերից թիրախավորում են ձեզ, պիտակավորում։ Ինչի՞ մասին է խոսքը մասնավորապես։

– Շատ զավեշտալի է։ Հիմա էլ փորձում են մեզ մեղադրել նրանում, թե մենք ինչ-որ կերպ վերարտադրեցինք Նիկոլ Փաշինյանին։ Եթե մենք այդքան ուժ ունենայինք վերարտադրելու նրան, գուցե մենք կանցնեինք ԱԺ։ Գիտեք, ողջ քարոզարշավի ժամանակ խոսում էին այն մասին, թե ով է ավելի տղամարդ, իսկ հիմա նրանք ուղղակի պետք  է տղամարդկություն ունենան իրականությունն ընդունելու, նաեւ՝ իրենց պարտությունն ընդունելու։ Դա նույնպես լուրջ տղամարդկություն է պահանջում։ Կարծում եմ՝ ԼՀԿ-ն իրեն շատ ճիշտ է դրսեւորել։ Երկրում ճգնաժամ էր, որն օր օրի խորանում էր եւ վերջում տանելու էր բախումների, եւ մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգով կանխեցինք բախումները։ Բոլոր այն ուժերը, որոնք բացառում էին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցելը, խելոք եկան ու մասնակցեցին, անցան ԱԺ, բայց շարունակում են կռվել արտախորհրդարանական ուժ դարձած ԼՀԿ-ի դեմ։ Երբեմն հաճելի է, որ մեր հետ շարունակում են կռիվ անել ԱԺ անցած ուժերը, բայց անիմաստ է։ Ուղղակի վախենում են, որ բոլորն իրենց մեղադրելու են Նիկոլ Փաշինյանին վերարտադրելու համար, եւ այդ վախերի պատճառով այլ մեղավորներ են փնտրում՝ անում են այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Նրանք արժանի են իրար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930