Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր հաստիքին ձայնի իրավունք վերապահելը եւ այդ ձայնը քննարկվող դեպքում հավակնորդի դեմ մեկնաբանելն օրենքի հակասահմանադրական մեկնաբանություն է:
Հայկ Երեմյանը 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրել դիմում: Օրեր առաջ` հունիսի 17-ին Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում հունիսի 10-ին գրավոր ընթացակարգով քննած «Հայկ Երեմյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 109-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի մասին տեղադրեց պաշտոնական կայքում: Գրավոր ընթացակարգով նիստեր անցկացնելու քաղաքականություն որդեգրելով՝ ՍԴ-ն հրապարակայնացման, օպերատիվ տեղեկություններ տալուց զրկում է ԶԼՄ-ներին:
Տեղեկացնեմ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը» ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին: Դատական օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի ակտերը եւ դրանց ընդունման կարգը» վերնագրով 94-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու եւ հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ»: Դատական օրենսգրքի «Բարձրագույն դատական խորհրդի ակտերը եւ դրանց ընդունման կարգը» վերնագրով 94-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 2020թ. մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով, որի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Օրենքի 94-րդ հոդվածում՝ 5-րդ մասի «գաղտնի քվեարկությամբ» բառերը փոխարինել «խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ» բառերով»։ Դատական օրենսգրքի` «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմումը եւ հաստատումը» վերնագրով 109-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, որում ընդգրկվում են անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները»:
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թիվը Սահմանադրության 174-րդ հոդվածով սահմանված թիվն է՝ տասը, եւ, հետեւաբար, երբ օրենքը որոշումներ կայացնելու համար պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն, անհրաժեշտ է առնվազն վեց «կողմ» կամ «դեմ» ձայն, օրենքի դրույթների զուտ քերականական մեկնաբանություն է, որի պարագայում հաշվի չի առնվել Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված՝ մարդու իրավունքները հարգելու եւ պաշտպանելու հանրային իշխանության պարտականությունը: Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր հաստիքին ձայնի իրավունք վերապահելը եւ այդ ձայնը քննարկվող դեպքում հավակնորդի դեմ մեկնաբանելն օրենքի հակասահմանադրական մեկնաբանություն է, քանի որ նման մեկնաբանությամբ ակնհայտ անհավասար պայմաններ են ստեղծվում այն հավակնորդների միջեւ, որոնք հարցազրույցի են մասնակցում մի դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասն անդամների, մյուս դեպքում՝ չհամալրված կազմի, իր դեպքում՝ ութ անդամների մասնակցությամբ, քանի որ առաջին դեպքում հարցազրույցի փուլն անցնելու համար անհրաժեշտ է ձայների 60%-ի, իսկ երկրորդ դեպքում՝ 75%-ի ապահովում. «Բարձրագույն դատական խորհրդի ամբողջական, համալրված կազմի բացակայության պայմաններում պետք է օրենսդրական այնպիսի կարգավորում նախատեսված լինի, որ քաղաքացու վերաբերյալ որոշում ընդունելիս այդ որոշման կայացմանը մասնակից չդարձած անդամների ձայներն ի սկզբանե չդիտվեն որպես դեմ, հակառակ դեպքում տեղ է գտնում անարդար մոտեցում, ինչն էլ բերում է Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման»:
Կարդացեք նաև
Ըստ պատասխանող կողմի` ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի, Աժ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանի եւ ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Մոսինյանի. «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայների առկայությունը համահունչ է Սահմանադրության 49-րդ հոդվածին եւ Սահմանադրական դատարանի կողմից այս սահմանադրական դրույթին տրված մեկնաբանություններին»: Նկատեմ, որ մինչ օրս նման «հրետանի» ԱԺ-ն չէր հանել գրավոր ընթացակարգով քննվող դիմումի համար:
Ըստ «մրցավարի»` ՍԴ իրավական գնահատականի. «Սահմանադրության 49-րդ հոդվածի ձեւակերպումներից հետեւում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորված է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այս իրավունքի իրականացման համար օրենսդիրը պարտավոր է ապահովել ընդհանուր հիմքեր՝ բացառելով որեւէ խտրականություն: Մյուս կողմից՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյանցից՝ կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից եւ հանրային ծառայության տեսակից: …Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այդպիսի հավասարակշռությունը ենթադրում է կոլեգիալ մարմնի նիստերին տվյալ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին, կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը։ Այսինքն՝ կոլեգիալ մարմնի նիստի իրավազորության առումով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում ժողովրդավարական պետությունում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը»:
Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ դիմողի կողմից բարձրացված խնդիրը՝ վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը, գտնվում է մի կողմից հանրային ծառայության անցնելու անհատական իրավունքի, իսկ մյուս կողմից՝ ԲԴԽ ձեւավորման եւ գործունեության վերաբերյալ սահմանադրական կարգավորումների տիրույթում։ Այսպես, սահմանելով ԲԴԽ կազմը եւ դրանում Ազգային ժողովի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների թիվը՝ հինգական անդամ (Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-3 մասեր), ինչպես նաեւ ԲԴԽ լիազորությունները՝ սահմանադիրն այդ լիազորությունների իրականացման ընթացակարգային մանրամասների սահմանումը, որպես ԲԴԽ գործունեության կարգի բաղադրիչ, պատվիրակել է օրենսդրին: Այսինքն, ԲԴԽ կազմում հավասարապես ներկայացված են օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից ընտրված անդամները, ինչով եւ շահեկանորեն ընդգծված է այս ատյանի ժողովրդավարական լեգիտիմությունը, որպես պետական իշխանության 2 ճյուղերի կողմից համատեղ ձեւավորված ատյան: Ըստ այդմ, Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածուի հավակնորդին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումներն այս ատյանի ձեւավորման վերը նշված նպատակին համահունչ կայացնելու համար օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված ԲԴԽ անդամների համաձայնությունը, ինչը տվյալ դեպքում ԲԴԽ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։ Սահմանադրական դատարանն արդարացված է համարում նման որոշումները ԲԴԽ առնվազն 6 անդամների «կողմ» ձայներով ընդունելու մասին օրենսդրի ընտրությունը:
Անդրադառնալով դիմողի կողմից բարձրաձայնած հանրային ծառայության անցնելու իր իրավունքին՝ ԲԴԽ չհամալրված կազմով որոշում կայացնելով միջամտության հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս առնչությամբ դիմողի փաստարկը հիմնված է իր հետ անցկացված հարցազրույցին ԲԴԽ անդամների ընդհանուր թվի (10 անդամի) մասնակցության դեպքում 6 «կողմ» ձայն հավաքելու հավանականության վրա։ Սահմանադրական դատարանը նման հավանականությունը չի համարում բավարար ԲԴԽ կողմից վիճարկվող իրավադրույթներով սահմանված կարգով որոշումների կայացմամբ անձի հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտությունը հաստատված համարելու համար, հետեւաբար, ըստ ՍԴ-ի՝ հակասահմանադրական ոչինչ չկա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Գրավոր ընթացակարգով գործերով միշտ չէ, որ նշվում է, թե ՍԴ անդամներից ով է եղել զեկուցողը: Ւնչպես այս գործով:
«Առավոտ» օրաթերթ
26.06.2021