Դասեր` «Գիրքը եւ ընթերցանությունը թվային դարաշրջանում» Ղրղըզստանում օրերս կայացած միջազգային կոնֆերանսից
ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ երկրորդ անգամ անցկացվող «Գիրքը եւ ընթերցանությունը թվային դարաշրջանում» խորագրով Ղրղըզստանում օրերս կայացած միջազգային կոնֆերանսին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ։ Մեր պատվիրակության կազմում էին գրական գործակալ, «ԱՐԻ» գրական հիմնադրամի տնօրեն Արեւիկ Աշխարոյանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռուս եւ համաշխահային գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լիլիթ Մելիքսեթյանը եւ բանասիրական գիտությունների թեկնածու, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։
«Առավոտի» հետ զրույցում Արեւիկ Աշխարոյանը հայտնեց, որ կոնֆերանսին յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր գրքի եւ ընթերցանության ոլորտի իր մարտահրավերները, հետո էլ մանրամասնեց. «Իմ զեկույցն, օրինակ, վերաբերում էր Հայաստանում ընթերցանության խթանման ծրագրերին։ Դրանք են՝ Գիրք նվիրելու օրը, Երեւանյան գրքի փառատոնը, Ընթերցանության օլիմպիադան, Գրքի գիշերը, «Զանգակի» ամառային ընթերցանությունը եւ «ԱՐԻկարդանք»-ը։ Ներկայացրել եմ նաեւ մեզ մոտ անցկացվող ընթերցանությանը խթանման մի շարք ակցիաների մասին»։
Հետաքրքրությանը՝ եւ ի՞նչ տպավորություն էր, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ կոնֆերանսի մասնակիցները տպավորված էին, ինչը արտահայտվել է իր ելույթին անդրադարձներով։ Մասնավորապես հնչել է այն միտքը, որ Հայաստանում բավական ակտիվ են ընթերցանությունը խթանելու համար տարվող միջոցառումները։ Տիկին Աշխարոյանը նաեւ հավելեց. «Հայաստանում իրականացվող ծրագրերի մի մասը ուղղված է գրքի վաճառքի խթանմանը եւ ակնհայտ է, որ զեղչերի արդյունքում գրքերը լավ են վաճառվում։ Իսկ դա նշանակում է, որ գրքի բարձր գինը ընթերցանությանը խոչընդոտող հանգամանքներից մեկն է եւ մեր պետությունը կարեւոր անելիք ունի այս հարցում, այն է՝ ազատել գրքի ոլորտը ավելացված արժեքի հարկից, ստեղծելով բարենպաստ պայմաններ գիրքը հասանելի դարձնելու համար։ Մյուս ծրագրերը, որ ներկայացրի, ուղղված էին դպրոցականներին եւ երիտասարդներին դեպի գիրքը, ընթերցանությունը հակելուն»։
Կարդացեք նաև
Դիտարկման առնչությամբ, թե ձեր կողմից մեկ-երկու անգամ անցկացված «ԱՐԻկարդանք»-ը ձեր խոսքերի հավաստումն է, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից, մեկ ամիս տեւողությամբ, երրորդ անգամ կանցկացնեն այդ միջոցառումը։ Հիշեցրեց, որ մասնագետները դպրոցականների հետ շփումներում ընթերցում են գրքեր, քննարկում դրանք, սովորեցնում երեխաներին տարբերակել կարեւոր եւ երկրորդական տեղեկատվությունը, հասկանալ տեքստի նրբությունները՝ գեղագիտական ու տեղեկատվական արժեքները, վերլուծել եւ քննարկել՝ արտահայտելով սեփական կարծիք։ Հավելեց նաեւ, որ ծրագրի շրջանակներում կազմակերպում են այցելություններ գրախանութ, հրատարակչություն, գրադարան, երեխաներին ներկայացնելով գրքի ոլորտի տարբեր ճյուղեր՝ ստեղծումից մինչեւ «շահագործում»։ «Իսկ ծրագիրը գործում է «Ընթերցողից՝ առաջնորդ» գաղափարախոսությամբ»,- ասաց Արեւիկ Աշխարոյանը։
Կոնֆերանսի խորագիրը մեծ հաշվով գրքի թվայնացմանն է վերաբերում, ի՞նչ հաջողություններ, գուցե թերացումներ են արձանագրվել մեզ մոտ։ Տիկին Աշխարոյանը պատասխանեց. «Ըստ էության թվայնացումը երկու նպատակ ունի. գրքի պահպանման եւ արխիվացման աշխատանքներ եւ գրքի տարբեր թվային ձեւաչափերով այն ներկայացնելը։ Առաջինի դեպքում կոնֆերանսի անցկացման օրերին տիկին Աննա Չուլյանը իր զեկույցում նշեց, որ շատ ակտիվ եւ ընդլայնված աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքում մենք բավական լավ դիրքերում ենք։ Երկրորդի դեպքում էլ հատկապես վերջին շրջանում բավականին աշխատանք է տարվում, ինչի արդյունքում հայ ընթերցողը հնարավորություն ունի կարդալ էլեկտրոնային գրքեր եւ ձայնագրքեր՝ տարբեր թվային կրիչներով։ Իսկ «Գիրքը եւ կրթությունը» խորագրով անցկացված կլոր սեղանի ժամանակ պրոֆեսոր Լիլիթ Մելիքսեթյանը իր զեկույցում ներկայացրեց այն նորարար մեթոդները, որով դասավանդվում է գրականություն մասնագիտական եւ ոչ մասնագիտական ֆակուլտետներում։ Պետք է փաստեմ, որ տիկին Մելիքսեթյանի զեկույցից տպավորված էին ԱՊՀ գործընկերները»։
Հարցրինք՝ կոնֆերանսի անցկացման օրերին եւ հետո մեր մասնագետները, գոնե «իրենց մեջ» խոսեցի՞ն բացթողումների մասին։ Տիկին Աշխարոյանը հայտնեց հետեւյալը, շեշտելով, որ դա իր կարծիքն է. «ԱՊՀ երկրներում կան ընթերցանությամբ եւ դրա խթանմամբ զբաղվող գիտական հաստատություններ, որոնց պակասն ունենք Հայաստանում։ Ընթերցանությունը ոչ միայն հաճելի ժամանց է, այլ ամենակարեւորը՝ միտքը զարգացնելու գործիք։ Հետեւաբար շատ է կարեւորվում վաղ տարիքից ընթերցելու հանգամանքը»։ Իսկ ի՞նչ նոր, կարեւոր գաղափար տվեց ձեզ կոնֆերանսը, ինչը կարելի է ներմուծել։ Այս հարցի առիթով գրական գործակալը նշեց ռուսաստանյան մի ծրագրի մասին, որը սովորեցնում է մայրերին, թե ինչպես երեխաներին «կապել» ընթերցանությանը վաղ տարիքից։ Տեղեկացրեց նաեւ, թե ԱՊՀ որոշ երկրներում արդեն գործում է ամերիկյան մի ծրագիր՝ «Մի գիրք, մի քաղաք», որի շրջանակներում ամբողջ քաղաքը որոշակի ժամանակահատվածում ընդամենը մի գիրք է կարդում, քննարկում, բանավիճում դրա շուրջ։ Դա համայնքը միավորող ազդեցություն է ունենում։
Արեւիկ Աշխարոյանը նաեւ տեղեկացրեց, որ վերջերս PISA միջազգային կազմակերպությունը, որն ուսումնասիրում է ընթերցանության, գրագիտության մակարդակը աշխարհում, հրապարակել է իր հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ առաջին տեղում Չինաստանն է, Ռուսաստանն այս պահին 32-րդ հորիզոնականում է… Ռեպլիկին՝ իսկ Հայաստա՞նը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստանն առայժմ բացակայում է։ «Անհրաժեշտ է ընթերցանությունը դիտարկել որպես կրթության բարելավման գործիք եւ այն օգտագործել իբրեւ կրթական բարեփոխումների հիմնասյուն»,- եզրափակեց տիկին Աշխարոյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2021