Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի տհաճ դրվագ գիտության չինովնիկի հետ հանդիպումից

Հունիս 28,2021 12:00

Լռելու այլընտրանքը պարզապես թողնել ու հեռանալն է Հայաստանից

ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեն կազմակերպել էր բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման  մրցույթ: Գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշը որոշվում է` ելնելով որոշակի չափորոշիչներից: Մասնավորապես, գիտական հոդվածներ, մենագրություններ, գիտաժողովներում տպագրված նյութեր եւ այլն:

Այժմ այս հոդվածի առարկա դարձած հարցի մասին. մասնակցել եմ գիտության կոմիտեի կողմից կազմակերպած ԱԳ 2021 մրցույթին` «Ինֆորմատիկա եւ համակարգչային գիտություններ» դասիչով, ծանոթացել եմ  փորձագետների եզրակացության հետ եւ ընդունում եմ դրա արդյունքները: Միեւնույն ժամանակ ինձ մոտ առաջացել է հետեւյալ բնական հարցը. ինչո՞ւ անհասանելի է մրցույթը շահած  մասնակիցների մասին ամբողջական ինֆորմացիան տվյալ դասիչով: Այդ հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով ես դիմեցի Գիտության կոմիտեի նախագահին` ներկայանալով պատշաճ ձեւով: Այս չինովնիկի պահվածքը իմ հանդեպ ավելի մեղմ խոսքերով, քան  հայտնի ռուսական ասացվածքն է` «Оставляет желать лучшего» չի կարելի գնահատել:

Ես առաջարկեցի նրան պահպանել վարվեցողության տարրական կանոնները, ինչին գիտության կոմիտեի նախագահի աթոռը զբաղեցնող այս անձնավորությունը պատասխանեց. «Ես էլ եմ կանգնած»: Ըստ էության խնդրահարույց հարցը ինձ չհաջողվեց քննարկել, քանի որ այս չինովնիկն անընդհատ կրկնում էր միեւնույն բառերը. «Մտադրված եք եկել կռվելու», «անձնական տվյալները չենք կարող տրամադրել», «նշե՛ք` ում դեմ եք բողոքում»:

Մի՞թե այս գործելաոճը խոսում է գիտության հետ որեւէ առնչություն ունեցող անձնավորության մասին: Ես նշեցի, որ մրցույթի հաղթողներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, ասեմ անկեղծ, հայտնի միջազգային պարբերականներում այդ ազգանունները չեմ էլ հանդիպել: Ի՞նչ է նշանակում, որ անձնական տվյալները չենք կարող տրամադրել: Արդյոք այս չինովնիկը հասկանո՞ւմ է` ինչ է անձնական տվյալը: Ավելացնեմ, որ անհրաժեշտության դեպքում այդ տվյալները հեշտությամբ կարելի է պեղել համացանցում, քանի որ դրանք բաց տվյալներ են: Հետեւաբար ինչո՞ւ է թաքցվում ամբողջական ինֆորմացիան: Ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ այս չինովնիկը հետաքրքրվեց, թե ես արդյոք ընդունո՞ւմ եմ փորձագետների եզրակացության արդյունքները իմ մասով: Ես պատասխանեցի, որ այո, ես դրանք ընդունում եմ, բայց իմ հարցը դրանց չի վերաբերում: Ըստ այս չինովնիկի, եթե ես ընդունում եմ փորձաքննության արդյունքները իմ մասով, այստեղ ուրիշ հարց չի կարող ծագել (հետաքրքիր եզրահանգում, իսկ ինչո՞ւ): Եթե չհրապարակվի ամբողջական ինֆորմացիա վերը դիտարկված դասիչով մրցույթի հաղթողների մասին, ես հակված կլինեմ ենթադրելու, որ մրցույթի արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը: Մեր երկխոսությունից ստացվում էր մի տպավորություն, որ այս չինովնիկը կա՛մ ունակ չէ հասկանալ, կա՛մ չի ուզում հասկանալ  բարձրացված հարցի իմաստը:  Ամեն դեպքում, չունենալով եւ ոչ մի հիմնավորված պատասխան բարձրացված հարցի կապակցությամբ, եւ պատճառաբանելով, որ ուներ հինգ րոպե ազատ ժամանակ, այս բարձրաստիճան չինովնիկը պարզապես փախավ իր աշխատասենյակից:

Իմ հարցի պատասխանը ես չստացա: Ավելին, ապրեցի մեծ հիասթափություն, քանի որ, ըստ իս, այս կարեւոր գիտական օղակը ղեկավարում է փողոցային բառապաշարով եւ անհասկանալի կրթական ցենզով  անձնավորություն: Այստեղ թվում է, թե կարելի է մեծ դասականի խոսքերը վերաձեւակերպել հետեւյալ կերպ.  «Ոչ թե գիտության կոմիտեի նախագահ, այլ գիտակործան պատուհաս»: Ես բարձրացնում եմ իմ ձայնը եւ հանդես գալիս այս հոդվածով` ի հեճուկս հայտնի ռուսական ասացվածքի` «После драки кулаками не машут», քանի որ ըստ իս՝ նման վայ-չինովնիկը իր գործելաոճով վարկաբեկում է պետության կարեւոր  ինստիտուտներից մեկը: Լռելու այլընտրանքը պարզապես թողնել ու հեռանալն է  Հայաստանից:

Մանուկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ֆիզիկամաթեմատիկական

գիտությունների թեկնածու, դոցենտ

Պատրաստ ենք տպագրել նաեւ խնդրի վերաբերյալ Գիտության կոմիտեի նախագահի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ
26.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930