ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանին չի բավարարել ԵԽ գլխավոր քարտուղարի պատասխանը հայ ռազմագերիների վերադարձի հարցով:
«Անկեղծ ասած՝ ոչ, ինձ չի բավարարել այդ պատասխանը, որովհետեւ կարծում եմ՝ գլխավոր քարտուղարը երկու հարցերը խառնեց իրար»,-«Առավոտի» հարցին՝ Ձեզ բավարարե՞ց այն պատասխանը, որը հնչեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի կողմից՝ կապված Ձեր հնչեցրած՝ հայ ռազմագերիների վերադարձի առիթով հարցի հետ, այսպես պատասխանեց Տաթեւիկ Հայրապետյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները հարցեր էին հղում ԵԽ գլխավոր քարտուղարին, մինչեւ հայ պատգամավորի հարցը ադրբեջանցի պատվիրակը եւս հարց էր հղել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, իսկ գլխավոր քարտուղարն այդ հարցերի պատասխանները միավորել էր:
Տաթեւիկ Հայրապետյանն այս առիթով ասաց. «Մենք բազմիցս նշել ենք հրապարակային եւ մեր առանձին հարցազրույցների ու հանդիպումների ժամանակ մեր միջազգային գործընկերների հետ, որ գերիների հարցը սակարկման առարկա չէ: Եթե խոսում ենք այլ հումանիտար խնդիրների մասին, խոսենք, քննարկենք, բայց փորձել հավասարեցնել ականապատ դաշտերի քարտեզների հետ կապված խնդիրը հայ ռազմագերիների հարցի հետ, անթույլատրելի է: Անթույլատրելի է նախ, որովհետեւ Ադրբեջանը պարտավորություն ունի վերադարձնել հայ ռազմագերիներին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով եւ նաեւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համաձայն: Ուստի դրանք համահավասարեցնելը մեզ համար անընդունելի է»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ նստաշրջանի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումն ավելացնելու հարցով, առաջիկայում ակնկալե՞լ ռազմագերիների վերադարձ հայրենիք, Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց. «Դժվարանում եմ գործնական քայլերի մասին որեւէ բան ասել, քանի որ մենք չենք, որ մասնակցում ենք ուղղակի բանակցությունների: Բայց միջազգային ճնշման առումով, որի կարեւոր գործիքակազմն է նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը, մենք առավելագույն ջանքեր ենք գործադրել այստեղ: Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովում այդ հարցերով քննարկում եղավ, զեկույց կա, հանդիպել ենք զեկուցողին: Ես իմ առաջ խնդիր էի դրել, որ պետք է զեկուցողն իմանա այն խոսակցության մասին, որ տեղի է ունեցել Էրդողանի կնոջ եւ Ալիեւի միջեւ: Կարեւոր էի համարում, որ նաեւ եվրոպական հարթակներում գիտակցեն, թե ինչ է կատարվում եւ ինչպես են փորձում քաղաքական նպատակներով այս խնդիրը մանիպուլացնել: Պետք է նաեւ նշեմ, որ հստակ ընկալում կա, որովհետեւ իմ ելույթից հետո բազմաթիվ պատվիրակներ մոտեցան, հարցրին, հետաքրքրվեցին: Կա ընկալում, որ հայ ռազմագերիները պիտի վերադառնան: Իսկ երբ ադրբեջանցի պատվիրակը հանձնաժողովի նիստերի ժամանակ «անզգույշ» քայլ ցույց տվեց եւ ասաց, որ մեր ռազմագերիները հանցագործներ են, դա բավականին բուռն ռեակցիա առաջացրեց բոլորի մոտ: Նույնիսկ մարդկանց արձագանքից կարելի էր հասկանալ, որ նրանք չեն ընկալում այդպիսի մոտեցումները»:
Տաթեւիկ Հայրապետյանը մտահոգված է՝ ականապատ դաշտերի թեման արհեստականորեն նետվեց դաշտ, եւ հետո ադրբեջանցիները փորձեցին այն համահավասարեցնել հայ ռազմագերիների հարցի հետ: Ըստ նրա՝ անընդունելի է հավասարության նշան դնելը: Սակայն մյուս կողմից նա նշեց, որ երբ փաստարկված ես խոսում, հասկանալի է դառնում, որ այդ հավասարեցումն ու նույն հարթության վրա դնելը տեղին չեն: Նա օրինակ բերեց այն, որ երբ հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատվիրակը խոսեց խաղաղության մասին, ինքն իր պատասխանում մեջբերել է Իլհամ Ալիեւի հայտարարությունները, եւ բոլորը հասկացել են՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2021